Սերժ Սարգսյան. «Մեկ բան կկամենայի, որ մեր մամուլից վերանար այդ ավերիչ վերաբերմունքը, այդ գարշելի, բարբարոսական ադաթը, որ այն տեղի տար անաչառ, վայելուչ քննադատությանը»
Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ՕԵԿ 9-րդ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում կարևորել է ՕԵԿ կուսակցության նախագահի գործունեությունը, նաև նշել է, որ կուսակցության ներկայացուցիչների աշխատանքը կառավարությունում ու Ազգային ժողովում վկայում են այն մասին, որ ի դեմս «Օրինաց երկրի» պետությունը գործ ունի վստահելի գործընկերոջ հետ։
Նախագահի խոսքերով, այսօր կարևորվում է` ժամանակին համահունչ հասարակության կայացումը, որտեղ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը հանրային ու անձնական կյանքի ամենօրյա նորմեր են, որոնք հաճախ գործում են որպես սովորույթ, ավանդույթ և որոնց հասնելու համար տևական ու հետևողական աշխատանք է պետք:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ այդ ամենին հասնելու համար պետություններին բարդ ու հակասական իրադարձություններով լի տասնամյակներ են անհրաժեշտ եղել: «Բայց մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գլոբալ մրցակցության ներկա պայմաններում մենք այդքան ժամանակ, պարզապես, չունենք և մյուսների անցած ճանապարհը պետք է անցնենք բազմապատիկ կարճ ժամանակահատվածում», – նշել է Ս. Սարգսյանը:
ՀՀ նախագահն ընդգծել է նաև, որ առավել արդյունքի հասնելու համար պետք է առավել հանդուրժողական, ներողամիտ ու համերաշխ լինել, պետք է առավել վստահություն ունենալ միմյանց նկատմամբ. «Սուտը, միմանց սևացնելը, ամեն ինչին միմիայն սեփական ես–ի տեսանկյունով նայելը, անհանդուրժողականությունն ու չարակամությունը հաճախ մեզանում դրսևորվելու պարարտ հող են ունեցել: Դրանք այսօր էլ, ցավոք, կենսունակ են։ Մենք այժմ չենք ուզում խոսել այն մասին, թե որտեղից է այդ դաժանությունը, չկամությունը։ Մեկ բան կկամենայինք, որ վերջապես փոխվեին մեր բարքերը, որ մեր մամուլի միջից վերանար այդ ավերիչ վերաբերմունքը, այդ գարշելի, բարբարոսական ադաթը, որ այն տեղի տար անաչառ, վայելուչ քննադատությանը, լայն ու պայծառ հայացքին, ազնիվ, բարյացակամ վերաբերմունքին՝ դեպի մեր հաստատությունները։ Եվ փոխանակ քանդելու, ջլատելու՝ աշխատեին ուժ տալ ու կենդանացնել», – նշեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքերով՝ միջավայրն ու մթնոլորտը, ընկալումներն ու վարքականոնը փոխելու ճանապարհին բոլորս անելիք ունեն: Սակայն
մեր իրականության մեջ բացասական երևույթները մերժելու գործում առավել կարևոր դերակատարում ունեն պետական կառավարման ղեկը ստանձնած կոալիցիոն քաղաքական ուժերը, որոնց առջև դրված բոլոր ծրագրերը «անհրաժեշտաբար իրականանալու են»:
ArmAr.am












