«Եթե լինի արհեսավարժ մարդկանց ամենօրյա աշխատանք , ապա շատ մոտ ապագայում Հայաստանը կարող է դուրս գալ տնտեսական ճգնաժամից»
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ
–Պարոն Մանասերյան, ըստ ՀՀ կառավարության ներկայացուցիչների տվյալների, տարեվերջին Հայաստանի տնտեսության անկման ցուցանիշը կլինի 10-15 տոկոս, մինչդեռ շատ տնտեսագետներ, քաղաքական գործիչներ տարբեր եզրակացություններ են ներկայացնում, առավել իրատեսական համարելով 20 տոկոս անկումը: Ձեր կարծիքով, ի՞նչ է սպասվում մեր տնտեսությանը եւ որքանո՞վ են իրատեսական նման կանխատեսումները:
-Ընդհանուր առմամբ` կարելի է ասել, որ ակնհայտ է տնտեսական անկման միտումը: Ես միայն կհավելեի, որ կանխատեսումները`թե’ հոռետեսական, թե’ լավատեսական , այնուամենայնիվ, իմ համոզմամբ, դեռ անկման վերջին կետը չեն գրանցել: Ցավոք, պետք է նշեմ, որ դեռ տնտեսական անկման միտումներն ակնհայտ են: Ե±րբ դա կանգ կառնի` լավագույն դեպքում, եթե ամեն ինչ գնա ցանկալի ուղղությամբ, եթե ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցները` ոչ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու, այլեւ Հայաստանին բնորոշ առանձնահատուկ պայմաններում նաեւ շտկելու իրավիճակը, այդ պարագայում, կարծում եմ, որ 2011-ի վերջին կարող է նկատվել անկման տեմպերի նվազում , միգուցե և զրոյացում:
–Մեկ ամիս առաջ ասացիք, որ տնտեսական անկումը տարեվերջին երկնիշ թվով է արտահայտվելու, կպարզաբանեք, թե որքա±ն կլինի այն:
-Նման կանխատեսումներ անելը ճիշտ չէ, ինչո±ւ, որովհետեւ այժմ ԱԺ-ում կքննարկվի նաեւ բյուջեի կատարողականը`առաջին վեց ամիսների համար, որը ցույց կտա, թե որքանով են իրատեսական այդ ծրագրերը եւ ի՞նչ արդյունք են տալիս այդ միջոցառումները: Միայն այդ պարագայում կարող ենք դատողություններ անել, եւ տեսնել, թե իսկապես կարո՞ղ է արդյոք անկումը լինել ավելի զուսպ, թե՞ կարող է լինել ավելի մեծ տեմպերով:
–Կառավարության ներկայացուցիչներն` ի դեմս ֆինանսների նախարարի, նշում են թե հակաճգնաժամային քայլերն արդեն տեսանելի են: Դուք ի՞նչ կասեք այդ մասին:
-Ես ընդամենը կարող եմ ասել, որ եթե ՀՀ ֆինանսների նախարարը տեսնում է դա, շատ ողջունելի է. ես ինքս չեմ կարող մանրամասնել եւ մեկնաբանել` առավել եւս ֆինանսների նախարարի խոսքը:
–Համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանում ի±նչ ազդեցություն ունեցավ հասարակ քաղաքացու վրա:
-Ազդեցությունը բոլոր խավերի վրա է զգալի: Հասարակ քաղաքացին` սոցիալական առումով պաշտպանված չէ: Եթե ուշադրություն դարձնեք` աշխատուժի շուկայում միտումները բնավ լավատեսական չեն եւ այս առումով հասարակ քաղաքացին է դրանից տուժում: Գնողունակությանը բավական լուրջ հարված է հասցվել, սպառողական զամբյուղի համար, բնականաբար, շատ ավելի միջոցներ այսօր անհրաժեշտ: Իսկ բարելավման միտումները դեռեւս չեն երևում:
–Տնտեսական առումով ի±նչ է սպասվում Հայաստանին 2010-ին:
-Դա կախված է նրանից, թե 2010-ին ինչպիսի± կառավարություն կունենանք, կառավարության ինչպիսի ծրագրեր եւ քայլեր կմշակվեն: Այսինքն, թե կառավարությունն ինչպիսի ուղեգիծ կորդեգրի, նաեւ` ովքեր կլինեն կառավարությունում, գիտեք`ոչինչ չի կարելի բացառել: Չի կարելի ասել, որ այս կազմը 10 կամ 5 տարի կպաշտոնավարի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ ուղղեգիծ է որդեգրվում `նախ եւ առաջ տնտեսական քաղաքականության առումով: Դա ավելի կարեւոր է, քան թե ովքեր , կամ ինչ անձինք են լինելու: Ես այդ ինտրիգներով շատ հրապուրված չեմ`թե ո±ւմ կհանեն, ո±ւմ կնշանակեն: Ինձ համար ավելի կարեւոր է, թե ինչ արդյունք կարելի է ապահովել նպաստելով երկրի զարգացմանը: Այնպես որ, 2010-ը թեեւ ընդամենը մի քանի ամիս է մնացել, բայց բազմաթիվ հարցականներ կան եւ մինչ մենք չծանոթանանք կառավարության հաշվետվությանը, թե ի±նչ է արվել այս դժվարին փուլում, չի կարելի դատողություններ անել:
Գիտեք, թեև շատ դժվար է իրավիճակը, բայց կարծում եմ, որ եթե բանիմաց, արհեստավարժ մարդկանց ամենօրյա աշխատանք լինի , ապա շատ մոտ ապագայում Հայաստանը` մեր նման վիճակում հայտնված երկրների համեմատությամբ, կարող է առաջիններից մեկը դուրս գալ տնտեսական ճգնաժամից:
– Ստացվող վարկերի արդյունքները, ե՞րբ տեսանելի կլինեն Հայաստանի տնտեսության համար :
-Ես ուզում եմ հիշեցնել, որ արտաքին պարտքն` ըստ համաձայնությունների, որոնց տրանշները տարբեր ժամկետներում պիտի ստացվեն, գերազանցոմ է 4 միլիարդ դոլարը, որի զգալի մասն արդեն ստացել ենք, մնացած տրանշները պիտի ստացվեն մոտ ապագայում: Այսինքն` 4 միլիարդն այս պայմաններում բավական լուրջ պատասխանատվություն է դնում պետության եւ կառավարության ուսերին: Ես դա չեմ անվանի մեծ տնտեսական սպառնալիք տնտեսական անվտանգության առումով , եթե դրանք նպատակին ծառայեն եւ ամսեամիս հաշվետվություններ ներկայացվեն այն կառույցների կողմից, որոնց տրամադրել են այդ վարկերը: Առավել արդյունավետ կլինի, եթե կառավարությունը` ցանկացած վարկ ստանալուց առաջ դրա նպատակահարմարության մասին տեղեկացնի և’ Ազգային ժողովին, և’ հանրությանը: Վարկերի առումով որոշումների ընդունման թափանցիկությունը ես համարում եմ գերխնդիրներից մեկը:
Նաիրի ՄՈՒՐԱԴՅԱՆ












