ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մրցանակ է ստացել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը գոհունակությամբ հայտնում է, որ պետքարտուղար Քլինթոնը 2009 թ. «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը շնորհել է դեսպան Մարի Լ. Յովանովիչին:
«Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» ամենամյա մրցանակը շնորհվում է ԱՄՆ այն դեսպանին, ով իր նշանակման երկրում բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության և կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջ մղման հարցում:
Դեսպան Յովանովիչին ընտրելով այս մրցանակի համար` պետքարտուղար Քլինթոնը առանձնացրել է սկզբունքային առաջնորդման ու դիվանագիտական միջոցների օգտագործման նրա նորարարական մոտեցումը մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, որպես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչ, խթանելու և պաշտպանելու հարցում:
Պետքարտուղար Քլինթոնը առանձնակի նշել է դեսպան Յովանովիչի և նրա ղեկավարած թիմի շահապաշտպան գործունությունն ուղղված 2008թ. փետրվարին կայացած վիճահարույց ընտրություններից հետո ձերբակալվածների հանդեպ իրավաչափ գործընթացների ու թափանցիկ քննությունների ապահովմանը, և դեսպանի ջանքերն ուղղված Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանը` միաժամանակ ապահովելով դրական հարաբերություններ Հայաստանի կառավարության հետ:
Այս մրցանակի շնորհման մասին հայտարարությունը կատարվել է ԱՄՆ կառավարության կողմից դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մրցանակը դեսպան Յովանովիչին կհանձնվի եկող տարվա սկզբին:
2008թ. սեպտեմբերին Հայաստան ժամանելով` դեսպան Յովանովիչը մարդու իրավունքների ու ժողովրդավարայնացման խթանման գործընթացներում ներառել է քաղաքացիական հասարակությանն ու կառավարությանը` աշխատելով այդ ուղղությամբ հետևողական և ծանրակշիռ կերպով: Թե հրապարակային, թե մասնավոր ուղիներով դեսպան Յովանովիչն ակտիվորեն աշխատել է` խթանելու այնպիսի կառուցողական միջավայր, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունը կարող են լուծել ժողովրդավարայնացման ճանապարհին Հայաստանի առջև ծառացած հրատապ խնդիրները:
Երբ դեսպան Յովանովիչն իմացավ, որ մրցանակը շնորհվելու է իրեն, ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին, սակայն այդ մրցանակին իրավամբ արժանի են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ իրականացնողները` լինեն կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից, թե լրատվամիջոցներից: Ինչպես նշել է պետքարտուղար Քլինթոնը` մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ցանկացած բանական էակի բնատուր իրավունքներն են, որոնք մարդկային արժանապատվության, միջազգային խաղաղության ու առաջընթացի հիմքն են կազմում: Դիվանագիտական իմ ողջ գործունեության ընթացքում ես հավատացել եմ այդ սկզբունքներին և, որտեղ էլ որ աշխատել եմ, ձգտել եմ խթանել այդ սկզբունքները: Կարծում եմ`18 տարիների ընթացքում Հայաստանը առաջընթաց շատ է ունեցել, սակայն մարդու իրավունքների ոլորտում դեռ շատ անելիք կա: Ես ուզում եմ օգնել այդ հարցում և ուզում եմ դա անել կառուցողականորեն»:












