Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան. «Ցավոք ես մինչ օրս չեմ տեսել Թուրքիայի կողմից պայմանավորվածությունների կատարման մեծ ցանկություն կամ ձգտում»

Օգոստոս 31, 2009թ. 16:08

BBC: Պարոն Նախագահ, արդյո՞ք կմեկնեք Թուրքիա՝ դիտելու երկու երկրների հավաքականների պատասխան հանդիպումը:
Սերժ Սարգսյան: Գիտեք,այս հարցը երկու պատասխան ունի: Առաջին պատասխանն այն է, որ իմ գնալը կամ չգնալն էական չէ: Ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք ֆուտբոլային հանդիպմանը գնալը չկապել Թուրքիայի հետ հարաբերությունների հետ: Հասկասնո՞ւմ եք: Պատկերացնենք առնվազն երկու տարբերակ: Ենթադրենք, որ մենք սառեցնում ենք Թուրքիայի հետ մեր բանակցությունները, և ես գնում եմ Թուրքիա՝ ֆուտբոլային խաղը դիտելու: Եվ երկրորդ տարբերակ. մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն ես չեմ գնում: Ո՞րն է առավել կարևոր: Ուզում եմ ասել, որ եթե դուք ձեր հարցը տալիս եք Թուրքիայի հետ բանակցությունների համատեքստում, եւ թե արդյո՞ք մենք կարող ենք մինչև հոկտեմբեր ինչ-որ արդյունքների հասնել, ահա թե ինչպիսին կլինի իմ պատասխանը:

BBC: Իսկ ի՞նչ քայլ եք դուք սպասում Անկարայից՝ բանակցություններն ապասառեցնելու համար:

Սերժ Սարգսյան: Ես երկու անգամ հայտարարել եմ այդ մասին և ասել եմ հետևյալը. ես կգնամ Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու, եթե մեր սահմաններն արդեն բաց լինեն կամ եթե մենք դրա նախաշեմին լինենք: Այսինքն, եթե թուրքերը կատարեն մեր պայմանավորվածությունները, դա մի բան կլինի, իսկ եթե չկատարեն՝ մեկ այլ բան: Մենք պայմանավորվածություններ ունենք: Կարծում եմ, նորմալ և ճիշտ ուղին այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվածությունները: Ցավոք սրտի, ես մինչ այժմ այդ պայմանավորվածությունները կատարելու առանձնապես մեծ ցանկություն կամ ձգտում չեմ նկատել: Մեր ցանկությունը մնում է նույնը՝ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:

BBC: Արդյո՞ք դուք պատրաստ եք փոխզիջումների գնալ 1915թ. դեպքերի հարցում և , արդյո՞ք Թուրքիան այն կճանաչի որպես ցեղասպանություն:
Սերժ Սարգսյան: Բնականաբար, դա շատ կարևոր է. կարևոր է մեր ժողովրդի համար, կարևոր է Թուրքիայի և ամբողջ աշխարհի համար: Կարևոր է, որ պատմական արդարությունը վերականգնվի: Կարևոր է, որ մեր ժողովուրդները կարողանան նորմալ հարաբերություններ հաստատել: Կարևոր է, վերջապես, որպեսզի ապագայում դա չկրկնվի: Սակայն մենք Ցեղասպանությունը չենք դիտարկում որպես հարաբերությունների հաստատման նախապայման:

BBC: Այսինքն գոյություն ունի՞ փոխզիջման հնարավորություն։
Սերժ Սարգսյան: Ոչ, դա չի կարելի փոխզիջում անվանել։ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել փոխզիջման մասին։ Մենք ասում ենք, որ, այո՛, եղել է Ցեղասպանություն, և անկախ նրանից, կճանաչի Թուրքիան, թե՝ ոչ, սա փաստ է, որն ընդունվել է աշխարհում ցեղասպանությունների խնդիրներով զբաղվող բոլոր մասնագետների կողմից, ճանաչվել է աշխարհի բազմաթիվ երկրների կողմից։ Սակայն այս պարագայում մենք դա չենք համարում որպես նախապայման թուրքերի հետ հարաբերությունների հաստատման համար։

BBC: Բայց ամեն դեպքում դա խանգարում է Թուրքիայի հետ ձեր հարաբերություններին։ Մի մարդ, ում հետ ես խոսել եմ Երևանում, հետևյալ համեմատությունն է արել. երբ դուք մեքենա եք վարում, դուք պետք է վերահսկեք այն, ինչ կատարվում է ճանապարհին՝ ձեր հետևում, դրա համար էլ պետք է ժամանակ առ ժամանակ հայելիով հետ նայել։ Սակայն կարևորն առջևում ընկած ճանապարհն է։ Որքանո՞վ է այս համեմատությունն արտացոլում իրավիճակը։

Սերժ Սարգսյան: Ճիշտ է։ Ես հասկանում եմ, թե ինչ է ցանկացել ասել այդ մարդը։ Նա ասում է, որ մենք պետք է մեր հայացքներն ուղղենք դեպի ապագա։ Բայց նա նաև ասում է, որ մենք իրավունք չունենք մոռանալ անցյալը։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`