Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Գարիկ Քեռյան.«Եթե թուրքիան Ղարաբաղի խնդրում հարցապնդում հնչեցնի, ապա դրան կհետևի Հայաստանի համարժեք հայտարարությունը»

Դեկտեմբեր 10, 2009թ. 14:19

ArmAr.am-ի հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկեն ՀՀ իշխանությունները, եթե  Թուրքիայի մեջլիսում հայ-թուրքական  Արձանագրությունների վավերացումը մերժվի կամ ձգձգվի` քաղաքագետ Գարիկ Քեռյանը պատասխանեց. «Եթե մեջլիսը մերժի Արձանագրությունների վավերացումը, կարծում եմ, որ Հայաստանի հանդես կգա քաղաքական հայտարարությամբ` այն մասին, որ սկսված գործընթացի տապալման ամբողջ մեղավորությունն ընկնում է թուրքական կողմի վրա։ Եթե ձգձգի վավերացումը, բնականաբար, որևէ հայտարարություն չեմ կարծում, որ կհնչի, որովհետև այդ դեպքում սպասողական իրավիճակ  կստեղծվի։ Հնարավոր է, որ ընդդիմությունը պահանջի` գործընթացը դադարեցնելու մասին հայտարարության հնչեցում։ Կհնչեն նաև կարծիքներ, որ պետք է սպասել մինչև վերջնական որոշման կայացումը»,- ասաց Գ. Քեռյանը ։

Քաղաքագետի կարծիքով հնարավոր է, որ լինի մեկ այլ մոտեցում ևս։ Արձանագրությունների վավերացում ձգձգելու պարագայում հնարավոր է, որ թուրքական կողմը դա հիմնավորի  ինչ-ինչ շարժառիթներով, օրինակ, առաջ քաշի Ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման հարցը. «Այս ենթադրությունն անում եմ՝ ելնելով ԱՄՆ ում Թուրքիայի վարչապետի կողմից հնչեցրած մի քանի մտքերից»։ Սակայն քաղաքագետը միաժամանակ նկատում է, որ նման պնդումը  կնշանակի, որ   թուրքական կողմը նախապայմաններ է առաջադրում, մինչդեռ  հայ-թուրքական արձանագրությունները չեն նախատեսում ղարաբաղյան խնդրի հետ կապված նախապայմաններ»։

Գ. Քեռյանը միաժամանակ նկատում է, որ եթե թուրքական կողմը Ղարաբաղի խնդրում նման  հարցապնդում հնչեցնի, ապա դրան պետք է հետևի  Հայաստանի համարժեք հայտարարությունն այն մասին, որ թուրքական կողմը խախտում է` առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և զարգացմանը վերաբերող փաստաթղթերի կնքման կարգը։

«Կարծում եմ, որ, հայ-թուրքական արձանագրությունները պետք է շատ արագ  ՀՀ խորհրդարանը վավերացնի, ապա սպասի թուրքական կողմի քայլերին»,- իր համոզմունքն է ներկայացնում Գ. Քեռյանը։ Նա նկատում է, որ նախապես վավերացնելով արձանագրությունները՝ այս դեպքում Հայաստանը ձերբազատվում է   բոլոր պարտավորություններից և փաստաթղթերը վերադարձնում է  խորհրդարան՝ դրանք չեղյալ համարելու համար։ Այս պարագայում Հայաստանի քայլերն ավելի տրամաբանական կլինեն։ Ես համաձայն չեմ այն մարդկանց կարծիքի հետ, որ Հայաստանը պետք է ձգձգի արձանագրությունների քննարկումն այնքան ժամանակ, մինչև Թուրքիայի խորհրդարանում դրանք հաստատվեն, հետո նոր՝ մենք քայլեր ձեռնարկենք»,- խնդրի շուրջ իր տեսակետն այսպես ներկայացրեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն