Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ Սահմանադրությունը՝ Արցախի հետագա ընթացքի ուղենիշ

Դեկտեմբեր 10, 2009թ. 13:29

Копия P1010002Արցախահայությունը,  2006 թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը, այդպիսով իսկ ապացուցեց, որ իր համար կենսական կարևոր նշանակություն են ներկայացնում նորանկախ երկրում սահմանադրականության հաստատումն  ու սահմանադրական կայուն զարգացումների երաշխավորումը:

Ընդ որում, դեկտեմբերի 10-ի ընտրությունը պատահական չի եղել. 1991-ի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել Մարդու իրավունքների համաշխարհային օրը, իսկ  2006-ի սահմանադրական հանրաքվեն` այդ նույն օրվա 15-ամյակի օրը` նպատակ ունենալով վերահաստատել մեր ժողովրդի վճռականությունը` մինչև վերջ տանելու անկախության ու ազատության համար սկսած պայքարը:

Եվ ահա, արդեն երեք տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աշխարհին ներկայանում է որպես սեփական Սահմանադրություն ունեցող պետություն, որտեղ կենսագործունեության բոլոր բնագավառներում ու ոլորտներում պարտադիր եւ անմիջականորեն գործում է սահմանադրական իրավունքը։

Ելակետ ունենալով ազգային ու համամարդկային արժեքները, միջազգային իրավական նորմերը, ԼՂՀ Սահմանադրությունը ամրագրել է պետական  կարգի, հանրային կառավարման իրապես գործող հիմքերը, պետության և քաղաքացու համընդունելի հարաբերությունները։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունումը մեր հանրությանը թույլ տվեց ոչ միայն սահմանադրական մակարդակում ամրագրել պետական ինքնիշխանության հիմնարար սկզբունքները և նախանշել մեր հանրապետության զարգացման նոր փուլը, այլև լիցք հաղորդել պետական կառավարման համակարգում նոր, ավելի ազատական սկզբունքների զարգացման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացին։

ԼՂՀ սահմանադրական հանրաքվեն, փաստորեն, դարձավ մեր հասարակության քաղաքական ինքնակազմակերպման նախորդ փուլի տրամաբանական հանրագումարը և ազդարարեց իրավական պետության կերտման նոր հանգրվանի սկիզբը:

ԼՂՀ Սահմանադրության հիմքում դրվել են  այնպիսի կարեւոր սկզբունքներ, ինչպիսիք են  իշխանությունների տարանջատումն ու հավասարակշռումը, օրենքի գերակայության երաշխավորումը, հասարակական համաձայնության, փոխըմբռնման ու հանդուրժողականության միջավայրի ձեւավորումը:

Երկրի հիմնական օրենքի  ընդունումը մեկ անգամ ևս հաստատեց այն ճշմարտությունը, որ արցախցին միշտ էլ հավատարիմ է եղել ազատության, ժողովրդավարության գաղափարներին, ինչպես նաև այնպիսի իրավական պետության կառուցմանը, որտեղ մարդու և քաղաքացու արժանապատվությունն ու ազատությունը կլինեն բարձրագույն արժեքներ։

Անցած տարիները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և մեր ժողովրդի ձգտումն ու կամքը՝ լիովին իրացնել ազատ և արդար հասարակության մեջ ապրելու իրավունքը, որտեղ կլինեն բոլորի համար զարգացման հավասար հնարավորություններ, այլեւս անշրջելի գործընթաց է:

ԼՂՀ  Սահմանադրությունը, բացի իրավական փաստաթուղթ լինելուց, ըստ էության նաեւ մեր ազգային-պետական գաղափարախոսության արտահայտությունն է՝ ուղենիշ ծառայելով ու ճանապարհ հարթելով մեր հետագա ընթացքի համար։

Գարիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ` ԼՂՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հատուկ ArmAr.am-ի համար


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն