Գլխավոր » Լրահոս

«Գնիր հայկականը»` աջակցիր ադրբեջանցիներին

Դեկտեմբեր 5, 2009թ. 13:10

armeniaand-karabakh1-2Օրեր առաջ ArmAr.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր Երևանում տարածված սոցիալական գովազդային վահանակների մասին, որոնցում ՀՀ և ԼՂՀ քարտեզները աղավաղված էին` Ադրբեջանին նվիրաբերելով Արցախի սահմանամերձ ազատագրված բոլոր  շրջանները: ArmAr.am-ի և հայկական մի շարք այլ  լրատվամիջոցների ջանքերով օրեր առաջ  ապամոնտաժվեցին «դրսի փողերով պատրաստված» (նախաձեռնության հեղինակների խոստովանությունն է, տես` Ապազգային ակցիա` ազգայինի անվան տակ) վահանակները: Նույն օրը Երևանի քաղաքապետարանը   պաշտոնական նամակ հղեց ArmAr.am-ի խմբագրությանը` շնորհակալություն  հայտնելով և խոստանալով արգելել նման հակահայկական նախաձեռնությունները:

«Այս հարցով Երևանի քաղաքապետարանը հետևողական կլինի նաև պատվիրատուի՝ «Հազարամյակների Մարտահրավերներ» ծրագրի նկատմամբ». սա մեջբերում էր նույն նամակի վերջաբանից։ Այստեղից էլ, սակայն, պետք է սկսել ամբողջ պատմությունը: Աղավաղված քարտեզներով վահանակների ապամոնտաժումից բառացիորեն 3 օր անց կրկին երևանյան փողոցներ վերադարձան նույն այդ սոցիալական գովազդները, այս անգամ սակայն մեկ «ճշգրտմամբ», նախաձեռնողները որոշել են առհասարակ անտեսել Արցախը. գովազդային պաստառների այս տարբերակում այն ամբողջությամբ բացակայում է: Այս անգամ, սակայն, դրանք խոշորածավալ վահանակների տեսքով չեն, այլ որ ավելի արդյունավետ է, փակցված են խանութների ցուցափեղկերին: Այս ձևով, հասկանալի է, հասարակությունն ավելի շատ է տեսնում տվյալ պատկերները, ենթագիտակցական կամ գիտակցական համակարգում ավելի լավ է տպավորվում այն, ինչ դրսի փողերով աշխատող կազմակերպությունները չկարողացան իրագործել արդեն հիշատակված ճանապարհներով:

Անհասկանալի բան է կատարվում մեր երկրի հասարակական կյանքում: Պարբերաբար հայտնվում են ինչ-որ խաղաղասիրական կազմակերպություններ, որոնք բացահայտ սեփական քարոզչություն են իրականացնում մեր երկրում: Տվյալ դեպքում հայ հանրությանը  հրամցվեց Հայաստանի աղճատված քարտեզը, որի նպատակն այն հակահայկական   քարոզի իրականացումն է, թե  ազատագրված հայկական հողերը պետք է վերադարձվեն  թշնամուն:

Թերևս մեզ կհակադարձեն, թե այդ պաստառներով ընդամենը գովազդվում է  հայկական տնտեսությունն ու նպատակն էլ  հայ արտադրողին խթանելն է: Նկատենք, որ սա ընդամենը արտաքին տպավորություն է, մինչդեռ  իրականում  այդ նախաձեռնության հեղինակները «գնիր հայկականը» գոռալով նպաստում են թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչությանը: Գուցե դա և՞ս նրանք չեն պատկերացնում…

Իսկ այդ քարզչության ակտիվ իրականացնողները «Հազարամյակների Մարտահրավերներ»-ի հայաստանյան ներկայացուցչությունն է`  «Էգա» դիզայներական կազմակերպության հետ համատեղ:

Մեզ մնում է նույն այդ  «խաղաղասեր» հակահայ նախաձեռնողներին հիշեցնել Արցախի տարածքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը. Մեջբերմ կատարենք հենց ՀՀ նախագահի պաշտոնական կայքից. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեւավորվել է ԽՍՀՄ փլուզման գործընթացում, ԽՍՀՄ պետական կառույցում ներառնված ազգային-պետական կազմավորման Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի  եւ հայաբնակ Շահումյանի շրջանի հիմքի վրա»: Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր դժվարանում են  լավ պատկերացնել  նշված տարածքները, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել ներկայացվող  քարտեզը:

Նաիրի Հոխիկյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն