Նախագահ Սարգսյանն ակնարկել է, որ Հայաստանն էլ կարող է խոսել նախապայմանների լեզվով
Այսօր Լատվիայի հանրապետության և Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր լատվիացի գործընկերոջ հետ քննարկել են նաև տարածաշրջանային հակամարտությունների հետ կապված խնդիրներ և եկել միասնական եզրակացության, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի գործադրման, բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցություննեի միջոցով՝ միջագային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ ՀՀ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Լատվիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում Հայաստանի դիրքորոշմանն ըմբռնումով մոտենալու և այդ հարցին հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու համար:
«Ես Լատվիայի նախագահին տեղեկացրել եմ հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների մասին։ Ես ներկայացրել եմ հայկական կողմի պատրաստակամությունը միջազգային մեր պարտավորություններին համապատասխան, առանց նախապայմանների՝ առանց Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելու նախապայմանի, և խելամի ժամկետներում, վավերացնել և իրագործել Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները»։
Սրանով, փաստորեն, Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ Հայաստանը կարող էր Հայոց Ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման դնել Թուրքիայի առաջ, բայց չի գնացել այդ քայլին` հանուն տարածաշրջանային խաղաղության: Հետևապես, գրեթե բոլոր միջազգային ամբիոններից իրեն խաղաղարար երկիր հռչակած Թուրքիան իրավունք չունի Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով:
ՀՀ նախագահը հավելել է. «Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը ևս կօգտագործի այս պատմական հնարավորությունը և կասկածի տալ չի դնի վերջին մեկուկես տարվա ընթացքում մեր անցած երկար ու դժվար ճանապարհը»։
ArmAr.am












