Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

ԵԽ-ն դեռ 1988-ին է իր զորակցություն հայտնել արցախահայության արդարացի պահանջին

Դեկտեմբեր 11, 2009թ. 14:20

5bda923a620081ffdc697243ca001fb418 տարի առաջ, 1991թ. դեկտեմբերի 10-ին, արցախահայությունը, օգտագործելով ազատ կամարտահայտման իր իրավունքը,«Այո» ասաց իր անկախությանը:

Հիշարժան այդ իրադարձություններն արդեն պատմության սեփականությունն են դարձել: Դրանց արդյունքում ամրապնդված արժեքներն ու պատմության դասերը, սակայն, արդիական են նաեւ այսօր:

Շրջադարձային իրադարձությունները սկսվեցին 1988թ.: Օգտվելով Գորբաչովյան վերակառուցման ընձեռված հնարավորությունից և ՄԱԿ-ի  հռչակած ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին համահունչ, արցախահայությունը առաջ քաշեց ԼՂԻՄ-ը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին վերամիավորելու իր պահանջը: Դա ամրագրվեց 1988 թվականի փետրվարի 20-ին: Ադրբեջանը դրան հակադարձեց Սումգաիթում հայ ազգաբնակչության կոտորածներով:

Երկաթե վարագույրը մի փոքր արդեն բարձրացել էր, և ԽՍՀՄ-ում կատարվող դեպքերն արդեն տեսանել էին նաև Արևմուտքում: Չուշացավ նաև համապատասխան գնահատականը: 1988 թվականի հուլիսին արձանագրվեց Եվրոպական խորհրդարանի տեսակետը այդ դեպքերի առթիվ. «Հաշվի առնելով ԼՂի պատմական կարգավիճակը` որպես Հայաստանի բաղկացուցիչ մաս, որի բնակչության 80 տոկոսը կազմում են հայեր, և, որն Ադրբեջանին միացվել էր բռնի, դատապարտելով հայերի զանգվածային ջարդերը Ադրբեջանում.…» ԵԽ-ն նույն ոգով շարունակում է իրադարձությունների նկարագրությունն ու հայտարարությունը եզրափակում` զորակցություն հայտնելով արցախահայության արդարացի պահանջին:

Արցախահայության գործունեությունը հետագայում էլ դուրս չեկավ գործող օրենքների և միջազգային իրավունքի շրջանակներից:

Այսպես. 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունվեց ԽՍՀՄ օրենքն առ այն, որ իր կազմում ինքնավար միավորներ ունեցող միութենական հանրապետությունը Միությունից դուրս գալու համար պետք է հանրաքվե կազմակերպի այդ միավորներից յուրաքանչյուրում` առանձինառանձին:

Այս օրենքի շրջանակներում էլ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակեց իր անկախությունը: Մինչդեռ, Ադրբեջանի ձեռնարկած քայլերը հակասում էին ոչ միայն ԽՍՀՄ գործող օրենքներին և միջազգային իրավունքի նորմերին, այլև ամենապարզ տրամաբանությանը: 1991 թ. հոկտեմբերին Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, այդ առթիվ Բաքվում  հանրաքվե եղավ թե ոչ` թողնենք Ադրբեջանի  խղճին: Պարզապես փաստենք, որ այդ որոշման հետ կապված ԼՂ-ում հանրաքվե կազմակերպելու մասին ակնարկ անգամ չեղավ, այնինչ դա էր պահանջում  դեռևս գոյություն ունեցող ԽՍՀՄ-ի 1990 թվականի ապրիլի 3-ի հայտնի օրենքը:

Փոխարենը, Արցախում շարունակում էին հետեւել օրենքի տառին: Դրան համապատասխան` 1991 թվականի դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Արցախում կայացավ հանրաքվե:

«Ընդհանրապես, 15 տարվա տարբերությամբ Արցախում կայացած երկու հանրաքվեներից յուրաքանչյուրն իր խնդիրն ուներ. դա ժողովրդի կամքի փորձարկումն էր»,- տարիների հեռվից գնահատում է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա նկատում է. «Դրանցից իր նշանակությամբ կցանկանայի առանձնացնել, հատկապես, 1991թ. հանրաքվեն, որը, փաստորեն, կանխորոշեց, որ Լեռնային Ղարաբաղը նախընտրեց անկախության ուղին:Մի բան է` ղեկավար մարմնի կողմից անկախ պետականության հռչակումը, բոլորովի այլ արժեք ունի այն, որ դա ամրագրվում է համաժողովրդական կամաարտահայտության միջոցով», -ասում է  Աշոտ Ղուլյանը:

