Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Թուրքմենստանը «հեռահար» ձգեց Ադրբեջանի ականջները

Օգոստոս 31, 2009թ. 15:01

Շուտով Թուրքմենստանը Կասպից ծովում կստեղծի ռազմածովային բազաներ: Այդ մասին երկրի Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտնել է նախագահ Գուրբանգուլ Բերդըմուհամեդովը: Նա նշել է, որ ցամաքային սահմանից բացի Թուրքմենստանն ունի նաև ընդարձակ ծովային սահման: «Այդ կապակցությամբ ներկայումս իմ հանձնարարականով իրականացվում են ծովային սահմանի և մեր երկրի կասպյան ափի պաշտպանության հատուկ աշխատանքներ, որոնք կպաշտպանեն մեզ` այլոց ոտնձգություններից»:

Բերդըմուհամեդովն ասել է, թե նախատեսվում է ծովի ավազանի վերահսկման ձայնաորսիչ և օպտիկական համակարգերի ստեղծում, հրթիռներով զինված նավերի ձեռքբերում: Թուրքմենստանի նախագահը հանձնարարել է ռազմական և իրավապահ նախարարությունների ղեկավարներին Կասպից ծովի ավազանում ակտիվ պայքար մղել ահաբեկիչների, հանցագործ խմբերի և բոլոր այն ուժերի դեմ, որոնք կփորձեն խախտել Թուրքմենստանի պետական ծովային սահմանը:

Նշենք, որ Կասպից ծովում ռազմական ներկայությունն ուժեղացնելու Թուրքմենստանի նախագահի որոշումը պայմանավորված է Ադրբեջանի տրամադրվածությամբ, Ալիևը հայտարարել էր Կասպյան ավազանին առնչվող վիճահարույց հատվածների հարցերը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Armar.am-ն արդեն առիթ է ունեցել իր ընթերցողներին ներկայացնել առկա խնդիրը: Բանն այն է, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն ստիպում է իր հարևաններին ուժեղացնել պաշտպանության համակարգը:
Եվ ահա, Ադրբեջանը կարծես սկսել է հասկանալ, որ իր ագրեսիվ քայլերը կարող են արժանանալ համարժեք հակահարվածի, քանզի ռազմածովային ուժերի հզորացման մասին Բերդըմուհամեդովի հայտարարությունը միանգամից արժանացավ Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքին: «Ադրբեջանը միշտ հանդես է եկել` Կասպյան ավազանին առնչվող հարցերը խաղաղությամբ լուծելու օգտին», – Trend News գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:
Armar.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`