«Հասկանալի չէ, թե ինչով են հիմնավորվում ցեղասպանության հայկական պնդումները», Վաշինգտոնում` Հոփքինսի համալսարանի ամբիոնից, հայտարարել է Թուրքիայի վարչապետը
Դեկտեմբերի 7-ին Սպիտան տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղեւորվել է Ջոն Հոփքինսի համալսարան: Այնտեղ նա, ինչպես վկայում է Նյու Յորքի «turkishny.com» կայքէջը, ելույթ է ունեցել, ապա եւ պատասխանել է արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին: «Նախագահ Օբաման հայտարարել էր, որ ինքը չի փոխել 1915-ի իրադարձություններին առնչվող հայկական պնդումների մասին իր տեսակետները, ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունը» հարցին պատասխանելիս` Էրդողանը հիշեցրել է հայ պաշտոնակցին գրած նամակում «պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու եւ փոխադարձաբար արխիվները բացելու՚ իր առաջարկի մասին եւ շարունակել. «Այս կարգի երեւույթները (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը) լոբբիստական աշխատանքով կամ խոսքով չէ, որ պետք է կատարվեն: Իմ նախնիները ցեղասպանություն չեն կատարել, չէին էլ կատարի»:
Այնուհետեւ Էրդողանը նշել է, որ հայերի տեղահանության վերաբերյալ կան պարզորոշ եւ հստակ փաստաթղթեր, տեղահանության ընթացքում, կառավարական որոշման համապատասխան, իրականացվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումները, ինքն անձամբ տեսել է այդ փաստաթղթերը, հետեւաբար հասկանալի չէ, թե ինչով են հիմնավորվում հայերի (ցեղասպանության մասին) պնդումները:
«Թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը մի՞թե չի խոչընդոտում պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը» հարցին ի պատասխան, Թուրքիայի վարչապետն ասել է. «Ըստ երեւույթին, հարց տվողը 301-րդ հոդվածի մասին գաղափար չունի: Դրա կիրառումը ենթակա է արդարադատության նախարարության իրավասությանը: 301-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է արդարադատության նախարարության թույլտվությունը: Առ այսօր ընդամենը 8 այդպիսի գործ է հարուցվել երկրում»:
Էրդողանը միաժականակ ասել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում առավել մեծ վճռականություն է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակից, որովհետեւ այդ դեպքում ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտությունը կլուծվի, այլ դրա հետ լուծում կստանա նաեւ Թուրքիա-Հայաստան խնդիրը, ավելացնելով.«Մենք այս հարցը լուծելու անկեղծ ջանքեր ենք գործադրում»:
Մեկ այլ հարցի առնչությամբ Էրդողանն ասել է, որ Թուրքիայում 170 հազար հայ է բնակվում, ոչ բոլորն են իր երկրի քաղաքացի, ապա հավելել է.«Մենք նրանց հետ չենք ուղարկում, մտածելով, որ մեր երկրում են բնակվում, որովհետեւ Հայաստանում կենսապայմանները լավ չեն: Թուրքիայի քաղաքացի հայերը շուրջ 70 հազար են, նրանցից ոմանք անդամակցել են իմ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը:
Վերջում վարչապետ Էրդողանը հիշեցրել է Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնման մասին, ասել է, որ սփյուռքում բոլորովին այլ է մոտեցումը (Հայոց ցեղասպանության) հարցին եւ ընդգծել. «Ցանկությունս այն է, որ հարցի նկատմամբ ցուցաբերվող սխալ մոտեցումը վերանա նաեւ այստեղ»:
Թարգմ.Հակոբ Չաքրյանի