«Արցախահայությունն ու նրան առաջնորդող քաղաքական ուժերը դեռ այն ժամանակ խոհեմություն հանդես բերեցին եւ Շարժումը տարան իրավական հիմքերի վրա: Այսօր եւ ընդհանրապես` դա բավական լուրջ խաղաթուղթ է` մեր ընդդիմախոսների մեղադրանքների դեմ»,-գնահատում է պատմաբան Վահրամ Բալայանը:

Հանրաքվեի ընթացքին հետևում էր մոտ 40 հոգանոց պատգամավորական խումբը, որի կազմում էին ԽՍՀՄ գերագույն խորհրդի ներկայացուցիչներ, միութենական նախկին հանրապետությունների լիազոր ներկայացուցիչներ, արտասահմանյան երկրների և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Հանրաքվեի օրը պատահական չէր ընտրվել:  Դեռ 1991թ. դեկտեմբերի 10-ին այդ օրվա ընտրությունն այսպես է  գնահատել միջազգային դիտորդական խմբի կազմում Արցախ ժամանած ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վլադիմիր Սմիռնովը.  «Հավանաբար կազմակերպիչները պատահաբար չեն ընտրել հատկապես այդ օրը` որպես հանրաքվեի անցկացման օր. հավանաբար ոչ մի տեղ մարդու իրավունքներն այնպես կոպտորեն չեն խախտվել, ինչպես Արցախում` Ադրբեջանի իշխանությունների կողմից»:

Հանրաքվեին ժողովրդի մասնակցության ակտիվությունը մինչև իսկ զարմացրել էր դիտորդներին:

Հանրաքվեի օրը ԼՂՀ ողջ տարածքը հատկապես` մայրաքաղաք Ստեփանակերտը ենթարկվել է հրթիռահրետակոծության: Այդ օրը ԼՂՀն 10 զոհ տվեց: Սակայն անգամ դա չխանգարեց ԼՂՀ քաղաքացիների ակտիվ մասնացությանը, ասենք` թվերը ինքնին խոսուն են. հանրաքվեին մասնակցել է 132.328 ընտրողներից 108.736, կամ ընտրական իրավունք ունեցողների 82.2 տոկոսը: Հանրաքվեին չեն մասնակցել ԼՂՀում բնակվող և ընտրական իրավուքն ունեցող ադրբեջանցիները` 22.747 հոգի, չնայած` ըստ սահմանված կարգի նրանց ևս ուղարկվել էին անհրաժեշտ փաստաթղթերը: Խախտումներ չեն գրանցվել, բողոքներ ևս չեն եղել: Հանրաքվեի կազմակերպվածության մասին, հենց իրենք դիտորդներն են վկայում:

Հանրաքվեի դրված հարցը մեկն էր` ձևակերպված պարզ ու հստակ.«Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված ԼՂՀն լինի` այլ պետությունների և հանրությունների հետ իր հարաբերությունները ինքնուրույն որոշող անկախ պետություն»:

Հանրաքվեի մասնակիցների բացարձակ մեծամասնությունը շուրջ 99.9 տոկոս` 108.615 մասնակից, այդ հարցին միանշանակ «այո» են պատասխանել, 24 մասնակից պատասխանել է ոչ, իսկ 95 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Այսպիսով` անկախ պետության ստեղծման մասին ԼՂՀ ժողովրդի կամա արտահայտությունը դարձավ օբյեկտիվ իրականություն: Հենց այս նախադասությամբ է ամփոփվում հանրաքվեի արդյունքների մասին ԼՂՀ կենտրոնական ընտրական կոմիտեի արձանագրությունը:

Ընդ որում, նույն  եվրոպական կառույցները ավելի ուշ անդրադարձան այդ իրողությանը: Ավելի  կոնկրետ` Եվրոպական խորհրդարանը 1999 թվականի «Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու մասին» բանաձևում ամրագրում է, որ «1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո, նախկին միութենական հանրապետությունների օրինակով ԼՂԻՄ-ը ևս նմանօրինակ հռչակագրում հայտարարել է իր անկախությունը»: Սակայն սա անկախ պետականաշինության դժվարին գործընթացի միայն սկիզբն էր: Այսօր էլ թեման շարունակում է արդիական մնալ: Ժամանակ առ ժամանակ` անգամ անկախության նոր հանրաքվե անցկացնելու հեռանկարի մասին են բարձրաձայնում: Արցախում դրա մասին երկրորդ կարծիք չկա.«Ինչ է նշանակում` երկրորդ անգամ հանրաքվե անցկացնել», – իր զարմանքն  է արտահայտում պատմաբան Վահրամ Բալայանը,- «Ժողովուրդն իր վճռական «Այո»-ն արդեն ասել է` դեռ 1991-ին»:

Նորայր Հովսեփյան

Ստեփանակերտ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն