Երբեք ոչ մի թիզ հող չի ազատագրվել հետագայում սակարկման առարկա դառնալու նպատակով
Սրանում պետք է վստահ լինի յուրաքանչյուր հայ, որքան էլ խոսեն տարածքների հանձնման կամ փոխզիջումների մասին: Պատերազմում հաղթած երկիրը երբեք չպետք է զիջի իր դիրքերը, հատկապես, եթե արյան գնով վերադարձրել է իր հայրենիքի տարածքները:
Այն դեպքում, երբ այլևս ավելորդ է խոսել Ղարաբաղյան խնդրի մասին (այս հարցը մենք քսան տարի առաջ ենք լուծել` ստեղծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը), որոշ մարդիկ, ինչպես բնորոշում է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, փորձում են գնալ քաղաքական ինքնասպանության ճանապարհով: Այդպիսիք հերիք չէ, որ խոսում են որոշ տարածքների հարցում զիջման գնալու մասին, ավելին` խաթարում են պատերազմի ողջ տրամաբանությունը` ասելով, թե տարածքներ ազատագրում էինք` նախապես պլանավորելով դրանք հետագայում սակարկելու ծրագիրը:
Հիմա դժվար է գտնել նրանց, ում մոտ հղացել է հայրենիքի տարածքներով առևտուր անելու «փայլուն» միտքը, բայց մի բան հստակ է. երբեք ոչ մի թիզ հող չի ազատագրվել հետագայում սակարկման առարկա դառնալու նպատակով:
Պատերազմի մասնակից, նկարիչ Մկրտիչ Տոնոյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ռազմի դաշտում ինչ տրամադրություն էր տիրում, և արդյո՞ք, հնարավոր էր այդ կերպ ծրագրել իրադարձությունները. «Երբեք ճակատում ոչ մի զինվորից, սկսած ամենաանկիրթից մինչև մտավորական, ես նման «խորամանկ ու առաջադեմ» միտք չեմ լսել, թե հիմա սա վերցնենք, որ հետո դրանով սակարկենք: Ավելին` կամավորականների 90 տոկոսը վարում էր Արևմտյան Հայաստանի կորուստի կռիվը ու անընդհատ մտածում էր` այս մեկը վերջացնենք, գնալու ենք Վան, գնալու ենք Սասուն, գնալու ենք Մուշ: Կային համանուն ջոկատներ` սասունցիների, վանեցիների, մշեցիների … նրանք իրենց Մուշի, Սասունի ու Վանի կռիվն էին տալիս»:
Արցախյան պատերազմն առանձնահատուկ էր: Ինչպես Մկրտիչն է բնորոշում, դա ասպետական պատերազմ էր (կոչվում է նաև ոգու կռիվ): Ռազմի պատմության մեջ նման ձևակերպում է ստացել այն պատերազամը, որտեղ զինվորը նայում է ոչ թե թշնամուն, այլ նրանից էլ վեր:
«Մեր կռիվն Արցախում մեր ժողովրդի ժառանգական թշնամու դեմ էր, և բացառվում է, որ նման կերպ ծրագրավորված լիներ:
Ժառանգական թշնամու հետ զուգահեռ մեզ էր փոխանցվել նաև մի տեսակ վախի ժառանականությունը, վախ այն բանից, որ թուրքերը մեր պապերին կոտորում էին… Մենք նաև դրա դեմ էինք կռվում»,- շարոնակում է Մկրտիչը:
Իսկ այն հարցին, թե ինչու դադարեցվեցին մարտերը, այսօր ոչ ոք չի կարողանում պատասխանել: Միայն մի բան պարզ է. մեր մարտիկները պատրաստ էին գնալ մինչև վերջ. «Բոլոր ազատամարտիկները վստահ էին, որ պիտի գնանք Գանձակն էլ ազատագրենք ու հասնենք Բաքու: Իսկ ճանապարհին պայմանագիրն այնպես պիտի կնքվեր, որ Քուր-Արաքսյան հովիտը Արցախի հետ ճանաչվեր անկախ, և դրանից հետո միայն մենք պատերազմը պիտի դադարեցնեինք:
-Բայց մեր պատերազմն ընդհատվեց: Երբ կռիվը դադարեցնելու հրաման եկավ, ոչ ոք չէր ուզում կանգնել, բոլորը զգում էին, որ կռիվը կիսատ է մնալու,- ասում է Մկրտիչը:- Դա այն դեպքում, երբ ամենածանր ու դժվար տարիներն էին` կռվի վերջն էր. ռազմաճակատից անընդհատ դիակներ էին բերում, հոսպիտալներում, նույնիսկ անատոմիկներում տեղ չկար, իսկ ճակատում ավելի ծանր վիճակ էր: Բայց ոչ ոքի մտքով չէր անցնում կռիվը կիսատ թողնել»:
Ահա այսպես են մեր ազատամարտիկներն ընդունել հրադադարի մասին լուրը` մարտերից հոգնած, բայց պատրաստակամ` ազատագրելու հայրենիքի այն տարածքները, որոնք դեռ գտնվում են թշնամու ձեռքում:
Ուրեմն, ինչպե՞ս կարելի է այսօր առևտուր անել ազատագրված հողերով, երբ մեր կռիվը դեռ կիսատ է: Կիսատ է մնացել նաև այն պատճառով, որ մենք չենք ազատագրել Նախիջևանը:
Դա է ասում նաև նկարիչ-ազտամարտիկը. «Ամեն մի երրորդ կռվող ափսոսանքով է խոսում այդ մասին: Մենք պե’տք է ազատագրեինք Նախիջևանը: Այո’, պիտի ազատագրեինք` մի վայրկյան իսկ չմտածելով հետագայում դրանով առևտուր անելու մասին…»
Հողերի այս առուծախի մասին խոսակցությունները Մկրտիչը նաև վտանգավոր է համարում, չէ՞ որ գալիք սերունդը դրանից կհիասթափվի և կընկճվի` տեսնելով իր նախորդների թափած արյուն-քրտինքը և թե ինչպես է այն դառնում սակարկման առարկա:
Պետք է հիշել ու հիշեցնել` Ղարաբաղը մեր հայրենիքն է: Մեր հայրենիքի ոչ մի թիզ հող չի ազատագրվել հետագայում սակարկման առարկա դառնալու նպատակով
Անի Աբովյան












