«Ադրբեջանցիների մի ստվար հատվածը պատրաստ է կրկնել Սումգայիթը. եթե իհարկե հայությունը թուլանա ու կորցնի իր զգոնությունը»
Ադրբեջանցիների մի ստվար հատվածը հայերին արհամարհում է
Այն, որ ադրբեջանական հանրույթը մեր հանդեպ մեղմ ասած հանդուրժող չէ և որ այդպիսին չի դառնա նաև տեսանելի հեռանկարում ակնհայտ իրողություն է: Իսկ կա՞, արդյոք, այդ անհանդուրժողականությունը չափող որևէ հետազոտություն, որը սույն խնդրի վերաբերյալ մեզ կտար հստակ քանակական տվյալներ: Պարզվում է` կա: Այսպես. 2005 թ. Հետաքննող Լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակվել է «Àðìåíèÿ è Àçåðáàéäæàí íà ïåðåïóòüå “ íè ìèðà, íè âîéíû”¦ ուսումնասիրությունը, որի արժեքը կայանում է նրանում, որ հարցումներն անցկացվել են և’ Ադրբեջանում, և Հայաստանում:
Յուրաքանչյուր երկրում հարցման է ենթարկվել 1000-ական մարդ: Այստեղ մենք կանդրադառնանք այդ արժեքավոր ուսումնասիրության մի փոքր հատվածին միայն:
Այսպես. համաձայն Ադրբեջանում կատարված հարցումների տվյալների հարցման 1000 մասնակիցների 93,5%-ը Հայաստանը համարում է թշնամի երկիր: Պարզվել է նաև, որ հարցման մասնակիցների 85,1%-ը հայերին արհամարհում է, 76,9%-ը հայերի հանդեպ համակված է զայրույթով, իսկ 41,6%-ը` ատելությամբ:
Այս տվյալները լրացուցիչ մեկնաբանության կարիք ունեն: Մասնավորապես, հատուկ ուշադրության է արժանի հարցման մասնակիցների 85,1%-ի կողմից հայերին արհամարհելու հանգամանքը:
Այսպես. վերը նշված տվյալներից ակնհայտ է դառնում, որ արհամարհանքը կազմում է հայերի հանդեպ ադրբեջանական հանրույթում տիրապետող անհանդուրժողական դիրքորոշումների մի մասը: Իսկ ի՞նչ է մեզ հայտնի արհամարհանք կոչվող հույզի մասին:
Հույզերի և, մասնավորապես, արհամարհանքի հոգեբանական ուսումնասիրությունն ի հայտ է բերում հետևյալ օրինաչափությունը. արհամարհանքը առաջանում է ոչ միայն միջանձնային շփումներում, ոչ միայն երկու մարդկանց միջև առկա հարաբերություններում, այլև խմբերի, օրինակ` մրցակցող թիմերի և նրանց երկրպագուների միջև: Այսպես. արհամարհանքը կարող է լինել առանձին ընտանիքի, որոշակի շրջանի կամ քաղաքի բնակիչների, դասակարգի կամ էթնիկական խմբի բնութագիրը:
Բացի այդ, հոգեբանական գիտության ասպարեզում ապացուցված է, որ արհամարհանքը հաճախ առաջանում է ոչ թե առանձին, մեկուսացված, այլ կա’մ զայրույթի, կա’մ զզվանքի, կա’մ էլ երկուսի հետ միաժամանակ: Այս երեք հույզերի խումբն անվանում են թշնամական եռյակ: Հետևաբար, թշնամանք ասվածը, անկախ այն բանից, թե ում դեմ է այն ուղղված, իր մեջ պարունակում է արհամարհանքի բաղդրիչ: Ավելին, որևէ մեկի հանդեպ վառ արտահայտված արհամարհանքը մատնում է նրա հանդեպ թշնամանքի առկայության մասին: Հետևաբար, վերը նշված հետազոտության արդյունքները ակնհայտորեն վկայում են, որ ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնությունը հայության հանդեպ համակված է թշնամանքով:
Այստեղ հատկանշականն այն է, որ արհամարհանքը պակաս վտանգավոր չէ, քան ատելությունը: Ասվածի համատեքստում ուշադրության է արժանի հույզերի հոգեբանության անվանի ամերիկյան հետազոտող Քերոլ Է. Իզարդի հետևյալ համոզմունքը, որ «բոլոր նախապաշարմունքները և այսպես կոչված` «սառնասրտորեն» կատարված սպանությունները արհամարհանքի հետևանք են»: Քերոլ Է. Իզարդի հետազոտություններով պարզվել է, որ արհամարհանքը սերտորեն կապված է գերազանցության զգացողության հետ: Բանն այն է, որ եթե մարդ արհամարհում է որևէ մեկին, ապա վերջինիս համարում է ցածրակարգ, մարդկային որակներից զուրկ մեկը, որին վնասելու մեջ դատապարտելի ոչինչ չի տեսնում: Արհամարհանքը դյուրացնում է բռնության գործադրումը, հոգեբանական տարածություն ստեղծում ագրեսորի և զոհի միջև` ազատելով ագրեսորին իր բռնարարքի համար բարոյական ապրումներից` առաջին հերթին մեղքի և ամոթի զգացումներից:
Բնավ պատահական չէ, որ հիտլերյան քարոզչությունը հրեաներին, սլավոններին, գնչուներին հռչակում էր «ենթամարդիկ», ցածրակարգ ռասսա` այդ կերպ նրանց հանդեպ գերմանական հասարակության և բանակի անձնակազմի մոտ խորը արհամարհանք առաջացնելով: Հետևաբար, պետք է հաշվի առնել, որ արհամարհանքը վայրագության հոգեբանական նախադրյալներից է:
Ողջ վերը նշվածից հետևությունը մեկն է. ադրբեջանական հանրույթի մի ստվար հատված առանց վարանելու պատրաստ է կրկնել Սումգայիթը. եթե իհարկե հայությունը թուլանա և կորցնի իր զգոնությունը:
«Ռեգիոն» կենտրոնի հրապարակած ուսումնասիրությունները կատարվել են 2005-ին: Դատելով ուսումնասիրության նախաբանից, վերջինիս նպատակը երկու երկրներում կարծրատիպերի հաղթահարման հնարավորությունները պարզելն էր և ինչու չէ, այդ ուղղությամբ առաջին քայլը կատարելը: Սակայն հրապարակված տվյալներն այս հարցում լավատեսության տեղ չեն թողնում: Անցել է չորս տարի: Այդ չորս տարիների ընթացքում Ադրբեջանում կարծես թե ոչինչ չի փոխվել, հայատյացության քարոզչությունը շարունակվում է նույն թափով, իսկ դա նշանակում է, որ ադրբեջանական հասարակության մի ստվար հատվածի մոտ հայատյացության դիրքորոշումներն ավելի են արմատավորվել:
Իսկ ի՞նչ պետք է անենք մենք: Նման դեպքերում ես հաճախ եմ լսում հետևյալ հարցը` «ի՞նչ անել, մենք էլ ադրբեջանցիների պես կույր ատելության քարոզչություն ծավալե՞նք»: Այստեղ երկմտելու տեղ չկա. անշուշտ ոչ: Ծայրահեղությունների տրվել չի կարելի. մենք պետք է պահպանենք մեր մարդկային դեմքը: Սակայն հայության դիրքորոշումները պետք է լինեն առավելագույնս իրատեսական: Մենք ապրում ենք թշնամու հարևանությամբ, որից վտանգ է բխում: Աչք փակել այդ վտանգի վրա և տրվել ինքնախաբեության` նշանակում է դատապարտվել նորանոր ցեղասպանությունների:
Ընդ որում, ես միտումնավոր եմ գործածում «թշնամի» բառը, քանզի միայն այդ բառն է ճշգրտորեն արտահայտում իրարամերժ շահեր հետապնդող երկու էթնիկ հանրույթների հարաբերությունների բնույթը: Այդուհանդերձ, ադրբեջանական հանրույթի թշնամական լինելը, նրանից բխող վտանգը սթափ գիտակցելով հանդերձ, հարկավոր է միաժամանակ պատրաստ լինել նրա հետ ինչ-ինչ հանգամանքներում հարաբերվել: Ասվածը մեկ նախադասությամբ հնչում է հետևյալ կերպ. պատրաստ լինել թշնամուց պաշտպանվել, պատրաստ լինել թշնամու հետ հարաբերվել:
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ
հոգեբանական գիտ. Թեկնածու












