Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Վերլուծական

Ինչո՞ւ թուրք դեսպանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին

Դեկտեմբեր 11, 2009թ. 14:01

erdogan2Այն, որ Թուրքիայի վարչապետի այցն ԱՄՆ հեշտ չէր լինելու, կանխատեսում էին շատ քաղաքական փորձագետներ։ Բայց այն, որ բանակցությունների   առաջին ակնառու  դրևորումը  պետք է լիներ  ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հրաժարականը` ոչ ոք կանխատեսել չէր կարող, քանի որ Նաբի Շանսոյը թուրքական ամենափորձառու դիվանագետներից մեկն է համարվում:

Այսօր ռուս և արևմտյան վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե քաղաքական ի՞նչ դրդապատճառների արդյունքում թուրք դեսպանը ստիպված եղավ գրել հրաժարականի դիմումը:

Էրդողանի` ԱՄՆ կատարած այցից առաջ դեսպան Շանսոյը հայտարարել էր, որ Թուրքիան Ադրբեջանին խոստացել է աջակցել ղարաբաղյան խնդրում և երբեք քայլեր չի անի իր մտերիմ դաշնակցի դեմ։ Սակայն, չնայած սրան, Շանսոյը նաև ակնարկել էր, որ վերջին տարիների իրադարձությունները` Հարավային Կովկասի սառեցված հակամարտություններին նոր խնդիրներ են ավելացրել։ Թե ի՞նչ խնդիրների մասին է ակնարկել դեսպանը, հայտնի չէ, ու  մնում է միայն ենթադրություններ անել։ Բայց ակնհայտ է, որ  Թուրքիայի դեսպանը հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին իր «ուրույն» պատկերացումներն ուներ, որն ամնեևին չէր նույնանում Էրդողանի մոտեցումների հետ:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ, Թուրքիայի դեսպանը՝ Անկարայից ստացած հանձնարարականի համաձայն, Սպիտակ տան հետ պետք է համաձայնեցներ 2+2 ֆորմատով հանդիպում, այսինքն՝ հանդիպում պետք է տեղի ունենար նաև Թուրքիայի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի միջև, որը, սակայն, տեղի չունեցավ։ Եվ ահա, այդ` չկայացած հանդիպման համար Թուրքիայի վարչապետը  մեղադրում է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին։ Սակայն, բացառված չէ, որ դրանում մեղավոր է  ոչ թե դեսպանը, այլ այն, որ  Սպիտակ Տունը վերջին պահին փոխել է իր մտադրությունն ու չեղյալ հայտարարել հանդիպումը, ինչին, պարզապես, Շանսոյն անտեղյակ է եղել։

Սակայն, թե արևմտյան, թե ռուս վերլուծաբանների աչքից չի վրիպել, որ չնայած այս «տեխնիկական» բացթողմանը,  դիվանագիտական սկանդալի հիմնական պատճառը հայ-թուրքական հարաբերություններն են և այս խնդրի հետ կապված` Էրդողանի ու Շանսոյի հակադիր մոտեցումները:

Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը համարվում են ցյուրիխյան արձանագրությունների հիմնական սցենարիստները։ Իսկ հիշյալ սցենարի համաձայն,  Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացնի արձանագրությունները և դրանով  իսկ հրաժարվի շաղկապել հայ-թուրքական արձանագրությունները ղարաբաղյան հակամարտության  հետ։ Սակայն, ինչպես հայտնի է, այս խնդրում այլ  կարծիքի է  վարչապետ Էրդողանը: Թե ինչու է  Արձանագրությունների ստորագրումը շաղկապում Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, Էրդողանը սրա բացատրությունը փորձեց տալ Օբամային` վերջինիս հետ կայացած առանձնազրույցում: Նա ասել է որ եթե մինչև ղարաբաղյան խնդրի կարգավորումը Թուրքիան բացի հայթուրքական սահմանը, ապա դրանով կփշրի թուրք-ադրբեջանական կապերը: Էրդողանը նույնիսկ անկեղծացել է, որ դա վատ հետևանքներ կունենա Թուրքիայի իշխող կուսակցության համար` առջևում ընտրություններ են և այդ քայլը կարող է հիասթափեցնել թուրք ընտրողներին։

Ու չնայած Էրդողանի այս «անկեղծացումներին», հիշյալ  առանձնազրույցի ժամանակ Օբաման նաև հստակ շեշտել է  այն հանգամանքը, որ  եթե Թուրքիայի խորհրդարանը չեղյալ հայտարարի արձանագրությունները, ապա առավել քան կմեծանա ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության օրինագծի ընդունման հավանականությունը։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն