«1news.az» ռուսալեզու կայքը հստակ աշխատում է հայ լսարանի վրա
Ուշագրավ է, որ համացանցում ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների հիմնական տարածողը ադրբեջանական «1news.az» ռուսալեզու կայքն է: Մինչդեռ` «day.az», «trend.az» գործակալությունների անգլերեն նորություններում ռազմատենչ հայտարարություններ չեք գտնի: Ինչի մասին է սա վկայում: Սա ունի շատ պարզ բացատրություն. ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմատենչ քարոզչության գլխավոր թիրախը Հայաստանն է ու Ադրբեջանի հասարակությունը: Մինչդեռ արևմտյան լսարանին Ադրբեջանն ամենևին էլ չի ցանկանում ներկայանալ որպես պատերազմի ջատագով: Հետևապես, «1news.az» ռուսալեզու կայքը հստակ աշխատում է Հայաստանի ու Ադրբեջանի ներքին լսարանների վրա, մինչդեռ «day.az»-ի ու «trend.az»-ի ընթերցողը Արևմուտքն է:
Ահա թե ինչու «1news.az»-ը գրեթե ամեն օր հայ ընթերցողին է «մատուցում» Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները: Ուրեմն հարկ է, որ վերոնշյալ ադրբեջանական կայքերից օգտվող հայ ընթերցողը գիտակցի, որ գործ ունի հստակ մշակված ադրբեջանական քարոզչության հետ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ղեկավարների ռազմատենչանքին, ապա դրանք առանձնակի ուշադրության արժանի չեն, մանավանդ որ հնչում են Ադրբեջանի համար քաղաքական, ռազմական ու տնտեսական անբարենպաստ զարգացումների համատեքստում:
ArmAr.am












