Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ առավել կոռումպացված երկրների շարքում

Դեկտեմբեր 9, 2009թ. 11:08

korupcia1ՄԱԿ-ի հռչակած կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Հայաստանը 180 երկրների շարքում շարունակում է մնալ այն պետությունների խմբում, որտեղ տիրում է համատարած կոռուպցիա: 2003թ.-ից ի վեր մեր երկիրը ձեռներեցների ու փորձագետների կողմից ընկալվում է որպես մի երկիր, որում չի արձանագրվում և ոչ մի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում:

2009թ. հունիսին հրապարակվել են նաև  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» -ի մեկ այլ ուսումնասիրության` Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալները: Դրանց համաձայն, հարցմանը մասնակցած Հայաստանի քաղաքացիների 43%-ը նախորդ 12 ամիսների ընթացքում կաշառք է տվել, իսկ 48%-ն էլ անարդյունավետ է համարել կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարը, չնայած երկրում իրականացվող հակակոռուպցիոն նախաձեռնությունների:

ՀՀ իշխանությունները ընդունել են մի շարք հակակոռուպցիոն ուղղվածություն ունեցող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ, Վերահսկիչ պալատը հանդես է եկել պետական կառույցներում ֆինանսական չարաշահումների բացահայտումներով, պետական պաշտոնյաները ենթարկվում են քրեական հետապնդման կոռուպցիոն հանցագործությունների համար, բնակչությունը իրազեկվում է կոռուպցիայի բացասական ազդեցության մասին և այլն:

Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Հայաստանը մնում առավել կոռումպացված երկրների շարքում:

Պատճառները ակնհայտ են. արմատացված ու համատարած կոռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` չպատժելով կոռուպցիոն բուրգի գագաթում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց բարեկամների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով շահերի բախման և քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճման դեմ, հարկային դաշտ չբերելով օլիգարխներին և խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն և օրենքի առաջ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը, չերաշխավորելով խոսքի, հավաքների և մարդու այլ հիմնարար ազատությունները և չխրախուսելով ազատ մամուլը:

Քանի դեռ մեր երկրում անտեսվելու են այս հիմնախնդիրները թե’ իշխանությունների կողմից, և թե’ նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերողների կողմից, և քանի դեռ մեր հասարակությունը հանդուժելու է անարդարությունը, անօրինականությունը և անբարոյականությունը, իսկ շատ դեպքերում էլ ներքաշվելու է դրանց մեջ, կոռուպցիան Հայաստանում շարունակելու է իր կործանարար արշավը, ինչն ավելի ակնհայտ է դառնում շարունակվող տնտեսական և սոցիալական ճգնաժամի պայմաններում:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն