ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումների հստակեցումն այլևս օրախնդիր է
Բնական է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները չէին կարող դուրս մնալ նաեւ Արցախի հասարակական հատվածի ներկայացուցիչների ուշադրությունից:
ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների և տեղի փորձագետների մասնակցությամբ օրերս անցկացված քննարկումների ընթացքում, այդ առթիվ հնչեցին լուրջ մտահոգություններ:
ՀԿ-երի ներկայացուցիչներն առաջին հերթին հետաքրքրվեցին` օրերս` ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ-ի ընդունած հայտարարության որոշ մանրամասներով:
Հիշեցնենք, որ ԼՂՀ օրենսդիրն առաջին անգամ չէ, որ նման հայտարարւթյուն է ընդունում: Նույն շեշտադրմամբ մեկ այլ հայտարարություն ընդունվել էր դեռ 2008թ. վերջերին:
Նոր հայտարարությամբ հանդես գալու շարժառիթներն հասկանալի են. այս մեկ տարվա ընթացքում բանակցային գործընթացում սկզբունքային փոփոխություններ չեն գրանցվել, ղարաբաղյան կողմն այսօր դարձյալ գործընթացի մասնակից չէ, և վերջապես, բանակցությունները շարունակվում են ընթանալ Մադրիդյան հայտնի սկզբունքների շրջանակներում, ինչը, մեղմ ասած, անընդունելի է ղարաբաղյան կողմի համար:
Ի պատասխան ArmAr.am-ի թղթակցի այն հարցին, թե որքանո՞վ արդյունավետ կլինի ԼՂՀ ԱԺ-ի կողմից հնչեցված այս նոր հայտարարությունը, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ասաց, թե այդ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների մի մասն արտացոլվել են նաև` օրերս Աթենքում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդում հնչեցված ՀՀ արտգործնախարարի ելույթում:
Հ/կ-ների նեկայացուցիչների` ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ արտահայտած հիմնական մտահոգությունն առնչվում է Մադրիդյան հայտնի սկզբունքներին: Սակայն ներկայացուցիչներից ոմանք միաժամանա դրական գնահատեցին Մինսկի խմբի աշխատանքները` հավասարակշռությունը պահպանելու տեսանկյունից:
Հնչած մյուս մտահոգությունը Ադրբեջանի ռազմական հռետորաբանության հետ էր կապված. ոմանց կարծիքով, Ալիևի կողմից հնչող ռազմատենչությունն ընդամենը ներքին սպառման համար արվում: Մինչդեռ ներկաներից շատերը դրանում առավել խորը արմատներ ու հեռահար նպատակներ են տեսնում: «Ադրբեջանը ցանկանում է իր կողմից պատերազմ չսկսելը` միջազգային հանրությանը հրամցնել որպես փոխզիջում»,- սա ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի համոզմունքն է:
Հետևապես, ինչպես նկատում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, այլևս օրախնդիր է` ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումների ամրապնդումն ու հստակեցումը:
Ազգային ժողովի ներկայացուցիչը չի բացառում նաև, որ մինչև տարեվերջ` գոնե ԱԺ-ի մակարդակով, փորձ կարվի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
ԼՂՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ այս ընթացքում հստակ դիրքորոշում և մոտեցում պետք է որդեգրեն նաև իրենք:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ
ArmAr.am












