Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան

Ազգերի նոր ինքնորոշում հետխորհրդային տարածքներում

Դեկտեմբեր 14, 2009թ. 18:31

SAMARGANDՉնայած ԽՍՀՄ կայսրության փլուզումից հետո արցախահայերն առաջինն էին, որ ինքնորոշման և հայրենիքին միանալու ցանկություն հայտնեցին, բայց վերջինը չդարձան բռնությունների ենթարկվելու առումով: Արցախը, սակայն, միակն էր, որ ազգային ուժերով կարողացավ ազատագրվել: Հայաստանի հյուսիսում Աբխազիան, Օսիան ու Աջարիան ռուսական բացահայտ աջակցություն ստացան, և միանշանակ, դա էր պատճառը, որ հետագայում ռուսական կողմը համաձայնության եկավ վրացիների հետ և Աջարիան վերահանձնեց վերջիններիս: Մեզանից արևմուտքում Ղրիմն է, որը ևս ազգային ինքնորոշման խնդիրներ ունի` այս անգամ Ուկրաինայի հետ:

Խորհրդային բռնատիրության ռեժիմին զոհ են դարձել նաև Տաջիկստանի երկու խոշոր տարածքներ, որոնք, սակայն, մեր օրերում նոր-նոր են ինքնորոշման ցանկության մասին ակնարկում:

Սամարղանդն ու Բուխարան այսօր Ուզբեկստանի հարավում են: Շուրջ 17.000 քմ տարածք ունեցող Սամարղանդի շրջանում ներկայումս բնակվում է 2 մլն մարդ` հիմնականում տաջիկներ և ռուսներ: Բուխարան շատ ավելի մեծ է: Զբաղեցնում է 40.300 քկմ` 1 մլն. 505 հազար բնակիչներով: Այստեղ ևս տաջիկները մեծամասնություն են կազմում: Եվ ահա, ԽՍՀՄ փլուզումից արդեն 20 տարի անց Տաջիկստանում, վերջապես, հասկացել են, որ այս երկու տարածքներն էլ իրենց հայրենիքի մի մասն են, հետևաբար դրանք պետք է ոչ թե Ուզբեկստանի, այլ հենց Տաջիկստանի կազմում լինեն: Այս մասին անգամ հայտարարություններ են հնչում Տաջիկստանի նախագահի մակարդակով: Օրեր առաջ Էմոմալի Ռահմոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը հաճախ է վիճաբանում իր ուզբեկ գործընկերոջ հետ Սամարղանդի և Բուխարայի հարցով, մի անգամ էլ գործը հասել է բռունցքների: Բայց եթե մինչև այժմ իրենց զսպում էր ռուսական բարեկամության գործոնը, ապա հիմա տաջիկներն էլ սպասել չեն կարող: «Մենք անպայման կվերադարձնենք Սամարղանդն ու Բուխարան»,-ռուսական «Времья новостей» թերթի փոխանցմամբ, նշել է Տաջիկստանի ղեկավարը:

Փաստը, որ հետխորհրդային տարածքներում ազգային օջախների նման բռնկումներն անխուսափելի են, հասկանալի և պարզ է բոլոր պետությունների համար: Ուզբեկստանում էլ լավ են հասկանում, որ վաղ թե ուշ այս երկու տարածքներում իրենք լուրջ խնդիրներ կունենան տաջիկ հասարակության հետ, հնարավոր ընդհարումները տաջիկական պետության հետ ևս բացառված չեն: Դատավորի կամ պատմաբանի դեր չստանձնենք և չփորձենք պարզել` իրականում տաջիկական պատմական հողե՞ր են Սամարղանդն ու Բուխարան, թե՞ պարզապես տաջիկ բնակիչների միջոցով փորձ է արվում ուզբեկներից վերցնել մեր երկրից չափսերով երկու անգամ ավելի մեծ տարածքներ: Ինչևէ, հայկական կողմի համար աշխարհի ցանկացած կետում ազգային ինքնորոշման ցանկացած երևույթ հերթական հնարավորությունն է` նույն այդ աշխարհին ապացուցելու, որ Արցախը ևս ազգային ինքնորոշման օրինակ է, ավելին` առաջին օրինակը խորհրդային բռնակցումներից ազատվելու փորձով: Հենց դրանից էլ, ի դեպ, սարսափում են հարևան ադրբեջանցիները: Տաջիկստանի նախագահի հայտարարության հաջորդ օրն իսկ ադրբեջանական քաղաքագետները ահազանգեցին «Ղարաբաղյան սցենարի» արևելյան տարբերակների կրկնության մասին: «Տաջիկստանը համագործակցում է Հայաստանի հետ, մանավանդ որ երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամ են»,-նշում է  քաղաքական տեխնոլոգիաների «թիվ մեկ» մասնագետ Մուբարիզ Ահմեդօղլուն:  Վերջինս նաև համոզված է, որ եթե տաջիկները պատերազմեն ուզբեկների դեմ, Հայաստանն անպայման կօգնի տաջիկական կողմին` ելնելով ՀԱՊԿ պարտավորություններից, ինչպես որ տաջիկները կօգնեն հայկական կողմին` Ադրբեջանի դեմ հավանական պատերազմում:

Ադրբեջանցիների հանճարեղ քաղաքագետը, սակայն, մոռացել է, որ Ուզբեկստանը ևս ՀԱՊԿ անդամ է: Այս դեպքում, ադրբեջանական տրամաբանությամբ, մենք պետք է երկու երկրներին էլ ռազմական օգնություն ցույց տանք, իսկ եթե Ադրբեջանը մեր դեմ ռազմական հերթական ագրեսիա սկսի, ապա մեզ օգնության կհասնեն Տաջիկստանն ու Ուզբեկստանը միասին:

Ադրբեջանցիների մեկ այլ հայտնի քաղաքագետ, պատմաբան Էլդար Իսմայլովն էլ զուգահեռներ է տանում Արցախի ու Սամարղանդ-Բուխարայի միջև` սեփական հասարակությանը համոզելով, որ չնայած ասիական տարածքները պատմականորեն տաջիկներին են պատկանում, բայց չի կարելի խլել դրանք ուզբեկներից, քանի որ արդեն իրենց վրա են կրում ուզբեկական մշակույթի ու պատմության «վերջնական դրոշմը»: Ժողովրդական բանահյուսությամբ, ադրբեջանցու այս պահվածքը կարելի է բնորոշել որպես «Պղտոր ջրում ձուկ որսալ», կամ հարսի օրինակով շատ տիպիկ մեկ այլ արտահայտությամբ, սակայն ելնելով քաղաքավարությունից, ձեռնպահ մնանք բնորոշումներ տալուց:

Փաստ է, սակայն, որ Ադրբեջանում ահաբեկված են մեզ շատ մոտ տարածաշրջանում ազգային ինքնորոշման հերթական  զարթոնքի դրսևորումներից: Նման դեպքերը հասկանալի պատճառներով ամեն անգամ մահացու վիրավորում են ադրբեջանցիներին…

Հ.Գ. Ասիական երկրներում «Ղարաբաղյան սցենար» թույլ չտալու համար դեկտեմբերի 14-ի առավոտյան արտահերթ նիստ է հրավիրել Ադրբեջանի կառավարությունը: Նախարարները միաձայն գտել են տաջիկա-ուզբեկական հնարավոր հակամարտության գլխավոր մեղավորին: Այս անգամ անարգանքի սյունին Ռուսաստանն է գամվել:

Նաիրի Հոխիկյան


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն