Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին

Սեպտեմբեր 1, 2009թ. 14:49

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սա մեր ավանդական հանդիպումն է, որ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի դեսպանների հա­վաքի շրջանակներում: Այս հավաքները լավ հնա­րավորություն են ձեզ համար՝ համադրելու ձեր հավատարմագրման երկրնե­րում և միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող գործըն­թացների վերաբերյալ տեղեկությունները և համա­տեղ պատասխաններ որոնելու արդի մարտա­հրավերներին ու խնդիրներին:

Դուք արտաքին քաղաքականության ոլորտում քաղաքական ծրագ­րա­վոր­ման բարձրագույն օղակն եք, և այս հավաքներից ակնկալվում են նաև գործ­նական առաջարկություններ ու ծրագ­րեր՝ հետագա անելիքների վե­րաբերյալ:

Իմ խոսքն այսօր բաղկացած կլինի երկու հիմնական մասից. նախ կանդ­րադառնամ Հայաս­տանի Հանրապետության արտաքին քաղա­քա­կանության հիմնական ուղղություններին և արդի զարգացումներին, այնու­հետև նախա­րարության և դեսպանությունների գործունեությանն ու առա­ջիկա անելիքներին:

Ի սկզբանե մեկ դիտարկում եմ ուզում անել, որն առնչվում է միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությանը, և որի վրա կցանկանայի հրա­վիրել հատուկ ուշադ­րություն: Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես կայուն, կան­խատեսելի և հուսալի գործընկեր, որի մոտե­ցումներն ընկալվում ու գնա­հատ­վում են: Միջազ­գային կարևոր դերակատարներն ու կենտրոնները հար­գանքով են վերաբերվում մեր երկրին, երկիր, որն իր կեցվածքով ապա­ցուցել է իր վստա­հելիությունը՝ ինչպես տարածաշրջանային, այն­պես էլ մի­ջազգային երկկողմ ու բազմակողմ մակարդակներում: Արդյունքում՝ այն, ինչ մենք ասում էինք անկախության ձեռքբերումից ի վեր, այսօր արձագանք է գտել միջազգային ասպա­րեզում, և մեր երկրին ու տարածաշրջանին վերա­բերող առանցքային հարցերի վերաբերյալ միջազ­գային հանրության կողմից դրսևոր­վում են դիր­քորոշումներ, որոնք հիմնականում համահունչ են մեր տեսակետ­ներին:

Մեր նախորդ հանդիպումից հետո տեղի են ունեցել մի շարք կարևոր զար­գացումներ:

Հատուկ կցանկանայի անդրադառնալ մեր ռազ­մավարական դաշնակցի՝ բարեկամ Ռուսաստանի հետ բազմաբովանդակ և լայնածավալ համա­գոր­ծակցությանը, որի բոլոր ոլորտներում էլ ավելի խորացման և ամրապնդման ուղղությամբ մենք ձեռնարկել և ձեռնարկելու ենք հնարավոր բոլոր քայլերը: Նախագահների մակարդակով արդեն ունեցել ենք բազմաթիվ հան­դիպումնր, այդ թվում՝ փոխադարձ պաշտոնական այցեր:

Ես սկսել եմ նաև այցելությունների շարք Ռուսաստանի Դաշնության մար­զեր, հատկապես՝ հայաշատ շրջաններ: Վստահ եմ, որ Ռուսաս­տանի Դաշ­նության սուբյեկտների հետ աշխա­տանքը մեծ ներուժ ունի ինչպես հայ-ռուսական տնտեսական կապերը խթանելու, այնպես էլ մեր հայրենակիցներին ոգևորելու ու Հայաստանի հետ նրանց կապն ամրապնդելու առումով:

Տնտեսական ճգնաժամի առաջին իսկ դրսևո­րումների շրջանում մենք Ռու­սաստանի Դաշնու­թյունից ստացանք 500 մլն ԱՄՆ դոլար վարկ, որն ուղղվեց ճգնա­ժամի ազդեցությունները մեղմելու խնդրի լուծմանը:

Հայաստանի նախագահության շրջանում լուրջ գործնական առաջընթաց արձանագրվեց Հավա­քա­կան անվտանգության պայմանագրի կազմա­կեր­պու­թյան շրջանակներում, մշակվեցին և ըն­դուն­վեցին կազմակերպության արդյու­նավե­տու­թյան բարձրացման իմաստով հանգրվանային որոշումներ: Առաջին հերթին իհարկե նկատի ունեմ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումները: Առաջիկայում կայանալու են անդրանիկ զորա­վարժությունները, ավելի ճիշտ՝ դրանց առաջին փուլն արդեն սկսվել է: Մենք համարում ենք սա Հայաստանի Հանրա­պե­տության անվտան­գության մակարդակի բարձ­րացման կարևոր բաղադրիչ:

Գոհունակությամբ կարող եմ նշել, որ օրեցօր ընդլայնվում է մեր բարեկա­մական գործընկե­րությունը Միացյալ Նահանգների հետ, որը դինա­միկան փոփոխություններ կրեց այնտեղ կայացած ընտրություններից և նոր վար­չակազմի ձևավորումից հետո: Այս հարաբերու­թյուններն առավել զարգացնելու առումով առկա է փո­խա­դարձ ցանկություն և կամք: Մենք ուղիղ շփման մեջ ենք Սպիտակ տան և պետ­քարտուղարության հետ: Բազմաթիվ են ծրագրերը ժո­ղովրդա­վարության, անվտանգու­թյան, տնտե­սական կապերի ակտիվացման ոլոր­տում:

Միացյալ Նահանգների հայկական համայնքը մեր երկրները կամրջող բնական օղակ է: Նրանց ջանքերի շնորհիվ Հայաստանն ունի բազմաթիվ բարե­կամներ Միացյալ Նահանգների կոնգրեսում: Տարիներ շարու­նակ պահպանվում է Հայաստանին հատկացվող նյութական օգնության ծավալը:

Հայ-ամերիկյան հարա­բերու­թյունների հարթու­թյան մեջ վերջին ամիսների ընթացքում առանձին գործոն է եղել նաև հայ-թուրքական հարա­բե­րությունների կարգավորման մեր փորձը: Գիտեք, որ կան քննադատներ, ովքեր համարում են, որ հայ-թուրքական հարա­բերությունների կարգավոր­ման մեր նախաձեռ­նու­թյունը կանխեց Միաց­յալ Նահանգների Նախագահի կողմից «Ցեղասպա­նու­թյուն» բառի գործա­ծումն իր ապրիլքսան­չորսյան ուղերձում: Ես ասել եմ և ուզում եմ կրկնել. վստահ եմ, որ Միացյալ Նահանգ­ներին մեր գործողությունները  ոչնչով չխանգարեցին և միայն ամերիկյան սկզբնաղբ­­յուրները բավարար են կա­տարվածին ճիշտ գնահատական տալու համար, և համոզված եմ, այդ գնա­հատա­կանը վաղ թե ուշ տրվելու է:

Մենք շարունակելու և խորացնելու ենք ակտիվ համագործակցությունը Եվրոպայի հետ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական կա­ռույց­ների շրջանակներում: Եվրոպական Միու­թյան հետ ունեցել ենք երկու կարևո­րագույն զարգացում: Նախևառաջ, մեկնարկեց Արևելյան գործըն­կե­րու­թյան ծրագիրը: Երկրորդը, Հայաս­տանի հրավերով Հայաստան ժամանեց և աշխա­տանքը սկսեց եվրո­պական խորհրդատուների խումբը: Մենք համարում ենք, որ Եվրոպական Միու­թյան հետ մեր համագործակցության այս ձևաչափը Հայաս­տանում բա­րե­փո­խումները շա­րու­նակելու լավագույն միջոցներից է:

Արևելյան գործընկերությունը տալիս է եվրո­պական նե­րուժի օգտա­գործման անսահմանա­փակ հնարավորություն: Մեզ անհրաժեշտ են եվրո­պական լավագույն փորձը, փորձա­գիտական աջակ­ցու­թյունը: Մենք պետք է հետևողական և նախաձեռնող լինենք՝ որոնելով և առավելագույնս օգտա­գործելով բոլոր առկա հնարավո­րու­թյուն­ները ինչպես Բրյու­սելում, այնպես էլ եվրոպական մայրաքա­ղաք­ներում: Մենք պետք է նաև Եվրո­պա­կան Միու­թյունից և եվրոպական գործընկերներից պահանջենք ապահովել համաչա­փու­թյուն գործ­ընկեր պետու­թյուն­ներին ցուցաբերվող օգնության և աջակ­ցության առումով:

Հայաստանին տրվել է առևտրային արտոն­յալ ռեժիմից օգտվելու հնարավորություն, և այդ առավե­լությունը պետք է ստանա արժանի նյութականացում: Պետք է լինենք ավելի նախաձեռնող եվրոպական շուկաներ հայկական ապրանքների արտա­հան­մանն աջակցելու խնդրում, հետևողականորեն աշխա­տենք Ազատ առևտրի պայ­մանագրի կնքմանը հասնելու ուղղությամբ: Արագ պետք է լուծենք այն ներքին խնդիրները, որոնք կմոտեցնեն մեզ մուտքի պար­զեցված արտոնագրերի տրա­մադրման հնարավո­րությանը: Արդեն մի քանի տարի է չենք արձա­նագրում կոնկրետ արդյունքներ Երևանում ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի միաս­նական կենտրոնի ստեղծման գործում: Մենք այդ հարցում որևէ մերժում չենք լսել եվրոպական կառույցներից, բայց նաև չեն կատարում քայլեր, որոնք կմո­տեցնեն մեզ այդ խնդրի լուծմանը: Հայաստանն ու Եվրոպան կապող հիմ­նական օղակը արժեքային համակարգերի ընդհանրությունն է: Այդ ընդ­հան­րությունը նոր արդյունքների շարժիչ դարձնելու համար անհրաժեշտ է մեր հասարա­կությունների և անհատների շփման ակտիվացում:

Զարգանում են մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, գոհացուցիչ են Հայաստանի Անհատական գործընկերության գործողու­թյուն­ների ծրագրի իրա­կանացման արդյունքները, նաև՝ միջազգային խաղաղապահ գործողու­թյուն­ներին Հայաստանի մասնակցության արդյունք­ներն ու մակարդակը:

Մենք շարունակելու ենք փոխշահավետ համա­գործակցությունը մեր անմիջական հարևաններ Իրանի և Վրաստանի հետ, որոնց հետ բարի­դրա­ցիական հարաբերությունների հետագա զարգա­ցումը առանցքային նշանա­կություն ունի Հայաս­տանի արտաքին քաղաքականության համար:

Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք շահագործման հանձ­նեցինք Իրան-Հայաս­տան գազատարը, իսկ Թեհրան իմ պաշտոնական այցե­լության ընթացքում եկանք փոխըմբռնման մի շարք նոր ենթակառուց­ված­քային ծրագրերի իրականացման շուրջ: Ասիական զարգացման բանկի մեր գործ­ընկերների հետ մենք սկսել ենք հյուսիս-հարավ ճանապարհի շինա­րա­րության ծրագիրը, որն, անշուշտ, մեծ խթան կհանդիսանա ոչ միայն Հա­յաստան-Իրան, այլև՝ տարածա­շրջանային մի շարք նոր նախաձեռ­նություն­ների համար:

Վրաստանի հետ ևս շարունակել ենք մեր քաղա­քական երկխոսությունը բարձրագույն մա­կար­դակում: Փոխանակել ենք պաշտոնական այցեր՝ Նախա­գահների մակարդակով: Հենց այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթա­նում Գյումրի – Ախալցխա- Բավրա – Բաթում ավտոճա­նա­պարհի վրա, որի ավար­­­տը թույլ կտա շեշ­տակիորեն հեշտացնել բեռնա և ուղևորա­փոխադրումը Հայաստանից դեպի Սև ծով և հակառակը:

Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քա­ղաքականության տրամաբանությունը, բովան­դակային առումով, պետք է բխի «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից: Ինտեգրումը, այս դեպքում, պետք է ենթադրի վիրահայերի՝ Վրաս­տանի արժանապատիվ, կարող, հարգ­ված քա­ղաքացիների համբավի ամրապնդումը: Կարծում եմ, որ հայերենը Վրաս­տա­նում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկե­ղեցու գրան­ցումն ապահովելու, Վրաստանի հայ­կական հուշարձանների պահ­պան­մանն ուղղ­ված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրա­ցական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խո­րաց­մանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբա­նկատ, բայց հետևո­ղական և սկզբուն­քային:

Հայաստանի արտաքին քաղաքականության համար խիստ կարևոր է մնում արաբական աշխարհի երկրների հետ հարաբերությունների ակտի­վա­ցումը: Անկախության առաջին շրջանում այդ հարաբերությունների բուռն զար­գացմանը հաջորդել էր որոշակի տեղապտույտ, ինչն անհրաժեշտ է հաղթա­հարել և ինչի ուղղությամբ քայլերի ձեռնարկումն արդեն սկսվել է:

Պահպանվել է նաև սերտ համագոր­ծակ­ցու­թյունը Չինաստանի, Հնդկաս­տանի հետ, որոնց հետ հարաբերությունները մեծ դեր են խաղում ասիական տարածաշրջանում Հայաստանի ար­տաքին քաղաքականության մեջ:

Անցյալ հավաքին ես շեշտել էի ու հիմա էլ ընդգծում եմ, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հարաբերությունները զարգացնելուն ինչ­պես այն երկրների հետ, որոնց հետ մենք ավանդաբար ունեցել ենք կապեր, այնպես էլ երկրների հետ, որոնց հետ հարաբերությունների մակարդակը բավարար չէ: Սա կարող է վերա­բերվել ինչպես Հարավ-Արևելյան Ասիայի երկրնե­րին, Ավստրա­լիային, այնպես էլ լատինա­մերիկյան երկրներին:

Այժմ անդրադառնամ մեր արտաքին քաղաքա­կանության երկու առանց­քային խնդիրներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կար­գա­վոր­ման գործընթացին և հայ-թուրքական հարաբերությունների կարգա­վորման մեր նա­խաձեռնությանը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգա­վոր­ման շուրջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբե­ջանի հետ մեր բանակ­ցու­թյունները ընթանում են տեսանելի և միանգամայն հասկանալի տրամա­բա­նության շրջանակներում: Գիտեք, որ մենք արդեն ունեցել ենք վեց հան­դիպում Ադրբեջանի Նախագահի հետ: Անցյալ տարի նոյեմբերին ստո­րագրվել է Մայն­դորֆյան հռչակագիրը, եղել է Մինսկի խմբի համանախագահ պետու­թյունների ղեկա­վարների համատեղ հայտարա­րությունը, և համանա­խագահ­ները հան­րայ­­նաց­րել են մադրիդ­յան սկզբունքների հիմնական ուր­վագիծը: Ձեզ համար հրա­պարակվածի մեջ, վստահ եմ,  նորություն չկար, բայց հանրու­թյունն առաջին անգամ էր տեսնում այդ սկզբունքներն ի մի բերված և լսում պաշտո­նական աղբ­յուրներիից: Ես շատ կարևոր եմ համարում այն փաստը, որ դրան­ցում չկար որևէ կետ, որի մասին մենք մեր դիրքորոշումներն ու մոտե­ցումները ներկայացրած չլինեինք մեր հանրու­թյանը: Այդ փաստաթղթի հրա­պարակումը վկայեց, որ մենք երբեք չենք ստել և սեփական ժողովրդին մոլո­րության մեջ չենք գցել իրականում բանակ­ցությունների սեղանին դրված հար­ցերի վերա­բերյալ:

Հասկանալի է, որ հրապարակվածի մեջ կային կետեր, որոնք տարբերվում են, որոշ պարագաներում սկզբունքորեն, մեր պատկե­րացրած իդեալական լուծումից: Բայց փաստ է նաև, որ բոլոր ներգրավված դերակատարներն արդեն քաջ գիտակցում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի բազմաշերտ անվտան­գության երաշխավորման խնդիրները առանցքային են:

Ես շատ լավ հասկանում եմ Հայաստանում և Արցախում որոշ շրջա­նակ­ների կողմից դրսևորվող անհանգստության արմատները: Արցախի հիմնա­հարցն այն սուրբ խնդիրն է, որի զոհասեղանին իրենց կյանքն են դրել հազա­րավոր մեր հայրե­նակիցներ, որի համար մենք կրել ենք և շարունակում ենք կրել դժվա­րություններ, սակայն այն նաև մեր պատմության ամենահպարտալի էջերից է: Համոզված եմ՝ յուրաքանչյուր հայ ղեկավար, ով ներգրավված է արցախյան հիմնախնդրի լուծման մեջ,  քաջ գիտակցում է, որ մեծ պա­տաս­խա­նատվություն է կրում իր ժողովրդի, նրա պատմության և ապագա սերունդ­ների առջև:

Ցանկացած այլ կարծիք կա՛մ անտեղյա­կության արդյունք է, կա՛մ մանր սպեկուլյացիա: Իսկ արցախյան հիմնահարցն այն խնդիրը չէ, որտեղ թույլատրելի են մանր սպե­կուլյացիաները:

Կարևոր է, որ Դուք էլ բացատրեք բոլորին, առաջին հերթին՝ ձեր հա­վատարմագրման երկրնե­րի պաշտոնյաներին, որ խնդրի կարգա­վորումն օրերի, շաբաթների և ամիսների հարց չէ: Բոլորը պետք է հստակ պատ­կերացնեն, որ մենք այժմ բանակցում ենք ընդամենը կար­գավորման հիմնական սկզբունքներից մի քանիսի շուրջ: Նույնիսկ դրանց շուրջ հա­մաձայնության գալու դեպքում բաց են մնում բազմաթիվ այլ սկզբունքներ, իսկ այնուհետև՝ բուն համաձայ­նագիրը, որով պետք է կարգավորվեն կիրառման մանրամասները: Դա մեծ աշխատանք պահանջող գործընթաց է:

Մեր առաջնահերթ խնդիրներն են այս փուլում՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության անվտանգությունը բանակցային գործընթացի շրջանում և հասնել խնդրի ճիշտ ընկալմանը միջազգային հանրության կողմից: Այս հակամարտության մեջ հայ ժողովուրդն եղել է գոյատևման և ազատության համար պայքարող ժողովրդի դերում, և  որևէ մեկը իրավունք չունի ապ­րելու իր իրավունքը արյամբ պաշտ­պանած Արցախին «ագրեսոր» անվանել: Մեր պատասխանը դրան պետք է լինի միշտ կտրուկ, վստահ և համոզիչ: Հատ­կապես ուզում եմ այս խնդրին հրավիրել Իսլամական կոնֆերանսի անդամ երկրներում հավատարմագրված դեսպան­ների ուշադրությունը: Մենք պետք է ակտի­վացնենք մեր ջանքերը ղարաբաղյան հակամար­տության շուրջ այդ կազմակերպությունում ընդունված և ընդուն­վող բանաձևերի բացասական ազդեցությունը չեզոքացնելու հարցում:

Հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Ինչպես արդեն գիտեք, երեկ տարածվել է հա­մատեղ հայտարարություն՝ հայ-թուրքական հա­րա­բերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հրապարակվել են նաև այն համա­ձայնեց­­ված փաստաթղթերը՝ «Արձանագրություն եր­կու երկրների միջև դիվանագիտական հարա­բերություններ հաստատելու մասին» և «Արձա­նագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», որոնք արտացոլում են մինչ օրս ձեռք բերված պայմա­նավորվածությունների ամբողջականությունը:

Անցյալ տարվա մեր հանդիպման ժամանակ ես ասել եմ, թե ինչ նպա­տակ­ներ եմ հետապնդել Թուրքիայի Նախագահին Հայաստան հրա­վի­րե­լով: Հայաստանը մոտեցրեց հայ-թուրքական հա­րաբերությունների կարգավորման հնարավո­րու­թյունը: Ավելացան միջազգային հանրության տե­ղեկացվա­ծու­թյունն ու պարտավորվածությունը:

Մենք փորձել ենք արժանապատվորեն կար­գա­վորել հարաբերությունները մեր հարևան պետու­թյան հետ, ինչպես վայել է 21-րդ դարի քաղա­քակիրթ աշ­խար­հին:

Համարում եմ, որ այս արձանագրությունները տա­լիս են այդ հնարա­վորությունը: Երեկ հրապարակված նախագծերն արտա­ցոլում են երեք առանցքային իրականություն՝

1. Ինչպես ես բազմիցս ասել եմ, Թուրքիայի հետ վարած մեր բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարու­նակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որևէ այլ խնդրի հետ կապված որևէ նախապայման:

2. Ինչպես և պնդում էինք, հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմա­բանների հանձնաժողովի, այլ միջկառա­վա­րա­կան հանձնաժողովի ենթահանձ­նաժողովնե­րից մեկի ձևաչափով:

3. Առաջին անգամ անկախ Հայաստանի պատ­մության մեջ կարևորագույն միջազգային փաս­տաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ: Դրանք հնարավորու­թյուն կտան լսելու բոլոր տեսակետներն ու մոտեցումները:

Ես կարևորում եմ այս հարցում բոլորիդ ակտի­վությունը: Դուք պետք է ակտիվ դերակատարում ստանձնեք այդ հանրային քննարկումների ընթաց­քում և Հայաստանում, և Սփյուռքում: Պետք է մանրամասնեք և բացատրեք նախաստորագրված արձանագրությունների դրույթները՝ դրական և, ինչո՞ւ չէ, խնդրահարույց բոլոր բաղադրիչներով:

Ակնկալում եմ, որ առաջիկայում մենք նաև ակ­տիվ քննարկումներ ենք ունենալու  Սփյուռքի հայ­կական համայնքներում և միջազգային հետազո­տական կենտրոններում: Այդ առումով, ձեր խնդիրն է նաև ապահովել անհրաժեշտ հար­թակ­ներ՝ Հայաստանից գործուղվող բանախոս­ների հան­դիպումների և ելույթների համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Արտաքին ոլորտը մեր ազգային անվտան­գության առանցքային ուղղություններից մեկն է, ուստի ձեզ վրա դրված է կարևորագույն և պա­տասխա­նատու առաքելություն: Հայաստանի դիվա­նագիտական ներկայացուցչու­թյուն­ները Հա­յաս­տանի նախադռներն են, օտարները Հայաս­տանի մասին առաջին պատկերացումը կազմում են այդ շեմն անցնելով և ձեզ հետ շփվելով: Ուստի ձեր պատրաստվածությունից, վերաբերմունքից և վարքագծից է կախ­ված Հա­յաս­տանի մասին դրական պատկերացումների ձևավորումը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու պահից ես կա­տա­րել եմ տասից ավել դեսպանների նշանակում: Դրանցից միայն 2 են եղել դիվա­նագիտական ծառայության համա­կարգից դուրս անձանց թվից կատար­ված քաղա­քական նշանակումներ: Դա խոսում է այն մասին, որ ես ցանկանում եմ դիտարկել դեսպանների աշխատանքը որպես մասնագիտական գործու­նե­ու­թյան տեսակ, որի առանցքը ձեր մասնագի­տական որակներն ու Հայրենիքին, ոչ թե անձին նվիրվածությունն է: Բայց իմ այդ մոտեցումը պա­հանջում է փո­խա­դարձ պատասխանատվություն:

Հայ դիվանագետ կոչվելը մեծ պատիվ է, այդ պատվին պետք է արժանի լինել ամեն օր ու ամեն վայրկյան, և այն պետք է կրել ամենամեծ պա­տասխանատվությամբ: Հաջողություն եմ ցանկա­նում ձեզ և դիվանագիտական տարե­կան հավա­քին մաղթում արգասաբեր գործունեություն:

Շնորհակալություն:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`