Ինչո՞ւ Դավութօղլուն չսիրեց «Նեոօսմանիզմ» բնորոշումը
Թուրքիայի կառավարական շքախմբի` ամերիկյան հանդիպումների շրջանակներում դեկտեմբերի 10-ին Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում մասնակցել է SETA հիմնադրամի կազմակերպած Թուրքիայի քաղաքականության սկզբունքները խորագրով համաժողովին: Դավութօղլուին ակնհայտորեն դուր չեն եկել Թուրքիային բնորոշող` առանցքային փոփոխություն կամ նոր օսմանիզմ ձևակերպումները: Իր ելույթում թուրքը դժգոհել է, թե իրենց քաղաքականությունը ներդաշնակում է Եվրամիության պահանջներին: «Մենք կովկասյան նոր տարածաշրջան ենք ցանկանում ունենալ, որտեղ չի լինի և ոչ մի փակ սահման»,-Դավութօղլուի խոսքերից է:
Իսկ իրականում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի բարկության պատճառը ճշմարտության հետ անակնկալ առերեսումն էր: Նույնիսկ ԱՄՆ նախագահն իր նստավայրում քաջություն չունեցավ` Թուրքիայի վարչապետի հավակնոտ հայտարարություններին հակադարձելու, թե պայմանավորվելուց հետո նախապայմաններ հնչեցնելը ազնիվ չէ: Եվ ահա ամերիկյան ինչ-որ համալսարանում համարձակվում են առաջին ձեռքբերումից արդեն ոգևորված թուրքերին ասել, որ աշխարհում հասկանում են, որ թուրքական դիվանագիտությունը պանթուրքիստական կամ պանիսլամիստական քաղաքականությունն է վերածնում: Ամերիկյան այս դիտարկումները թուրքամետ անհանգստությամբ ընդունեցին նաև Ադրբեջանում` Նահանգներին մեղադրելով վախկոտության և ոչ սկզբունքային դիրքորոշում ունենալու մեջ: Ադրբեջանական այդ բավական կոշտ բնորոշումը թեև ճշմարտամոտ, բայց այլ պատճառ էլ ուներ: ԱՄՆ Սենատի կողմից Արցախին 8 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու որոշումն էր նեղացրել ադրբեջանցիներին: Վերադառնանք, սակայն, թուրքական դիվանագիտության ամերիկյան բնորոշումներին: SETA հիմնադրամի դիտարկումները թուրքական պարբերականներում, ի հակադրություն Դավութօղլուի ժխտման, հաստատվում են: Այսպես, «Ռադիկալ»-ը «երջանիկ Թուրքիա» է անվանում Օսմանյան կայսրության ժամանակները` մատնանշելով այն մոտ ապագան, երբ աշխարհում կրկին կվախենան թուրքական հզորությունից: Չնայած նշված պարբերականն ավելի արմատական կողմնորոշում ունի, բայցևայնպես չի կարելի հաշվի չառնել, որ թուրքական դիվանագիտության ճանապարհը բավական արագ քայլերով տանում է դեպի նեոօսմանիզմ: Վերջին երկու տարում, հատկապես, Թուրքիան հայտարարում է`«Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության մասին: Սակայն եթե նկատենք, թե կոնկրետ ո՞ր հարևանների հետ և ի՞նչ խնդիրներ է զրոյացնում մեր արևմտյան հողերի զավթիչ հարևան Թուրքիան, ապա ճապոնական սկանվորդի նման պատկեր կբացվի մեր առջև:
Ահմեդ Դավութօղլուն չսիրեց «նեոօսմանիզմ» բնորոշումը, քանի որ աշխարհը ևս տեսնում է` 2008-ի հունվարին Իսրայելի հետ հարաբերությունները ձևականորեն փչացնելով` Էրդողանը նպատակ ուներ հեղինակություն վաստակել հակահրեական տրամադրություններով ապրող մահմեդական աշխարհում: Թուրքիայի վարչապետը հասավ իր նպատակին: Մահմեդական տարբեր երկրներում լրատվամիջոցներն ու հասարակական-քաղաքական գործիչները Էրդողանին անվանում են խիզախ մարդ, ով համարձակվեց ճշմարտությունը նետել Իսրայելի իր գործընկերոջ երեսին: Հարց է, իհարկե, արդյո՞ք վատթարացել են թուրք-իսրայելական հարաբերությունները, եթե երկու երկրները շուրջ կես դար ռազմավարական դաշնակիցներ են, ունեն ընդհանուր ռազմական արտադրություն, դիվանագիտական առումով էլ հրեաները լավ ուսուցիչներ են թուրքերի համար: Այս առումով և Թուրքիայի, և Իսրայելի համար ձեռնտու է մահմեդական աշխարհի առաջ շուն ու կատու խաղալ: Արդյունքում, թուրքերն աստիճանաբար գերակա դիրք են գրավում նույն այդ աշխարհում, ինչը արդեն ձեռնտու է Իսրայելին` մահմեդականների վտանգից մշտապես խուսափելու առումով:
Շուրջ երկու ամիս առաջ Թուրքիայի կրթության նախարարության հրապարակած տարածաշրջանային քարտեզներում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանի հսկայական հասվածներ թուրքական պետության տարածքում էին ընդգրկված: Սա ևս նեոօսմանիզմի չթաքցրած դրսևորում էր, ինչի մասին, երբ խոսում են օտարները, թուրք ղեկավարները դժգոհում են: Թուրքիայի` Իրանի հետ վերջին մեկ ամսում սկիզբ առած սիրահետումները նույնպես նպատակ ունեն մահմեդական աշխարհում վերջինիս ձեռքից վերցնել լիդերի կոչումը` փոխարենը Իրանին արտաքուստ պաշտպանելով ուրանի հարստացման նրա ծրագրերում: Սաուդյան Արաբիան և Սիրիան ևս մահմեդական աշխարհի հեղինակավոր պետություններից են, որոնց թեթև ու մի քիչ էլ անհեռատես ձեռքով Թուրքիան բարեկամության շղարշի տակ իշխանական լծակներ վերցրեց նույն մահմեդական աշխարհում: Ավելորդ կլինի նաև նշել, որ հնդկա-պակիստանյան հակամարտությունում թուրքերը բացահայտ պաշտպանում են Պակիստանին, իսկ Պակիստանում, գաղտնիք չէ, ահաբեկչական ամենավտանգավոր խմբավորման` «Ալ-Քաիդայի» որջն է: Մահմեդական աշխարհում «Ալ-Քաիդայի» խոսքը ազդեցիկ է, առավել ևս, եթե Թուրքիայի բարեկամ Պակիստանում ահաբեկիչներին չնեղացնեն:
Հետևաբար, ինչ կտեսնենք, եթե այս անգամ նայենք Թուրքիայի դիվանագիտական քայլերով նախանշված երկրների ֆիզիկական քարտեզին: Պանթուրքիզմի քարտեզը ենթադրում էր Արևելյան Եվրոպայից մինչև Հնդկաստան ձգվող անծայրածիր կայսրություն: Դրա կազմում պետք է լինեին եվրոպական կողմից` Բուլղարիայից ու Հունաստանից սկսած և միջերկրածովյան ավազանով, ամբողջ Հայկական լեռնաշխարհով ձգվող, Իրանով և Ասիական` Չինաստանի հարավային հատվածներով մինչև Հնդկաստան եղած տարածքները: Ահա թե ինչու թուրքական հայացքը կրկին ուղղվել է դեպի Իրան, արաբական աշխարհ և Պակիստան: Իսկ մահմեդական ահաբեկչական աշխարհի գլուխ անցած Թուրքիային կանգնեցնելը նույնքան դժվար ու կործանարար կլինի, ինչպես եղավ առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ:
Նաիրի Հոխիկյան












