Աբդուլա Գյուլ.«Կիպրոսը չի կարող խոչընդոտել Թուրքիայի նպատակներին»
Դեկտեմբեր 11, 2009թ. 18:06
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակը Եվրամիության լիիրավ անդամ դառնալն է, եւ Կիպրոսը չի կարող խոչընդոտել այդ գործընթացին: Երեկ Տիրանայում` Ալբանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Գյուլն ասել է, որ Թուրքիան Ալբանիայի հետ է, եւ մեծ նշանակություն է տալիս նրա զարգացմանը:
«Թուրքիան Ալբանիային համարում է իր ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով, Անկարան նաեւ աջակցում է Ալբանիայի` ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացին: Նախագահ Գյուլը նաեւ հայտարարել է, որ Աֆղանստանում թուրքական զորքերի թիվը 700-ից հասել է 1700-ի:
«Կարծում եմ, որ ողջ աշխարհում խաղաղության հասնելու գործում ներդրումը պատվաբեր առաքելություն է»,-ասել է Աբդուլահ Գյուլը:
ArmAr.am












