«Օբամա-Էրդողան հանդիպման բովանդակությունն ադրբեջանաթուրքական լրատվամիջոցները խեղաթյուրել են»
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետի կողմից շատ կտրուկ արտահայտություններ, ինչ- որ տեղ նաև պահանջներ են հնչել՝ կապված Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Ասվում է, որ Թուրքիայի վաչապետը շեշտել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Սակայն պարզվում է, որ ադրբեջանաթուրքական լրատվամիջոցները հերթական անգամ խեղաթյուրել են փաստերը՝ շեշտադրումներ անելով հօգուտ իրենց։
ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում, ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Էրդողանը նմանատիպ հայտարարություններ չի արել։ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում Էրդողանը բառացիորեն ասել է հետևյալը. «Մենք քննարկեցինք նաև հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը շատ կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Մենք քննարկեցինք, թե ինչ կարող է անել Մինսկի խումբը, որպեսզի ավելի մեծ թափ հաղորդի այդ գործընթացին։ Ես կարող եմ ասել, որ եթե ավելի մեծ թափ հաղորդվի Մինսկի խմբի գործընթացին, ապա դա շատ դրական ազդեցություն կունենա ամբողջ գործընթացի վրա»:
Պարոն Սաֆրաստյանը նշեց, որ սա չի նշանակում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, ուստի Էրդողանի խոսքում որևէ նախապայման՝ կապաված Ղարաբաղի հետ, ամենևին չի տեսնում։
ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը նշեց նաև, որ լրագրողների հետ ունեցած մեկ այլ հանդիպման ընթացքում մի հայ լրագրող նրան հարց է ուղղել նախապայմանների մասին, որին ի պատասխան` Թուրքիայի վարչապետն ասել է, որ նախապայմաններ չկան, բայց իրենք կարևոր են համարում Ղարաբաղի հարցում առաջընթացը, քանի որ համոզված են, որ Թուրքիայի խորհրդարանը` մինչև ղարաբաղյան խնդրում առաջընթաց չլինի, չի վավերացնի հայ թուրքական արձանագրությունները։
«Այսինքն՝ Էրդողանն ասել է այն, ինչը միշտ ասում է, բայց ավելի նուրբ ձևով»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։
ArmAr.am
Թեգ-Օբամա, Էրդողան, ադրբեջանաթուրքական լրատվամիջոցներ, խեղաթյուրել,
Ռուբեն Սաֆրաստյան, Ադրբեջան, Հայաստան, Մինսկի խումբ, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն












