Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննարկելու է խորհրդարանում միակ քրդական կուսակցության փակման հարցը
Թուրքիայի սահմանադրական դատարանը դեկտեմբերի 8-ին պետք է քննարկի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հայցը։ Խոսքը վերաբերում է մի կուսակցության մասին, որը այսօր 21 տեղ է զբաղեցնում Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում:
Շեշտենք, որ կուսակցությունը փակելու փորձեր բազմիցս են եղել:
Հայցը, որը քննարկվելու է վաղը, ներկայացվել էր դեռևս 2007թ. երկրի գլխավոր դատախազության կողմից: Կուսակցությանը մեղադրվում է «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապեր ունենալու մեջ: Մեղադրական հայցում կուսակցությունը փակելուց բացի նաև պահանջ կա` թույլ չտալ կուսակցության ղեկավար Ահմեդ Թյուրքին և 220 անդամներին զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի սահմանադրության համաձայն, կուսակցությունը փակելու համար անհրաժեշտ է, որ Սահմանադրական դատարանի 11 անդամներից 7-ը կողմ քվյարկեն:
Տեղեկացնենք նաև, որ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը առանց վախի շարունակում է իր քաղաքական գործունեությունը: Այսօր կուսակցությունը Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի ավանում կազմակերպել էր հանրահավաք, որը ավարտվել է չարտոնված երթով։ Ոստիկանները փորձել են կասեցնել երթը, սակայն ցուցարարները սկսել են քարկոծել ոստիկաններին, ավելին ճանապարհին գտնվող դպրոցի դիմաց կանգնեցրած թուրքական դրոշը իջեցրել և այրել են այն։
Թուրքական «CNN Turk» հեռուստալիքը հայտնել է, որ ցուցարարներին ցրելու նպատակով օգտագործվել է արցունքաբեր գազ, ձերբակալվել է 8 մարդ։
ArmAr.am












