Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ՀՀ Կրթության և գիտության նախարար Տիար Արմեն Աշոտյանի մասնավոր հրահանգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել էր «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնը, որն անցկացվեց Վեհափառ Հայրապետի գահակալության տասնամյա հոբելյանի առիթով:
Ծրագիրը, որի նպատակն էր աշակերտներին հաղորդ դարձնել Սուրբ Պատարագի խորհրդին և երգեցողությանը, իրականացվեց երեք փուլով` տարածաշրջանային, մարզային և հանրապետական:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եղեկեցու Հայաստանյան թեմերի, տեղական ինքնակառավարման մարմինների կրթության վարչությունների և նրանց կողմից լիազորված անձանց, ինչպես նաև երաժշտագետների և արվեստաբանների անդամակցությամբ ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերը, մասնակցելով միջոցառումներին, տարածաշրջաններից ընտրեցին մեկ լավագույն միջոցառում: Յուրաքանչյուր տարածաշրջանից ընտրված լավագույն միջոցառումները մասնակցեցին մարզային փուլին, որի գնահատման համար ձևավորված նոր հանձնախմբերը յուրաքանչյուր մարզից հաղթող ընտրեցին մեկական դպրոց: Վերջիններս ներկայացան հանրապետական փուլ` եզրափակիչ եռօրյա միցույթ-փառատոնին, որն անցկացվեց Էջմիածնի հայորդաց տանը:
Հանրապետական փուլի յուրաքանչյուր անվանակարգի գնահատման համար մշակվեցին չափորոշիչներ, ձևավորվեց հատուկ հանձնախումբ, որը եռօրյա մրցույթ-փառատոնի ավարտին ընտրեց «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերի և գլխավոր` «Հայրապետական մրցանակ»-ի արժանացած դպրոցների:
Սույն մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետության տասնամյակին նվիրված ցերեկույթի ընթացքում, որի ժամանակ կհայտարարվեն մրցանակակիր դպրոցները:
Հանդիսությունը կկայանա ս/թ դեկեմբերի 15-ին` ժամը` 14.00-ին` Էջմիածնի հայորդաց տան դահլիճում
Մայր Աթոռ Սուրբ Էմիածնի
Քրիստոնեական Դաստիարակության կենտրոն












