Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Թուրքիա. Գլխացավից ազատվելու համար ազատվել գլխից

Դեկտեմբեր 15, 2009թ. 16:56

QrderԴեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանում ութժամյա հագեցած քննարկումից հետո հնչեց դատավորի մուրճի ձայնը: Դա նշանակում էր, որ Ահմեթ Թյուրքի ղեկավարած «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) քաղաքական ուժն այլևս կուսակցություն չէր, այլ համախոհների խումբ: Դա նշանակում էր, որ կոտրվեց Թուրքիայի քուրդ ազգային փոքրամասնության ներկայիս քաղաքական ողնաշարը: Ու վերջապես, դա նշանակում էր, որ իրենց իրավունքների պաշտպանության համար քրդերը ստիպված են լինելու դարձյալ ապավինել փողոցային մարտերին, ահաբեկչական հարձակումներին և կամ լավագույն դեպքում գնալ նոր քաղաքական միավորման ստեղծման ճանապարհով:

Թուրքիայի Սահմանադրական դատարանը, վկայակոչելով Սահմնադրության 68 և 69 հոդվածներն ու քաղաքական կուսակցությունների մասին օրենսգրքի 101 և 103 դրույթները` «ԺՀԿ»-ն լուծարելու մասին վճիռ արձակեց: Կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքն ու «ԺՀԿ» պատգամավոր Այսել Թյուղլյուքն էլ վտարվեցին խորհրդարանից: Կուսակցության փակման վճռի հրապարակումից հետո հասարակական ցնցումների մեծ ալիք անցավ Թուրքիայի տարբեր շրջաններում:

Տեղի ունեցան բողոքի զանգվածային միջոցառումներ Ստամբուլում, Իզմիրում, Մերսինում և այլ բնակավայրերում, որոնք ուղեկցվեցին զանգվածային անկարգություններով, ոստիկանական ուժերի հետ բախումներով: Անկառավարելի դարձած քուրդ ցուցարարները հրկիզում ու ջարդուփշուր են անում պատահած խանութները, կրպակներն ու ավտոմեքենաները: Ու թեև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը դրանք որակեց իբրև տեղական նշանակության ընդվզումներ, որոնք համընդհանուր բնույթ չեն կրում, այդուամենայնիվ, թուրք ոստիկանները արտակարգ լարվածության պայմաններում ջրցան մեքենաների ու արցունքաբեր գազի միջոցով են մի կերպ կարողանում դառնալ դրության տերը` խռովության գոտիներում: Այս ամենի մասին տեղեկանալով` ինքդ քեզ տալիս ես շատ սովորական երկու հարց.

Ի՞նչ շահեց Թուրքիան

Առաջին հայացքից թվում է, թե դրանից Թուրքիան երկու «խոշոր» շահում ունեցավ: Բայց միայն` առաջին հայացքից:

  • Քուրդ պահանջատերերը զրկվեցին քաղաքական պայքարի հնարավորությունից: Նշանակում է` թուրքական իշխանությունները հնարավորություն ունեցան ինքնուրույն մշակել քրդական հարցի լուծման սցենարը:
  • Թուրքական կառավարությունը ազդակ ուղարկեց բոլոր ընդիմադիր ուժերին, մասնավորապես, ազգային փոքրամասնությունների շահերի համար պայքարող հասարակական-քաղաքական միավորներին, այն է` չհամարձակվել «ԺՀԿ»-ի նման հանդուգն հարցադումներ անել, հանդես գալ պահանջատիրությամբ:

Ի°նչ կորցրեց Թուրքիան

Ըստ ամենայնի` Թուրքիայի կորուստներն այս դեպքում առավել լուրջ ու ծանր են, քան թվացյալ ձեռքբերումները:

  • Թուրքիան միառժամանակ, իսկ գուցեև երկարաժամկետ հատվածով զրկվեց հասարակական անդորրից: Թուրքիայում ապրող միլիոնավոր քրդերը, տարբեր բնակավայրերում խռովություն բարձրացնելով, բառացիորեն հարցականի տակ են դնում Թուրքիայի ներքին կայունությունը:
  • Թուրքիան սրեց ռազմատենչ տրամադրությունները քուրդ գրոհայինների մեջ: Շեշտակիորեն մեծացավ քուրդ գրոհայինների զինված պայքարի վերսկսման հավանականությունը:
  • Հարված հասցվեց Թուրքիայի միջազգային հեղինակությանը: Քրդական հարցի լուծման պատրաստակամություն հայտարարած թուրք իշխանավորները ոչ ավել ոչ պակաս լուծարեցին նույն այդ հարցի լուծմամբ շահագրգիռ միակ քրդական կուսակցությունը: Հերթական ապացույց, որ ժողովրդավարական արժեքները Թուրքիայում չեն հարգվել ու չեն հարգվում:
  • Անկարան մի փուշ կամ մի քար էլ ավելացրեց իր եվրանդամակցության` առանց այդ էլ տատասկապատ ճանապարհին: Սկուտեղի վրա կարծես ճնշման մի լծակ տվեց Արևմուտքին, հարկ եղած դեպքում իրեն սաստելու կամ զիջումների պարտադրելու համար:

Նկատենք, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանն իր հիմնադրումից մինչև օրս (1963-2009թթ.) վերջակետ է դրել 25 քաղաքական կուսակցությունների գոյությանը: Առաջինը փակվեց «Բանվորագյուղացիական կուսակցություն»-ը (İÇP)` 1968 թվականին: Իսկ ահա «Մարդու իրավուքների պաշտպանություն» կազմակերպության բնորոշմամբ` «ԺՀԿ»-ն միջազգային իրավունքի նորմերին չհամապատասխանող թուրքական օրենքների վերջին զոհն էր:

Ավելի քան հստակ է. ուժով հարց լուծելը Թուրքիայում սկզբունքի հարց է: Մի դեպքում դա կլինի քրդերին ջարդող թուրքական կանոնավոր բանակը, մյուս դեպքում Սահմանադրական դատարանի վճիռը, որը ենթակա է պարտադիր կիրառման: Ինչպես Ահմեթե Թյուրքն էր ասում, Թուրքիան կուսակցություն փակելով հարց չի կարող լուծել, հարկավոր է երկխոսել: Բայց, հարգելիդ իմ, երկխոսության համար նախ պետք է դավանել դեմոկրատական գաղափարների, նախ պետք է քաղաքականապես հասունանալ ու քաղաքակրթվել. Մինչդեռ Թուրքիայում այդ ամենը բացակայում է: Ակնհայտ է` քրդական հարցի լուծման «ԺՀԿ»-ի քաղաքական հետևողականությունն ու պահանջատիրությունն Անկարայի համար իսկական գլխացավանք էր, և նա դիմեց զարմանալու չափ անհեռատես և ծիծաղելու աստիճան պարզամիտ մի դեղատոմսի. «գլխացավից ազատվելու համար ազատվել գլխից»:

Մխիթար Նազարյան


Դիտել Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն