Անդրեյ Նեստերենկո.« Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակ կողմերին կփոխանցվի շուտով»
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողների հարցերին, որոնք դժգոհություն են հայտնել Ռուսաստանի գործողություններից` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակից: Նեստերենկոն ասել է. «Ռուսական կողմի կարծիքով, Ղարաբաղյան գործընթացը պետք է կարգավորվի, այսպես կոչված, Մադրիդյան կամ կարգավորման հիմնական սկզբունքների հիմնա վրա, որոնք կողմերին փոխանցվել են 2007 թվականին Մադրիդում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի ժամանակ: Հաշվի առնելով նախորդ երկու տարիների ընթացքում այդ սկզբունքների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունները, համանախագահողների կողմից պատրաստվել է Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակ, որը կողմերին կփոխանցվի ամենամոտ ժամանակահատվածում:
Եթե բանակցային գործընթացի դրական առաջընթացը, որին հասել ենք այս տարվա ընթացքում, երբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վեց հանդիպում, չհաշված եռակողմ ձևաչափով երեք հանդիպումները` ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի մասնակցությամբ, պահպանվի նաև հաջորդ տարում, ապա հիմքեր կան կարծելու, որ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ բավական արագ ձեռք կբերվի վերջնական համաձայնեցում և դրանց հիման վրա խաղաղության փաստաթղթի մշակում»:
Ինչ վերաբերում է «ադրբեջանական կողմի դժգոհությանը, ապա Նեստերենկոն պատասխանել է. «Ադրբեջանի ղեկավարությունից Ռուսաստանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և նրա համանախագահների միջնորդական ջանքերի վերաբերյալ, դժգոհության ոչ մի ազդանշան չի ստացել: Իսկ, այ, միջնորդական գործունեության համար երախտագիտություն մեզ բազմիցս է հայտնվել»:
ArmAr.am












