Վիվա Սել-ՄՏՍ-ի օգնությամբ` գյուղացին կազատվի բերքի անհարկի կորստից
Վիվա Սել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ, Արմավիրի մարզի Այգեշատ, Բերքաշատ և Շենավան համայնքներում, 3 ամսվա ընթացքում տեղադրվել և փորձարկվել է հեռահար կառավարմամբ 6 միավոր «Զենիթ» հակակարկտային կայան:
Բնության անկանխատեսելիության հետևանքներն ընկալման տեսանկյունից բացարձակապես տարբեր են քաղաքաբնակների և հողի լեզուն հասկանալ ձգտողների համար: Այգեշատի, Բերքաշատի և Շենավանի բնակիչները շատ շոշափելի` նյութական վնասի տեսքով զգացել են կարկտի վնասակար ազդեցությունը: Անցած տարվա ընթացքում նրանք արձանագրել են բերքի 50-60 տոկոս կորուստ: Գյուղատնտեսական մշակովի հողատարածքները կարկտի վնասակար ազդեցությունից պաշտպանելու ամենաիրատեսական ճանապարհը «Զենիթ» կայանների տեղադրումն էր, որը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ` իրականություն է դարձել:
Հակակարկտային կայանի աշխատանքի հիմքում ընկած է մթնոլորտի վրա ուղղահայաց տարածվող մեծ ուժգնության հարվածային ալիքների ազդեցության մեթոդը: Դա ազդում է կարկտաբեր ամպերի կառուցվածքի վրա` չեզոքացնելով կարկտի առաջացման և հետագա հասունացման հնարավորությունը:
Հակակարկտային ինքնակառավարվող կայանի (առանց տեղում սպասարկող անձնակազմի առկայության) աշխատանքն ապահովելու համար օգտագործվում է արևային էլեկտրասնուցման համակարգ և ցանցային սկզբունքով ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած GPRS/EDGE և 3G համակարգերով աշխատող շարժական կապ:
Վերջինիս տեխնիկական ապահովումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կապի միջոցներով, ընդ որում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հակակարկտային կայանների համար սահմանվել է կապի հատուկ սակագին:
«Գյուղացիությունը մեր ազգային ավանդույթի պահպանողն, կերակրողն է և միաժամանակ` հասարակության ամենախոցելի խավը: Ցավոք, բնության մատուցած անակնկալը կարող է ի չիք դարձնել գյուղացու աշխատանքի այդքան սպասված պտուղները: Որպես պատասխանատու կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել–ՄՏՍ–ը ձեռք է մեկնում Արմավիրի մարզի գյուղական համայնքներին: Ընդ որում, բացի զուտ աջակցությանը կայանների կառուցման գործում, գյուղատնտեսության կարիքներին ի սպաս է դրվել մեր ընկերության մրցակցային առավելություններից մեկը` ընդարձակ ծածկույթը` 3G և GPRS/EDGE համակարգերով»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Իրադարձությունից հետո Ռալֆ Յիրիկյանը խոստացավ, որ ընկերությունը միջոցներ կտրամադրի ևս 8 հակակարկտային կայանների տեղադրման համար:
Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը համնման նախաձեռնությամբ հանդես է եկել նաև անցյալ տարի` Արմավիրի մարզի Շենիկ համայնքում ստեղծելով հեռահար կառավարմամբ 3 միավոր «Զենիթ» հակակարկտային կայան: Դրանք արդարացրել են իրենց` արձանագրելով 100% արդյունավետություն:
«Զենիթ» հակակարկտային կայանները ամբողջովին մշակվել և պատրաստվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմից՝ օգտագործելով տեղական մտավոր և արտադրական ներուժը:
ArmAr.am












