Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Ցեղասպանություն

Օբամային պետք է զրկել Նոբելյան մրցանակից, մինչև որ նա կասի ճշմարտությունը Ցեղասպանության մասին

Դեկտեմբեր 9, 2009թ. 12:02

SasunyanԱՄՆ նախագահ Օբաման նոյեմբերի 20-ին Ամերիկայի հայկական կազմակերպություններին հղած իր նամակում «Ցեղասպանություն» տերմինի հետ դարձյալ խայտառակ բառախաղերի էր դիմել: Այս դեպքում, ծայր աստիճան միամիտը միայն կարող է կարծել, թե նա կճանաչի Հայոց Ցեղասպանությունն իր պաշտոնավարման մնացած ժամկետում:

Նախագահական քարոզարշավի ընթացքում, երբ սենատոր Օբաման շարունակ խոստումներ էր տալիս Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին, հայ գործիչները լարված հետևում էին թուրքական կառավարության` Հայաստանի հետ երկխոսության կեղծ փաստարկներն օգտագործելու փորձերին, որոնցով նա ձգտում էր Օբամային թույլ չտալ ընտրություններից հետո կատարել իր խոստումը:

Ապրիլի սկզբին, Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայոց Ցեղասպանության մասին նրա տեսակետների վերաբերյալ հարցից Օբաման խուսանավեց, նշելով. «Իմ տեսակետները մնում են ուժի մեջ, և ես դրանք չեմ փոխել: Ես շատ եմ ոգևորվել այն նորությամբ, որ դուք, նախագահ Գյուլի ղեկավարությամբ նախատեսում եք մի շարք բանակցություններ և գործընթաց սկսել Հայաստանի ու Թուրքիայի միջև վաղուցվա բազում խնդիրները լուծելու համար, ներառյալ այս մեկը»:

Անկասկած, նախագահներ Օբաման և Գյուլը, ելնելով Հայոց Ցեղասպանության ճանաչումը ձախողելու իրենց սեփական դրդապատճառներից, ծրագրել էին` առաջ քաշել հայ-թուրքական բանակցությունները: Ռուսաստանը և Եվրամիությունը միանալով այս պիղծ դաշինքին, ճնշում գործադրեցին Հայաստանի ղեկավարների վրա, որոնք էլ շատ հոժարակամ ենթարկվեցին:

Այս չարաբաստիկ գործարքը կնքվեց, երբ Ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանն ու Թուրքիան հանդես եկան հաշտեցման ճանապարհային քարտեզի համատեղ հայտարարությամբ:

Ուրեմն զարմանալի չէ, թե ինչու Օբաման Ապրիլի 24-ի իր առաջին հայտարարության մեջ կրկնեց այն բոլոր մեղմասություններն (էվֆեմիզմներն) ու բառախաղերը, որոնց համար նա խստորեն դատապարտում էր իր նախորդին` նախագահ Բուշին: Օբաման օգտագործեց նախորդ նախագահների հին ու քաջածանոթ ժխտողական ամբողջ բառապաշարը, ինչիսիք են` «ողբերգություն», «ջարդ», «1915 թվականի սարսափելի իրադարձություններ», և ամենից անհավանականը` «Մեծ եղեռն»:

Օբաման այդ հայտարարության մեջ օգտագործեց նույն խուսափողական պատասխանը, ինչպես դա արել էր Անկարայում.«Ես բազմիցս նշել եմ իմ սեփական տեսակետը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, և այդ պատմության վերաբերյալ իմ տեսակետը չի փոխվել»: Այնուամենայնիվ, նա համառորեն հրաժարվեց նշել, թե որոնք էին նրա իրական տեսակետները:

Բացի այդ, Օբաման կոչ է արել հայերին ու թուրքերին` «դիմել անցյալի իրողություններին, որպես առաջ շարժվելու իրենց ջանքերի մաս»: Նա իր եռանդուն աջակցությունն է հայտնել նրանց «խիզախ և կարևոր երկխոսությանը … առաջ շարժվել այդ ցավոտ պատմության միջով …» և ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի կառավարություններին`  «կարգավորման շրջանակն ու ճանապարհային քարտեզը ընդունելու համար»:

Հետևաբար, Օբաման այլևս կասկած չի թողնում, որ նա պատրաստվում է զոհաբերել Հայոց Ցեղասպանության մասին ճշմարտությունը` հայ-թուրքական պատրանքային հարաբերությունների վերականգնման զոհասեղանին, այն օգտագործելով որպես «թզենու տերև»` իր նախորդ խոստումը քողարկելու նպատակով:

Օբաման, անցյալ ամիս Ամերիկայի հայկական կազմակերպություններին հղած իր նամակում վերահաստատեց, որ իր տեսակետները «20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի» վերաբերյալ չեն փոխվել, սակայն կրկին չմանրամասնեց դրանք: Նախագահը պատասխանում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ամերիկայի Հայկական համագումարի և Հայկական առաքելական եկեղեցու կողմից ստացած նամակին: Հայկական այս երեք կազմակերպություններն իրենց աջակցությունն էին արտահայտել հայ-թուրքական արձանագրություններին և դիմել Սպիտակ տուն` ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը: Օբաման իր պատասխանում, ճարպկորեն օգտվելով Հայկական կազմակերպությունների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամությունից` խուսափում էր Հայոց Ցեղասպանության ճանաչման իր նախընտրական խոստումից: Նա կրկնել էր, որ  «առաջընթացի լավագույն ուղին … իրողությունների ուղղակի ընդունումն է», որ հայերն ու թուրքերը պետք է դիմեն անցյալին «որպես առաջ շարժվելու իրենց ջանքերի մաս», և խոստացել էր «առաջիկա ամիսներին շարունակել եռանդուն աջակցել հարաբերությունների կարգավորման նրանց ջանքերին»: Այսպիսով, Նախագահն արձանագրությունները օգտագործել է Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր ջանքերը ձախողելու համար:

Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու խոստման կատարումը բխում է Օբամայի սեփական շահերից, քանի որ նրա բարոյական և քաղաքական վստահության վերականգնմանը կնպաստեր, միանալով նախագահ Ռեյգանին, երկու տասնյակ ազգային խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, Հոլոքոստի և Ցեղասպանության գիտնականներին, որոնք արդեն հաստատել են Հայոց Ցեղասպանության պատմական իրողությունը:

Նախագահ Օբաման չպետք է զարմանա, երբ ամերիկահայերը այլևս չվստահեն և չաջակցեն նրան վերընտրության ժամանակ: Ցեղասպանության հետ խաղացողներին չպետք է վարձահատույց լինել:

Յուրաքանչյուր ոք, ով քաջություն չունի պաշտպանել ճշմարտությունը` արժանի չէ Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյան


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն