Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Դեկտեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման և Սահմանադրության ընդունման օրն է

Դեկտեմբեր 10, 2009թ. 10:38

1251981163_dsc_0114Պատահական չէ, որ հենց այս օրը` դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշվում է մարդու իրավունքների միջազգային օրը, Լեռնային Ղարաբաղը տոնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման և պետականության կայացման միանգամից երկու տոն` անկախության հանրաքվեի անցկացումը և Սահմանադրության ընդունումը:

Ուղիղ 18 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցկացրեց անկախության հանրաքվե` ընտրելով ազատ և անկախ ապրելու ճանապարհը: Իսկ երեք տարի առաջ` 2006-ի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում անցկացվեց Սահմանադրության հանրաքվեն:

ArmAr.am էլեկտրոնայաին օրաթերթի թղթակիցը օրվա առիթով զրուցեց  պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ.

«18 տարի առաջ` 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն: Չնայած Ղարաբաղյան շարժումն սկսվել էր` նպատակ ունենալով վերամիավորել Արցախը և Հայաստանը, բայց պատմական իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ Արցախն անկախության ճանապարհով է ընթանալու:

Չնայած դրան` այսօր էլ` քսան տարի անց, դարձյալ կարծիքները բախվում են` Արցախը Հայաստանի հետ վերամիավորման և անկախանալու վերաբերյալ»:

Շարժման ակտիվիստ Լարիսա Ալավերդյանը հիշում է, թե ինչպիսին էր իրավիճակը 1989-ականներին.  «Սեպտեմբերի 2-ին արդեն Արցախը հայտարարել էր Ադրբեջանի կազմից դուրս գալու իր որոշման մասին` համաձայն 1990 թվականի ապրիլի 3-ի` Խորհրդային Միութենական Հանրապետության` ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին որոշման 3-րդ կետի, քանի որ Ադրբեջանն այլևս խորհրդային չէր»:

Տիկին Ալավերդյանը նկատում է, որ բացարձակապես անհասկանալի էր այն ժամանակվա Հայաստանի իշխանության որոշումը` հանրաքվեն անցկացնել միայն Հայաստանի տարածքում: «Չէ՞ որ մինչ այդ` 1989-ի դեկտեմբերի 1-ից մինչև 1991-ի սեպտեմբերի 21-ը, մենք ունեցել ենք միացյալ Հայաստան`  Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքով: Անգամ մինչև 1995 թվականը մենք ունեցել ենք միացյալ Գերագույն խորհուրդ (իսկ մինչև 2006 թվականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը): Ավելին, 1991-ի սեպտեմբերի 21-ին ուժի մեջ էր  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված որոշումը (ի դեպ` այն ուժի մեջ է մինչ օրս)»:

Ահա այս բոլոր անհերքելի փաստերի ու նպաստավոր պայմանների առկայության դեպքում հանրաքվեն անցկացվեց միայն Հայաստանում: Ինչո՞ւ: Այս հարցին շարժման գործընթցներին ակտիվ մասնակցած և իրադարձություններին քաջածանոթ Լարիսա Ալավերդյանը` պատասխան չունի: Նա միայն ներկայացնում է երկրի առաջին նախագահի  բացատրությունը. «Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե միջազգային հանրության կողմից կարող էին ճնշումներ լինել, կարող էինք հայտնվել շրջափակման մեջ… Իրականում ոչինչ էլ չէր խանգարում միասնական հանրաքվեի անցկացմանը»,- վստահ է ԱԺ պատգամավորը:

Նրա կարծիքով, երբ քաղաքական էլիտան, իրեն առանձնացնում է ժողովրդից և ինքնակամ է որոշումներ ընդունում, դրանք հետագայում վիճահարույց են լինում պատմության համար. «ՀՀՇ-ի որոշումը` հանրաքվե միայն Հայաստանում, չէր համապատասխանում ժողովրդի պահաջներին: Եվ մինչև վերջ էլ այն ժողովրդի համար մնաց չհասկացված: Քաղաքական էլիտան իրավունք չունի որոշումներ ընդունել առանց ժողովրդի համաձայնության», -նկատում է տիկին Ալավերդյանը:

1991 թվականի սեպտեմբերին Հայաստանում արդեն անց էր կացվել անկախության հանրաքվե և Արցախի ժողովրդին մնում էր ոչ այլ ինչ, քան սեփական հանրաքվեն անցկացնել: Դա տեղի ունեցավ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին:

Ի՞նչ ստացվեց արդյունքում.« Հայաստանը, առանձին հանրաքվե անցկացնելով, կարծես թե նպաստեց Արցախի անկախացման և Հայաստանից առանձնանալու գործընթացին (անկախ միավորման պահանջներից ու որոշումներից): Միաժամանակ մենք չկարողացանք այնպես անել, որ Արցախը դուրս չգա Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններից, և Հայաստանը չդառնա հակամարտության կողմ: Այսինքն` մի կողմից Արցախը որոշում է առանձնանալ, մյուս կողմից` դուրս է մնում բանակցային գործընթացներից: Այս իրավիճակն ինձ համար մնում է անհասկանալի»:

Բայց մի հարցում նա վստահ է` 1989-ի դեկտեմբերի 1-ի միացման որոշումը ոչ մի կերպ չի խանգարել Արցախի անկախացմանը. «Այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր լինում օգնել Արցախին, մենք դա անում էինք, իսկ երբ խոսքը գնում էր` որպես պատերազմում դիմադրող սուբյեկտ հանդես գալուն, որպես այդպիսին արդեն հանդես  էր գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Պատերազմն սկսվելուց հետո էլ Արցախն ինքը կազմավորեց ինքնապաշտպանական բանակ, և այդ ընքացքում Հայաստանի անունը երբեք չհնչեցվեց` որպես հակամարտության կողմ: Հիմա է, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ և մեր լռության պատճառով, Հայաստանին վերագրվում է ագրեսորի պիտակը:

Պատերազմի հենց առաջին պահից կազմավորված Արցախի ինքնապաշտպանական բանակն այսօր կայացած է: Եվ մենք հպարտորեն կարող ենք ասել, որ տարածաշրջանում ունենք երկու հզոր հայկական բանակ»:

Նա նաև վստահ է, որ միավորման պահանջն ու ճանաչման գործընթացը չեն հակասում իրար, ինչպես թվում է առաջին հայացքից. «Շարժումը պետք է շարունակվի մինչև այն պահը, որ Լեռնային Ղարաբաղը, ճանաչվելով և լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, դառնա նաև միջազգային հանրության սուբյեկտ:

Իսկ միավորումը պետք է լինի պատմական ճիշտ քայլերի հետևանքով:

«Միավորված Հայաստանը երազանք չէ. ժողովուրդը կարող է իր առջև նման խնդիր դնել և լուծել այն: Իսկ առայժմ պատմական զարգացումը գնում է այլ ճանապարհվ. Արցախը կայանում է` որպես պետություն, և երբ պահը հասունանա, միացումը տեղի կունենա, քանի որ այն, որպես խնդիր, երբեք չի հանվել օրակարգից»:

Անի Աբովյան

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն