Աշակերտները հետաքրքրված են գրաբարով և պատարագով
Հայոց Եկեղեցու պատմության դասավանդումը հայ երեխային հնարավորություն է տալիս դեռևս դպրոցական տարիքում ծանոթանալ դարերի ընթացում Հայ Առաքելական Եկեղեցու իրականացրած ազգապահպանման գործին, ճանաչել ճշմարիտ դավանանքը և խուսափել աղանդավորների ճանկն ընկնելուց:
Սիրանույշ Առաքելյանը դեռևս 1998 թվականից Հայոց Եկեղեցու պատմություն է դասավանդում Ձորաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում: Այն ժամանակ առարկան դեռևս պետական ծրագրում ընդգրկված չէր, այլ դասավանդվում էր տնօրենների հայեցողությամբ: Տասնմեկամյա դասավանդման ընթացքում Սիրանույշ Առաքելյանին հաջողվել է Հայոց Եկեղեցու պատմության դասընթացում ներգրավել նաև աշակերտների ծնողներին, ովքեր, վերջինիս հավաստմամբ, փորձում են Հայ Առաքելական եկեղեցու մասին գիտելիքները լրացնել դասագրքերի օգնությամբ:
«Աշակերտներս սիրով են հաճախում դասերին, մեծ հետաքրքրությամբ և հաճույքով են սովորում: Փորձում եմ նրանց ոգևորությանը նոր լիցք հաղորդել` միջոցառումների, ուխտագնացությունների միջոցով: Դասավանդմանս առաջին տարիներին գյուղում աղանդավոր աշակերտներ կային, բայց, փառք Աստծո, կարողացանք նրանց վերադարձնել ազգային եկեղեցու գիրկը և իրենք էլ նպաստեցին շատերի վերադարձին: Համայնքից գտնվեցին մարդիկ, որոնք ձեռնամուխ եղան գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բարեկարգմանը: Ուզում են հիշատակել նրանցից երկուսի անունները`գյուղապետ Արայիկ Մուքայելյան և բժիշկ Արա Մինասյան. նրանց ֆինանսական աջակցությամբ իրականացվեց եկեղեցու վերականգնման աշխատանքները: Աշակերտների միասնական ուժերով եկեղեցին պարբերաբար մաքրվում է, որտեղ էլ երբեմն անցկացնում ենք Հայոց Եկեղեցու պատմության դասերը»,- ասաց Սիրանույշ Առաքելյանը:
Սիրանույշ Առաքելյանը վստահ է, որ Հայոց Եկեղեցու պատմության դասավանդման արդյունքում եկեղեցու հանդեպ սերը, պատշաճ վերաբերմունքը և հարգանքը վերականգնվել է: Նա իր դասերը սկսում է Տերունական աղոթքով և պատմում է, որ աշակերտները մեծ սիրով են աղոթում և ամեն ինչ անում են զանգի հետ դասարան մտնելու համար, որպեսզի «չզրկվեն» «Հայր մերից»: Երեխաներին ոգևորում է Ազգային եկեղեցու պատմությունը, որն էլ նպաստում է ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, և երեխան դեռևս դպրոցում` կարողանում է ճանաչել Աստծուն և նրա պատվիրանները:
«Աղոթքների և 6-րդ դասարանում ուսուցանվող «Հավատամքի» միջոցով աշակերտները ծանոթանում են գրաբարին և կարողանում են ճիշտ թարգմանել»,- հավելեց Սիրանույշ Առաքելյանը: Վերջինս ցանկանում է 2010 թվականին, դպրոցական ծրագրին համընթաց, աշակերտներին ծանոթացնել նաև պատարագին և հավատացած է, որ Աստծո կամքով իրեն կհաջողվի դա անել, քանի որ երեխաները հետաքրքրված են պատարագով և տնօրեն Ռայա Գաբրիելյանն ամեն կերպ աջակցում է դասընթացի կայացմանը:
«Երեխաները հաճույքով են սովորում գրաբարը և իրենք են պահանջում նոր աղոթքներ սովորեցնել: Դրան զուգահեռ դպրոցում ավանդական են դարձել ազգային տոների նշումը: Դրանց թվում` Տյառն ընդառաջը, Սբ. Սարգիսը, Սբ. Համբարձումը, Սբ. Հարության տոնը, Ավետումը»,- հավելեց Սիրանույշ Առաքելյանը:
Հայոց Եկեղեցու պատմության դասավանդման սկզբնական փուլում աղանդավորները զանազան ձևերով փորձում էին խոչընդոտել դասընթացի իրականացմանը: Սակայն արդեն ունենք հազարավոր շրջանավարտներ, ովքեր ծանոթ են Հայ Առաքելական եկեղեցու անցած ուղուն և ճշմարիտ դավանանքին:
Հայոց Եկեղեցու պատմության ուսուցիչները նկատում են, որ դասընթացի ժամանակ առավել պասիվ են աղանդավոր ծնողներ ունեցող աշակերտները, սակայն հավատացած են, որ այս դասընթացն անհետևանք չի մնա:
Արմենուհի Կարեյան












