ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարգելի քաղաքացիներ
Այսօր ազգովի նշում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18-րդ տարեդարձը:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին արցախահայությունը նոր էջ բացեց մեր ժողովրդի հինավուրց պատմության մեջ` հաստատակամորեն կանգնելով ազատ ու անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կերտելու դժվարին եւ պատվավոր ճանապարհին:
Իր ստեղծման առաջին իսկ օրից մեր հանրապետությունը ստիպված էր լուծել դժվարին խնդիրներ եւ առաջին հերթին ապահովել երկրի ու քաղաքացիների անվտանգությունը: Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին Արցախը կարողացավ պատվով իրականացնել այդ առաքելությունը` պահպանելով պետական անկախությունը եւ էլ ավելի ամրապնդելով իր անվտանգությունը: Դա հնարավոր դարձավ հայ ժողովրդի հավաքական ուժի եւ միասնականության շնորհիվ: Հայրենիքի պաշտպանության գործին իրենց կյանքն են նվիրաբերել բազմաթիվ հայորդիներ: Հավե~րժ փառք ու պատիվ նրանց:
Պատերազմից հետո հանրապետության առջեւ ծառացան նոր մարտահրավերներ` այս անգամ արդեն տնտեսական ճակատում: Պետք էր վերականգնել ավերված տնտեսությունը եւ ամուր հիմքեր ստեղծել պետության հետագա զարգացման համար: Համայն հայության ստեղծարար կամքի եւ ապագայի հանդեպ արցախցու լավատեսության ու անսպառ եռանդի շհորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հաջողվեց այդ ամենը իրականացնել համեմատաբար կարճ ժամանակահատվածում:
Այսօր մեր երկիրը կայուն առաջընթաց է ապրում. զարգանում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, բարձրանում է բնակչության կենսամակարդակը: Մեր պետությունում գործում է միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխանող ժաղովրդավարական համակարգ: Արցախը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորագույն գործոններից մեկը, իսկ նրա միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է: Մեր պետության եւ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը` ԼՂՀ Պաշտպանության բանակը, ի զորու է արժանի հակահարված տալ մեր անկախության եւ անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության: Անելիքները դեռ շատ են, եւ մենք պետք է ամենօրյա քրտնաջան ու հետեւողական աշխատանքի միջոցով լուծենք հանրապետության առջեւ ծառացած խնդիրներն ու էլ ավելի զորացնենք հայրենի երկիրը:
Իր զարգացման եւ պետական շինարարության ճանապարհին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետամուտ է հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման եւ խաղաղ գոյատեւման գաղափարներին: Մենք վստահ ենք, որ ցանկացած վիճահարույց խնդիր պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, անմիջական ու անկեղծ երկխոսության միջոցով: Միեւնույն ժամանակ, խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության եւ անվտանգության չնչին իսկ թուլացման մասին: Այս բացառիկ արժեքները ենթակա չեն սակարկության:
Թանկագին հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս կարեւորագույն տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն եւ ամենայն բարիք:
Ստեփանակերտ,
2 սեպտեմբերի 2009թ.












