Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետական վարչության հայտարարությունը

Սեպտեմբեր 1, 2009թ. 19:33

Ուսումնասիրելով 2009 թվականի օգոստոսի 31-ի երեկոյան Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի լրատվությունը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի արտաքին նախարարությունների համատեղ հաղորդագրության մասին՝ երկու պետությունների միջև ներքին քաղաքական խորհրդակցություններ սկսելու և դրա հիման վրա նախաստորագրված երկու արձանագրությունների շուրջ.

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետական վարչությունը հայտարարում է

Կարևորելով Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, որը պետք է նպատակաուղղված լինի տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատմանը, միաժամանակ մեր անհամաձայնությունն ենք հայտնում աշխարհասփյուռ հայության համար կարևորագույն հայ-թուրքական հարաբերությունների «զարգացումները» գաղտնի պայմաններում նախապատրաստելու և հերթական լրատվական «նյութ» դարձնելու կապակցությամբ՝ որպես արդեն կայացած իրողություն:

Այն պարագայում, երբ ՀՀ արտաքին գերատեսչությունը չունի մշակած հստակ ծրագիր կամ հայեցակարգ՝ Թուրքիայի կառավարությունների կողմից 1915 թվականին սկսված և մինչ օրս շարունակվող Հայ Ժողովրդի հանդեպ իրականացվող ցեղասպանությանը միջազգային իրավունքի տեսանկյունից արդարացի իրավական գնահատական տալու ուղղությամբ և, միաժամանակ, ՀՀ նախագահի նախաձեռնողականությունը գնահատելով համարձակ, այնուամենայնիվ,

հայ-թուրքական «մերձեցմանն» ուղղված քայլերը գնահատում ենք խոցելի հենց իրավական տեսանկյունից, քանի որ թուրքական պետական քարոզչամեքենան շարունակում է Թուրքիան ներկայացնել աշխարհիկ ու ժողովրդավար, հարևանների հետ համագործակցության պատրաստ պետություն և արդեն շահում ցանկալի քաղաքական դիվիդենտներ:

ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը համոզված է, որ ՀՀ նախագահի կողմից նմանատիպ գործընթաց սկսելուց առաջ, հարկավոր է սկսել քննարկումներ՝ ներհայկական հասարակական, քաղաքական, վերլուծական, հանրային կարծիքն ուսումնասիրող կազմակերպությունների մասնակցությամբ, որի արդյունքում էլ հնարավորություն կստեղծվի մշակել հայ-թուրքական հարաբերություններին ուղղված, կյանքում կիրառելի ընդհանուր հայեցակարգ:

Հիմք ընդունելով հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների «զարգացման» մասին արձանագրություններում

հղում կատարված՝

-Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայում 1963 թվականին ընդունված կոնվենցիան,

-Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայում 1961 թվականին ընդունված կոնվենցիան,

-Երկուստեք առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար փարիզյան խարտիայի դրույթներով,

ինչպես նաև ունենալով աջակցություն ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություններից.

ՀՌԱԿ հանրապետական վարչությունը
առաջարկում է.

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի հայ-թուրքական հարաբերություններին ուղղված միջնորդական առաքելությանը զուգահեռ ՀՀ իշխանությունների կողմից սկսել գործընթաց ՝ հայության հանդեպ Թուրքիայի կառավարությունների իրականացրած ցեղասպանության փաստերը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային դատարան ներկայացնելու ու իրավական գնահատական ստանալու ուղղությամբ, հիմք ընդունելով միջազգային իրավունքին ուղղված՝

-Միացյալ Ազգերի կազմակերպության 1948 թվականին ընդունած «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիան,
-Միացյալ Ազգերի կազմակերպության 1968 թվականին ընդունած «Մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան և դրանցից բխող միջազգային իրավունքին ուղղված դրույթները:

ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը վերահաստատում է իր բազմիցս արված առաջարկն ուղղված ՀՀ Ազգային Ժողովին՝ «ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային դատարանի որոշումների իրավական գերակայության մասին» օրենքի ընդունումը մոտ ապագայում օրակարգային հարց դարձնելու վերաբերյալ:

Երևան

01 սեպտեմբերի, 2009 թ.


Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`