«Ով աշխարհին առաջինն է ասում իր խոսքը` նա է իրավացի»
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) փոխնախագահ Արման Սաղաթելյանը
-Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները պետական, ազգային շահերին առնչվող խնդիրների շուրջ միշտ միասնական մոտեցում են ցուցաբերում և համապատասխան քարոզչություն իրականացնում։ Մինչդեռ հայաստանյան ԶԼՄ-ների կողմից խնդրի նման մոտեցում չի դրսևորվում: Կարելի՞ է ասել՝ մեզ մոտ ազգային շահերից բխող քարոզչությունն անհրաժեշտ մակարդակի վրա չէ…
– Ես համակարծիք չեմ ձեր դիտարկման հետ։ Ճիշտ է, Ադրբեջանը բավականին համակարգված գործունեություն է ծավալում, սակայն չի կարելի ասել, թե այն ամենն, ինչն անում են՝ արդյունավետ է։ Նրանք զգալի ռեսուրսներ են ծախսում, բայց կարծում եմ, որ նրանց հիմնական թիրախային խումբը ներքին սպառման, մասսամբ՝ արտաքին դաշտերի համար «արտադրվող» քարոզչական նյութերն են: Այսինքն՝ մենք նրանց կողմից չենք դիտվում որպես թիրախային խումբ։
Ինչ վերաբերում է հայաստանյան ԶԼՄ-ներին, ապա քարոզչության ուղղությամբ դրական միտումները, միանշանակորեն, զգալի են։ Եթե համեմատենք այն, ինչ կար մի քանի տարի` կամ նույնիսկ մեկ տարի առաջ, կտեսնենք, որ այսօր բավականին դրական աճ կա։ Դա վերաբերում է` ինչպես նախկինում գործող մեր տեղեկատվական ռեսուրսների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ նոր ռեսուրսների ի հայտ գալուն։Եթե այն ժամանակ հիմնական տեղեկատվական ցանցային ռեսուրսներն ընդամենը` մեկ-երկուսն էին, այսօր դրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի, որոնք բավականին ակտիվ ու համակարգված գործունեություն են ծավալում։ Այդ միտումը հնարավոր չէ չնկատել։ Միաժամանակ մեծ աշխատանք է կատարվում նաև սեփական տեղեկատվական ռեսուրսների պաշտպանության ուղղությամբ։ Վերջերս՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի նախաձեռնությամբ, ծավալուն աուդիտ անցկացվեց պետական կայքէջերի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Դիտարկվեցին, մոտավորապես. 100 կայքեր, արդյունքում ի հայտ եկան վտանգ հանդիսացող բոլոր բացթողումներն ու թերացումները: Այսօր արդեն կան որոշակի չափորոշիչներ՝ խոսքս վերաբերվում է տեխնիկական անվտանգությանը, որոնցով պետք է առաջնորդվեն կարևոր ռազմավարական նշանակություն ունենող կայքերը։
– Մեզ մոտ, եթե անհրաժեշտություն է լինում որևէ խնդրի շուրջ որևէ պաշտոնյայի տեսակետն իմանալ, հիմնականում մերժում ենք ստանում։ Իսկ հարևան երկրում, տեսնում ենք, թե ինչպիսի համակցված աշխատանք է իրականացվում։ Չե՞ք կարծում, որ այս պասսիվ դիրքորոշմամբ մենք նրանց ջրաղացին ջուր ենք լցնում։
-Նրանք կարողացել են ժամանակին ստեղծել «փորձագետների» մի շրջանակ, որոնց վկայակոչում կամ ներգրավում են նման քարոզչական գործընթացներին։ Բայց այդ` այսպես կոչված, փորձագետների մեծ մասին ոչ ոք չի ճանաչում, նրանք միայն տպավորություն ստեղծելու համար են և ուրիշ ոչինչ: Իհարկե, այս առումով, մենք նաև թերացումներ ունենք, որովհետև առայժմ զգալի մակարդակի վրա չի գտնվում պետական կառույցների հասարակայնության հետ կապերի ոլորտը։ Այնտեղ շատ անելիք կա։ Ես գիտեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, կարծում եմ, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա։
– Դուք ասում եք, որ ադրբեջանական քարոզչությունը ներքին սպառման համար է։ Սակայն, չե՞ք կարծում, որ, գուցեև ներքին սպառման համար աշխատելով, նրանք ստեղծում են որոշակի գաղափարախոսություն…
-Դա Ադրբեջանի ներքին շրջանառության գործընթացն է, որքանո՞վ է իրատեսական ներկայումս խառնվել իրենց ներքին տեղեկատվական շրջանառության մեջ։
–Եթե նրանք կեղծում են մեր պատմությունը, դա պետք է դիտվել որպես ներքին շրջանառնության գործընթա՞ց։
-Կարծում եմ, հայաստանյան այն կառույցները, որոնք պատասխանատու են դրա համար, բավական ակտիվ արձագանքում են ադրբեջանական ապատեղեկատվությանը։ Տեղեկատվական մեր ռեսուրսները վատ են գործում։ Վերջերս «Եվրոնյուզ»-ը ցուցադրել էր Մայքլ Ռիչմանի «Փոփոխությունների քամին Լեռնային Ղարաբաղում» (“Winds of change in Nagorno Karabakh”) հաղորդումը, որտեղ ներկայացվել են ԼՂՀ պատմությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս ցուցադրությունը ևս լուրջ առաջընթաց էր՝ միջազգային հանրությանը ղարաբաղյան խնդրի իրական պատկերը ներկայացնելու համար։ Հարկ է նկատի ունենալ, որ Ադրբեջանը` չնայած նրան, որ ահռելի ռեսուրսներ ծախսելով փորձում է կեղծել պատմությունը, սակայն, ի վերջո, ճշմարտությունն ի հայտ է գալիս։ Եվ ադրբեջանական հիստերիան, որ բարձրացվեց «Եվրոնյուզ»-ի տեսանյութի դեմ` դրա վկայումն է։ Այսինքն՝ հեշտ չէ կեղծել ամեն ինչ։ Իհարկե, կարելի է քարոզչական ռեսուրսն օգտագործել, ստեղծել տարածական պատկերացումներ կամ փորձել աղավաղել իրականությունը, բայց ոչ ծայրահեղ աստիճանի։ Ի վերջո, կան օբյեկտիվ փաստեր, կան մարդիկ, ովքեր այդ փաստերին քաջատեղյակ են, կան շտեմարաններ, որտեղից կարելի է այդ փաստերին իրազեկվել։
– Հայտնի է, որ քարոզչության մեջ հաղթում է նա, ով առաջինն է նախահարձակ լինում. տեղեկատվական դաշտում մեր դիրքորոշումները ներկայացնելիս` ճիշտ չէ՞ր լինի առաջնորդվել այդ սկզբունքով։
-Դա սկզբունք է, որ ձևավորվել է շատ վաղուց և որով առաջնորդվել է հիմնականում Գեբելսը. կարգախոսը հետևալն է. «Ով աշխարհին ասել է առաջին խոսքը, նա էլ՝ իրավացի է»։ Իհարկե, առաջնայնությունը շատ կարևոր գործոն է, որովհետև առաջինը լինելը միշտ շատ ավելի արդյունավետ է, քան հետագա մերժումները կամ արդարացումները, կամ իրավիճակի շուրջ սեփական կարծիքներ հնչեցնելը։ Այսինքն, այստեղ նույնպես անելիքներ կան՝ օպերատիվ աշխատանքի, օպերատիվ արձագանքման և առաջինը լինելու գործում։
-Տեղեկատվական պատերազմը շահերի բախում է, որտեղ բնականաբար, ամեն մեկն իր շահն է պաշտպանում, ինչքանո՞վ ենք մենք կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը։
-Փորձում ենք պաշտպանել, սակայն այդ ճանապարհին առայժմ բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած ֆինանսական խնդիրներից, տեխնիկական հագեցվածությունից, մինչև կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: Սա այնպիսի ոլորտ է, որն ամեն օր զարգացում է պահանջում։ Մենք պետք է ժամանակին համընթաց քայլենք, որպեսզի կարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին։ Ինչ խոսք, այնպես չէ, թե ոչինչ չի արվում։ Գուցե մեր հարևաններն ավելի՞ն են անում, բայց ո՞րն է նրանց արածի արդյունավետությունը, երբ` չնայած ծախսվող հսկայական միջոցներին, անհրաժեշտ արդյունք չեն ապահովում։ Մինչդեռ տեղեկատվական զենքի կիրառման առավելությունը նրանում է, որ կարողանաս քիչ ռեսուրսներով մեծ արդյունավետություն ապահովել։ Ադրբեջանի պարագայում, ինչպես ասացի, հակառակն է:
-Մենք` լրագրողներս, սիրում ենք խոսել խոսքի ազատությունից, բայց երբեմն մամուլում հայտնվում են այնպիսի հոդվածներ, այնպիսի լրատվություն, ինչն ուղղակիորեն հակասում է մեր պետական, ազգային շահերին։ Ի՞նչ է ստացվում, խոսքի ազատությունը պետք է հանգեցնի ազգային շահի դեմ գործողությունների՞։
– Իհարկե՝ ոչ։ Կան մի շարք լրագրողական կառույցներ և հասարակական կազմակերպություններ, որոնք այլ դիրքորոշում ունեն, որովհետև նրանց համար խոսքի ազատությունը դիտարկվում է որպես բացարձակ ազատություն։ Պետք է հիասթափեցնեմ բոլորին և ասեմ, որ դա ամենևին էլ այդպես չէ. խոսքի ազատությունը անգամ քաղաքակիրթ երկրներում չի ընկալվում որպես բացարձակ ազատություն, և կարող է սահմանափակվել՝ ելնելով ազգային անվտանգության խնդիրներից, ելնելով տվյալ երկրի դեմ ուղղված մարտահրավերներից։ Այսինքն՝ խոսքի ազատությունը խոսքի «բեզպրեդելը» չէ։ Կարծում եմ, որ մեր լրագրողական շրջանակներում այդ գիտակցումը դեռևս չկա։
-Ի՞նչ պետք է անել, որ լինի։
– Տարբեր կառույցների կողմից հնչող այն միտքը, թե այդ դաշտը պետք ինքնակարգավորվի կամ ինքնահավասարակշռվի, ես դրան չեմ հավատում։ Այն համակարգը, որը չի ղեկավարվում, նրանում քաոս է տիրում։ Խոսքս, իհարկե, գրաքննության մասին չէ: Բայց մի բան հստակ է. մի շարք զարգացած երկրներում, որոնք ներկայանում են որպես խոսքի ազատության ջատագովներ, իրականում ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։ Այսինքն՝ շատ դեպքերում մենք գործ ունենք, այսպես կոչված, երկակի ստանդարտների հետ։
– Գուցե հարկ է հստակեցնել խոսքի ազատության սահմաննե՞րը, չէ՞ որ կա մի սահման, որից այն կողմ մենք գործ ունենք, ոչ թե խոսքի ազատություն, այլ ապազգային քարոզչության հետ:
– Այո, համաձայն եմ: Այսօր արդեն իսկ կան մի շարք օրենսդրական նախաձեռնություններ և այդ ուղղությամբ քննարկումներ են տեղի ունենում։ Պետությունը նույնպես քայլեր է ձեռնարկում։ Օրինակ՝ «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի» ընդունում շատ լուրջ քայլ է, կամ ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի ստեղծումը, որը կոչված է համակարգելու պետական կառույցների տեղեկատվական ստորաբաժանումները։ Այսինքն, այս ոլորտում ևս հնարավոր չէ լուրջ ձեռքբերումներ ունենալ` առանց ամուր պետական համակարգի զարգացման։
Հարցազրույցը` Գոհար Փիլթոյանի












