Ամերիկա գնալու համար մարդիկ որոշում են մորմոն դառնալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը դեռևս ԵՊՀ բանասիրության բաժնի ուսանող եղած ժամանակ ներսից ուսումնասիրել է աղանդները: Հայր Խորենը ներկայացրեց հոգեբանական այն շարժառիթները, որոնք Հայաստանի Հանրապետությունում նպաստել են աղանդների տարածմանը:
«Աղանդավորների դեմ պայքար կոչվածը` չի ենթադրում կռիվ տալ նրանց դեմ: Նախ պետք է նրանց առաջացման պատճառը հասկանալ և գործի դնել չակերտավոր պայքար ասվածը: Նրանց հաջողությունը կայանում է նրանում, որ իրենք օգտագործում են մի հասարկություն, ով 70 տարիներ շարունակ տեղյակ չի եղել Աստծո խոսքին, բայց միևնույն ժամանակ մի հասարակություն, ով իր արյամբ զգում է Աստծո խոսքի պահանջը: Հետևաբար, այդ պահանջն ունեցողները հայտնվում են աղանդավորների ճիրաններում: Մենք չենք պատերազմում նրանց դեմ, մենք պատերազմում ենք Սատանայի դեմ, իսկ եթե նրանք Սատանայի գործն են անում, ապա պայքարում ենք նաև նրանց դեմ»,- ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը:
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին փորձում է այդ 70 տարիների բացը լրացնել: Իսկ հոգևորականները հավատացած են, որ եթե մարդն իր 1700-ամյա դավանանքին ծանոթ լինի` ոչ մի նյութական գայթակղություն նրան չի տանի այլ ճանապարհով: Եվ ինչպես ասաց Հայր Խորենը` Ամերիկա գնալու ձգտումով մարդ կարող է մորմոն դառնալ, այսինքն` իր գլխավոր նպատակն այս դեպքում ոչ թե հոգևոր պահանջը լրացնելն է, այլ Ամերիկա գնալը:
Աղանդավորները բազմիցս հատվածներ են մեջբերում Աստվածաշնչից, որոնք միակողմանի ներկայացման դեպքում մոլորեցնում են մարդկանց:
«Աստվածաշունչը մի գիրք է, ուր ամեն ինչ դրված է հավասարակշռության մեջ: Եթե մենք վերցնենք մի հատված Աստվածաշնչից և հարցի մյուս կողմը չդիտարկենք` կհայտնվենք ծայրահեղության մեջ: Սակայն Աստվածաշունչն իր մեջ հակասություններ չի պարունակում, նրանում առկա է ներդաշնակությունը: Օրինակ Եհովայի վկաներն ասում են, թե Հիսուսը մարդ էր, քանի որ աղոթում էր Հորը` ասելով. «Հայր, եթե հնարավոր է, այս բաժակը հեռացրու ինձանից, բայց ոչ թե իմ կամքը, այլ թող քո կամքը լինի»: Եհովայի վկաները սա մեջբերելով ասում են, թե եթե ինքը հավասար էր Հորը, ապա չպիտի աղոթեր, որովհետև ինքը նույն Հայրն էր: Սակայն չեն նշում Հիսուսի մյուս խոսքը, որով նրան ասում է. «Ցույց տուր մեզ Հորը», իսկ Հիսուսը պատասխանում է. «Ով ինձ տեսավ` Հորը տեսավ»: Փարիսեցիներին ցույց տալու համար, որ ինքն Աստված է` Հիսուսը բժշկելով հիվանդին նրա մեղքերին թողություն տվեց: Քրիստոսը Հորն աղոթելով ցույց էր տալիս իր կատարյալ մարդկային էությունը` միաժամանակ ցույց տալով ճիշտ աղոթելու ձևը, որով մենք պետք է Աստծուց մի բան խնդրելու դեպքում ասենք` ոչ թե մեր կամքը, այլ թող Քո կամքը լինի»,- ասաց Հայր Խորենը:
«Կյանքի խոսք» կոչված աղանդի հոգեբանական ազդեցության ձևերից մեկն այն է, որ նրանք 20 հոգով հավաքվում են փոքր սենյակում և միաժամանակ սկսում աղոթել: Այդ ժամանակ սենյակում առաջանում է թթվածնի պակասը, որն ուժեղացնում է ենթագիտակցականը` հետին պլան մղելով գիտակցականը:
«Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված նամակի 12-14-րդ գլուխներում խոսում է աղոթելու էթիկայի մասին: Ի տարբերություն Պողոս առաքյալի պատգամի` «Կյանքի խոսքի» ներկայացուցիչների մոտ սկսվում է«խոսքահոսություն» ասված երևույթը, որտեղ մեկը մյուսի խոսքը չի հասկանում և նրանք սկսում են միավանկ բառեր արտաբերել: Նրանց խոսքը հնչում է հետևյալ կերպ` շի-շի-լա-րա-կա-մա-մա-տու-մա…. և այդպես շարունակ: Այդ ընթացքում իրենց հայտնի լեզուներից մեկ արտահատություն են հստակ արտաբերում և նրանց թվում է, թե իրենք օտար լեզուներով են խոսում: Պողոս առաքյալն ասում էր. «Եթե չկա թարգմանիչ` ուրեմն լռեք, չլինի թե միաժամանակ երեք հոգի խոսեք, քանի որ եթե երեքդ էլ խոսեք և ոչ մեկ ձեզ չթարգմանի` ձեզ լսողն ինչպե՞ս կասի ամե’ն»: «Կյանքի խոսքի» աղանդավորներն ասում են` Սուրբ Հոգին անբարբառ հառաչանքներով կխոսի ձեր կարիքների մասին Աստծո հետ: Սակայն անբարբառը չի նշանակում ոչ մի բարբառով, այլ գրաբարյան անբարբառ բառը նշանակում է լուռ ու մունջ, անձայն»,- հավելեց Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը:
Հայր Խորենը, մինչ Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր դառնալը, մասնակցել է «Կյանքի խոսքի» հավաքներին ու անձամբ տեղյակ է ներսում կատարվող իրավիճակին, վերհիշեց, թե ինչպես է «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանն իրականացնում նոր աղանդավորների «օծման կարգը». « Նա ձեռքը դրեց գլխիս, շուրթերը շատ մոտեցրել ականջիս և շի-շի-լա-րա-կա-մա-մա-տու-մա էր ասում, որը ոչ մի լեզվով չէ և անհասկանալի է: Ու քանի որ հոգեբանորեն պատրաստվել էի այդ ամենին` նրա խոսքերն ինձ վրա որևէ ազդեցություն չթողեցին: Երբ նա դա նկատեց` ասաց, որ Սուրբ Հոգուն «օգնեմ», որպեսզի ինձ «մկրտի», իսկ դրա համար պետք է կրկնեի նրա ասածները, ինչից հրաժարվեցի: Ես լավ գիտեմ, որ Սուրբ Հոգին իմ օգնության կարիքը չունի, քանի որ Աստված է: Նրանք պարզապես Սատանային թույլ են տալիս անհասկանալի լեզու տալ իրենց, որն անշուշտ Աստծուն չի փառաբանում»,- եզրափակեց Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը:
Հ. Գ. Բոլոր տեսակի մոլորություններից խուսափելու համար հարկ է պարզապես ծանոթ լինել Աստծո խոսքին, որի լավագույն մեկնիչները մեր հոգևոր հայրերն են, իսկ Աստծո երկրային տունը Հայ Առաքելական Եկեղեցին է և ոչ թե քաղաքի ցանկացած կետում գտնվող մի նեղլիկ բնակարան կամ էլ ինչ-որ վարձված դահլիճ:
Արմենուհի Կարեյան












