Թուրքիայի ճոճանակը երկար չի ճոճվի
Եվրոպական ինտեգրացիա Հ/Կ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր «Դե Ֆակտո» մամուլի ակումբում հրավիրված մամլո ասուլիսում ամփոփելով 2009թվականը, նշեց, որ տարին ընթացավ հայ- թուրքական գործընթացների ներքո: Հետևապես.« Հայ-թուրքական հարաբերություններն ամփոփելու և վերլուծելու ճիշտ ժամանակն է» : Նա նկատեց, թե այժմ կարելի է ուշադրություն սևեռել Էրդողանի` Միացյալ նահանգներ կատարած այցելության, ինչպես նաև Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից քրդական կուսակցության գործունեության դադարեցման վերաբերյալ կայացված վճիռի վրա:
Ինչպես նկատում է Կարեն Բեքարյանը, Թուրքիան փորձել է և կփորձի 3 հիմնական խնդիրների շուրջ վարել այնպիսի քաղաքականություն, որ եթե երկուսից որևէ մեկում չկարողանա առաջխաղացում ապահովել, ապա կկենտրոնանա երրորդի վրա: «Այսինքն կկիրառի ճոճանակի տարբերակը: Մի կողմից քրդական հարցն է, մյուս կողմից կիպրականը, և սրանց ավելացավ հայ-թուրքական խնդիրը: Թուրքիան փորձում է միջազգային հանրության աչքերին թոզ փչել` ապացուցելով , որ ինքը կառուցողական քաղաքականություն է իրականացնում: Եվ պետք է ասել, որ այդ քաղաքականությունը Թուրքիայի համար բավականին արդյունավետ է եղել վերջին տարիների ընթացքում»:
Ըստ Կ. Բեքարյանի, թուրքական իշխանությունները հայտնվել են բավականին դժվար իրավիճակում: Միացյալ Նահանգների հետ բանակցությունները արձանագրեցին բավականին «մեղմ» զարգացումներ: «Պարզվեց, որ Թուրքիան ցանկություն չունի Աֆղանստան զորք ուղարկել: Սա այն հիմնական ելակետային հարցն էր, որի շուրջ պետք է ԱՄՆ-ն իր ստրատեգիական գործընկերոջ հետ պայմանավորվածություն ձեռք բերեր: Սակայն Թուրքիայի մերժումը մեծ հարված էր Միացյալ նահանգների համար:
Հիշենք, որ Թուրքիան իր զինվորականների քանակով երկրորդ երկիրն է ՆԱՏՕ-ում, հետևաբար ԱՄՆ-ը մեծ հույսեր էր կապում նրա հետ:
Շարունակելով տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու քաղաքականությունը` Թուրքիան փորձեց հանդես գալ մի նոր կեցվածքով. այն է` փորձեց դառնալ միջնորդ երկիր` Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում.«Սակայն Իրանը հայտարարեց, որ Թուրքիայի միջնորդության կարիքը չի զգում»:
Անդրադառնալով Թուրք-իսրայելական խնդրին, քաղաքագետը նկատեց, թե Թուրքիայի համար լուրջ խնդիր է նաև Իսրայելի հետ հարաբերությունների հստակեցումը: «Այստեղ, սակայն, մեծ է ԱՄՆ -ի դերը: Վերջինս թույլ չտվեց, որպեսզի խնդիրն առավել սուր բնույթ կրի: Սակայն ԱՄՆ-ում գտնվող իսրայելական լոբին կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա»: Կարեն Բեքարյանը նկատում է, որ այս բոլոր խնդիրները բավականին բարդ իրավիճակ են ստեղծում Թուրքիայի համար:
Վերլուծելով ստեղծված իրավիճակը Կ.Բեքարյանը այն կարծիքին է, որ մարտ-ապրիլ ամիսների ընթացքում, ամենայն հավանականությամբ, կսկսվի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը:
Հարցին, թե որքանով թուրքական կողմին հաջողվեց հայ- թուրքական գործընթացը շաղկապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ, քաղաքագետը համոզված է, որ ներկայումս շահագրգիռ կողմը որևէ «առաջընթաց» չի արձանագրել:
ArmAr.am












