Իրանը գազ է գնում Ադրբեջանից
Իրանական «Իրնա» գործակալությունը հայտնում է, որ այսօր պաշտոնական այցով Իրան է ժամանել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինիս ուղեկցում է նաև այդ երկրի էներգակիրների պետական SOCAR ընկերության տնօրեն Ռոնակ Աբդուլաևը, ով Իրանի Գազի ազգային ընկերության հետ` Իրան գազ արտահանելու պայմանագիրն է ստորագրելու: SOCAR-ի տնօրենը հույս է հայտնել, որ ադրբեջանական գազի ներմուծումն սկսվելու է հաջորդ տարվա հունվարից:
Նշենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին հիշյալ ընկերությունների միջև այդ առնչությամբ հուշագիր էր ստորագրվել, որի համաձայն 2010թ. սկզբից արդեն ադրբեջանական գազը հոսելու է դեպի Իրան: Մինչդեռ, ադրբեջանական ԶԼՄ–ները կարևորելով այդ հարցը, դրա իրագործումը նշյալ ժամկետներում հավանական չեն համարում: «Թրենդ» գործակալությունը, հենվելով ոլորտի իրազեկ պաշտոնատարների հայտնած կարծիքների վրա, դեռևս դեկտեմբերի 9-ին նշել էր, որ Թեհրան-Բաքու պայմանագիրը լավագույն դեպքում ստորագրվելու է 2010թ. կեսերին:
Իրանը գազի պաշարների առումով աշխարհի մակարդակով Ռուսաստանից հետո զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, սակայն այդ պաշարները շահագործելու և արտահանելու հարցում տարբեր պատճառներով, այդ թվում Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ–ի կողմից հարուցած դժվարությունների բերումով, զգալիորեն զիջում է տարածաշրջանի երկրներին:
1996թ.Իրան-Թուրքիա պայմանագրի համաձայն, թեև Իրանը 2001 թվականի հունվարից օրական 30 միլիոն խմ գազ է արտահանում Թուրքիա, բայց և այնպես ներքին պահանջարկն ապահովելու նպատակով օրական 23 միլիոն խմ ներմուծում էր Թուրքմենստանից, ինչն ըստ Թեհրան-Աշգաբադ համաձայնագրի շարունակվելու էր մինչեւ 2024թ.: Սակայն 2008թ. գազի սակագների առնչությամբ կողմերի միջև ծագած տարաձայնությունների պատճառով, քննարկման առարկա դարձավ Ադրբեջանից գազ գնելու հարցը:
Այս առնչությամբ հատկանշական է, որ դեռեւս 2008թ. փետրվարի 14-ին ռուսական «Իտար տաս» գործակալությունը տեղեկացրել էր, թե Ադրբեջանի Գազի ընկերության փոխտնօրեն Նազիմ Սամատզադեն հայտնել է, որ փետրվարի 1-ից Ադրբեջանն օրական մեկ միլիոն խմ գազ է արտահանում Իրան: Սամադզադեն նշել էր նաև, որ ստորագրվել է Իրան-Ադրբեջան համաձայնագիր, ըստ որի վերջինս օրական 30 միլիոն խմ գազ է արտահանելու Իրան, ընդ որում 1000 խմ-ը 300 դոլարով: Իսկ իրանական «Ֆարս» գործակալությունն այս առիթով հայտնել էր, որ Ադրբեջանից ներմուծվող գազի սակագինը բարձր է միջազգային գներից` 3 անգամ գերազանցում է թուրքմենական գազի սակագներին:
Մասնագետների կարծիքով, առկա ենթակառուցվածների պայմաններում, Ադրբեջանը կարող է տարեկան 500 մլն խմ գազ արտահանել, որն Իրան է ներհոսելու Խորհրդային Միության ժամանակ` 1971թ. կառուցված, շուրջ 1474 կմ երկարությամբ Ղազախ–Աստարա գազատարով, որի 296 կմ–ը անցնում է Ադրբեջանի տարածքով:
Նշենք, որ կողմերը գազի սակագների մասին որևէ տեղեկություն չեն հայտնել, թեև «Թրենդ»-ի տվյալներով նոյեբերյան բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև այդ հարցը: Նույն աղբյուրը նշում է, որ ոչ պաշտոնական տվյաների համաձայն Ադրբեջանը Թուրքիային գազը վաճառում է 1000 խմ 120 դոլարով, իսկ Վրասնտանին` 120-180-ով: Ի դեպ, Ադրբեջանը հունվարի 1-ից նույնքան էլ արտահանելու է Ռուսաստան:
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ












