Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ստեփան Սաֆարյան. «ԼՂՀ-ն պետք է ոչ լեգիտիմ հայտարարի Մարդրիդյան սկզբունքները»

Դեկտեմբեր 9, 2009թ. 17:49

safaryanԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը   հայտարարել է, թե այս տարի այլևս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների  հանդիպում տեղի չի ունենա, սակայն եկող տարվա սկզբին նախատեսված հանդիպման ընթացքում բանակցությունները կշարունակվեն արդեն` Մարդրիդյան նորացված սկզբունքների հիման վրա:

Իսկ ի՞նչ ասել է Մադրիդյան նորացված սկզբունքներ, և, արդյո՞ք, հայաստանյան քաղաքական  ուժերը տեղեկացված են, թե սպասվող տարում  ղարաբաղյան բանակցային գործընթացն ի՞նչ փաստաթղթի հիման վրա է զարգանալու:  ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի  հարցին ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Չեմ կարծում, որ հայ հասարակությունը, այդ թվում` քաղաքական ուժերից որևէ մեկը հստակ պատկերացում ունի, թե ինչ ասել է` Մադրիդյան  «նորացված» տարբերակ»:

Եվ քանի որ ոչինչ հայտնի չէ, ինչպես նկատեց քաղաքագետը, մնում է միայն  ենթադրություններ անել. «Կարծում եմ, նորացումները կապված են լինելու ԼՂՀ կարգավիճակի որոշման հետ: Միաժամանակ, նորացված փաստաթղթում, կարծում եմ, որ   ներառված կլինի նաև ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը, որը  բխում է Աթենքում ընդունված հայտարարությունների բովանդակությունից, ի դեմս` ժողովուրդների իրավահավասարաության մասին ներմուծված սկզբունքի: Այդ կերպ  փորձ կարվի հավասար կարգավիճակի մեջ դնել`Արցախի հայկական մեծամասնության կամքը`  այդ կամքի իրացմանը բոյկոտած ադրբեջանցի փոքրամասնության իրավունքի հետ»:

Ինչպես նկատում է Ս.Սաֆարյանը` ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը առաջ է մղվում որպես զսպիչ գործոն, որպեսզի շատ ավելի դժվարանա Արցախի ինքնորոշման խնդիրը: Հետևապես, քաղաքագետը  հայկական կողմի համար` որևէ դրական հեռանկար չի տեսնում.«Առկա  նշանները դա են ցույց տալիս:

Եթե 97-ին Արցախը` թեկուզ չճանաչված, բայց պետության մակարդակով մասնակցում էր բանակցություններին, ապա այսօր խոսք է գնում զուտ համայնքի մակարդակով մասնակցության մասին: Սա արդեն հետընթաց է»,- նկատում է Սաֆարյանը:

Ի՞նչ քայլեր պետք է իրականացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծված իրավիճակում. «Նախ, դատելով այն հայտարարություններից, որ հնչել են` ԼՂՀ-ն պետք է ոչ լեգիտիմ հայտարարի  իր բացակայությամբ վարվող բանակցությունների արդյունքում ծնված Մարդրիդյան  սկզբունքները, և երկրորդ` ԼՂՀ-ն պետք է պարտադրի, որ ինքը ոչ թե երկու կողմերի` արդեն իսկ հաստատած սկզբունքների իրականացման մասնակիցը պետք է դառնա, այլ, այսուհետ, պետք է  լինի նոր սկզբունքների մշակման անմիջական մասնակիցը: Մինչդեռ այսօր բանակցող կողմերն ասում են` մենք սկզբունքները իրար հետ համաձայնեցնենք, հետո միայն Ղարաբաղը թող մասնակցի` արդեն իսկ մշակված պայմանագրին»:

Քաղաքագետ Սաֆարյանը նման մոտեցումը համարում է մեծ սխալ նկատելով.« Նախ և առաջ Ղարաբաղը պետք է մասնակցի սկզբունքների մշակմանը, հետևաբար և առաջինը պետք է գնահատական տա իր բացակայությամբ ընթացած բանակցությունների արդյունքում ծնված այս առաջարկներին և  ուղղակի պնդի իր մասնակցությունը: Այսուհետ ընթացող  բանակցություններում ԼՂՀ-ն պետք է սահմանի այն սկզբունքները, որոնք պետք է բավարարեն Արցախի անվտանգությանն ու անկախությանը»:

Անի Աբովյան

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն