Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ-ում գրանցված են 10529 հաշմանդամներ

Դեկտեմբեր 5, 2009թ. 09:48

anvasaylak 2222Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում գրանցված հաշմանդամների թիվն այսօր կազմում է 10529:  Տոկոսային հարաբերությամբ` բնակչության ընդհանուր թվի մեջ դա զգալի մաս է կազմում: Բնականաբար, այս ոլորտին առընչվող խնդիրներն էլ ուշադրության եւ հոգածության համապատասխան մոտեցում են պահանջում` թե’ պետությունից,  թե’ հասարակությունից:

Այս ոլորտում պետական քաղաքականությունն իրականացնող լիազոր մարմինը սոցիալական ապահովության նախարարությունն է: Այստեղ առաջնահերթ խնդիրների թվում նշում են  ոլորտը կարգավորող եւ հստակեցնող  օրենսդրական դաշտի կատարելագործումը:

Ներկայումս այդ առումով առանցքայինը «ԼՂՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքն է:  Իսկ առանձին խնդիրներ կարգավորվում են առողջապահության, կրթության եւ մի շարք այլ բնագավառների վերաբերող օրենքներով եւ օրենսդրական ակտերով:

Սոցապ նախարարության լիազորությունները, սակայն, միայն այս ոլորտի  օրենսդրական դաշտի կարգավորումը չի սահմանափակվում: Աշխատանքները շատ ավելի ընդգրկուն են, վստահեցնում է սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Լենստոն Ղուլյանը:

Միանվագ դրամական օժանդակությանը զուգահեռ` կարեւորվում է նաեւ տարաբնույթ վերականգնողական  ծրագրերի իրականացումը: Հաշվառված հաշմանդամները, ըստ կատեգորիաների, սահմանված կարգով ապահովվում են անհրաժեշտ պարագաներով` թիկնասայլակներ, լսողական սարքեր եւ այլն: Իսկ արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամներին տրամադրվում են  ավտոմեքենաներ, ինչը, բնականաբար, իրականացվում է  բարեգործների աջակցությամբ:

Կարեւորվում է նաեւ հաշմանդամ քաղաքացիների հանգստի եւ բուժման կազմակերպումը: Ինչպես տեղեկացրեց սոցապնախարարի տեղակալը` 2009 թվականին 209 առողջարանային բուժման եւ 28 հանգստյան տների ուղեգրեր են հատկացվել  հաշմանդամ քաղաքացիներին: Սոցապնախարարի տեղակալը ոլորտում առկա գլխավոր խնդիրը զբաղվածության հիմնահարցն է համարում: Հատկապես արդի ազատ շուկայական տնտեսակարգի պայմաններում այս հարցն առանձին սրությամբ է դրված:

Խնդիրը որեւէ կերպ կարգավորելու մտահոգությամբ` սոցապնախարարության նախաձեռնությամբ տարաբնույթ ուսուցողական ծրագրեր են կյանքի կոչվում: Վերջնական լուծումը սակայն դեռ հեռու է:

Գալիք տարի կշարունակվեն սոցապնախարարության կողմից արդեն իրականացվող ծրագրերը: Տնտեսական ճգնաժամի պարտադրած դժվարությունները ոչ այնքան նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ծավալին, որքան այդ ոլորտում տարվող քաղաքականությանը կանդրադառնան:

«Անհրաժեշտ է ապահովել տրամադրվող աջակցության հասցեականությունը»,- համոզված է Լենստոն Ղուլյանն ու հավելում, որ դրա լավագույն երաշխիքը արժանահավատ փորձաքննությունը կլինի: Սակայն անգամ այս ոլորտում հնարավոր չէ խուսափել չարաշահումներից, ինչն արձանագրվեց վերջերս իրականացված վերափորձաքննության արդյունքում: Այդ վերաստուգումները շարունակական բնույթ կկրեն` ընդգրկելով առաջին հերթին պետական կառույցներում աշխատող եւ հաշմանդամի կարգ ունեցող քաղաքացիներին:

Մնում է հավատալ` որ այդպես էլ կլինի: Այդ դեպքում արդեն հարկ չի լինի երկար մտածել` ում հատկացնել պետական սուղ միջոցներից տրամադրվող  աջակցությունը: Չէ՞ որ մեր շրջապատում իսկապես քիչ չեն մարդիկ, ովքեր ոչ միայն պետական աջակցության, այլեւ պարզապես յուրաքանչյուրիս հոգածության կարիքն ունեն:

Նորայր Հովսեփյան

Ստեփանակերտ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն