Սլովակիայի դեսպանը Արման Կիրակոսյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը
Ս. թ. դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպան պարոն Յոզեֆ Միգաշին (Josef Migaš)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին իր նոր առաքելությունը ստանձնելու առիթով՝ փոխնախարար Կիրակոսյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կնպաստի Հայաստանի եւ Սլովակիայի Հանրապետության միջեւ համագործակցության ընդլայնմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով:
Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ փոխայցելությունների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը:
Դեսպանի խնդրանքով փոխնախարարն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:
ArmAr.am












