Լատվիայի նախագահը Հայաստանի խորհրդարանում
Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հայաստանում պետական այցով գտնվող Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի հետ:
Ողջունելով ՀՀ ԱԺ հարկի ներքո Նախագահ Զատլերսի գլխավորած պատվիրակությանը ` պարոն Աբրահամյանն իր գոհունակությունը հայտնեց այս պետական այցի կապակցությամբ և հույս հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի, հայ-լատվիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հատկապես, քաղաքական բնագավառում: Պարոն Աբրահամյանը հավաստիացրեց իր զրուցակցին, որ որպես ՀՀ ԱԺ նախագահ նա ամեն ինչ կանի երկու ժողովուրդների միջև շփումները խթանելու համար:
Նախագահ Զատլերսն իր երախտագիտությունը հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ լատվիական կողմը ևս կարևորում է երկկողմ համագործակցության զարգացումը: Այդ համատեքստում նա կարևորեց այն հարգանքը և հետաքրքրությունը, որ հայ և լատվիացի ժողովուրդները փոխադարձաբար տածում են մշակույթի բնագավառում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորեցին այն հանգամանքը, որ Նախագահ Զատլերսի գլխավորած պատվիրակությանն ուղեկցում են շուրջ 60 լատվիացի գործարարներ: Առևտրատնտեսական համագործակցության քննարկման շրջանակներում զրուցակիցները նաև անդրադարձան առաջիկայում Ռիգայում հրավիրվող գործարարների հայ-լատվիական ֆորումի կազմակերպման հարցին:
Զրույցի ընթացքում կողմերը նաև մանրակրկիտ քննարկեցին Հայաստանի և Լատվիայի խորհրդարանների միջև համագործակցության հեռանկարները: Այդ համատեքստում նրանք կարևորեցին խորհրդարանական դիվանագիտության ներուժը լիարժեքորեն օգտագործելու անհրաժեշտությունը` տարբեր մակարդակների փոխայցերի և փորձի փոխանակման ծրագրերի միջոցով:
Հանդիպման ընթացքում պարոն Աբրահամյանը և Նախագահ Զատլերսը նաև քննարկեցին Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը: Նրանք, մասնավորապես, կարևորեցին ԵՄ Արևելյան գործընկերության խորհրդարանական չափումը:
Զրույցի ընթացքում կողմերը նաև անդրադարձան առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցին, ինչպես նաև Արցախի հիմնախնդրին:
Լատվիայի Նախագահը նաև գրառում կատարեց ՀՀ ԱԺ պատվո հյուրերի գրքում:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն












