Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Ցեղասպանություն

Թուրքերեն լեզվով հեռուստահաղորդումը վտարվելու է բուլղարական եթերից

Դեկտեմբեր 16, 2009թ. 12:16

chishikԲուլղարիայի պետական «BNT 1» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող ամենօրյա 10 րոպեանոց թուրքերեն լեզվով լրատվական ծրագրի գոյության հարցը դրվելու է համաժողովրդական քվեարկության: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» օրաթերթի կայքէջը: Նման առաջարկով հանդես է եկել Բուլղարիայի ազգայնական «ATAKA» կուսակցությունը: Հանդիպելով Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ` նշված կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը ստացել է նրա աջակցությունն այդ հարցում: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլի ժամանակ Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր ղեկավարած «GERB» կուսակցությունը խորհրդարանում աջակցելու է «ATAKA» կուսակցությանը` կյանքի կոչելու թուրքերեն այդ հեռուստածրագիրը ժողովրդի դատին հանձնելու մասին առաջարկը:

«Հանրաքվեի արդյունքում պարզ կդառնա` ժողովուրդն ուզո°ւմ է, որ թուրքերեն լեզվով ծրագիր հեռարձակվի: Բուլղարական ոչ մի մասնավոր հեռուստաընկերության եթերով այլալեզու հեռուստահաղորդում չի հեռարձակվում: Պետական հեռուստաընկերության դեպքում ևս պետք է խտրականություն չլինի: Ամենաճիշտն այն է, որ այդ մասին հարցնենք ժողովրդին ու գործենք` ըստ հանրաքվեի արդյունքի»,- ասել է Բոյկո Բորիսովը:

Տեղեկացվում է, որ Վոլեն Սիդերովի կուսակցությունը կարճ ժամանակում պատրաստվում է խորհրդարանին ներկայացնել «BNT 1» հեռուստատեսության եթերից թուրքական լրատվական ծրագիրը հանելու մասին հանրաքվե կազմակերպելու առաջարկը: Ըստ սահմանված ընթացակարգի` Բուլղարիայի օրենսդիր մարմնի հավանության դեպքում` հանրաքվեի առաջարկը ներկայացվելու է նախագահ Գեորգի Պրվանովի հաստատմանը: Հաստատման դեպքում կազմակերպվելու է հանրաքվե, որի արդյունքով էլ կորոշվի թուրքերեն հեռուստալրատուի ճակատագիրը:

Հիշեցնենք, որ «ATAKA» կուսակցությունը Բուլղարիայի խորհրդարանի առաջին գումարման նիստում հուլիսին հանդես էր եկել բուլղարացիների ցեղասպանության մասին օրինագիծ մշակելու վերաբերյալ առաջարկով: Իսկ օգոստոսի 8-ին էլ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը «Koritarov online» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել էր, որ Օսմանյան կայսրությունում իրականացվել է բուլղարացիների ցեղասպանություն: Այդ օրերին թեև թուրքական մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, բայց դա միայն առևերույթ: Իսկ ներքուստ, իրենց ոճրագործ պապերից ժառանգած բնազդային հիշողության ծածուկ անկյուններում թուրքերը սարսափում են առերեսվել իրենց պատմության հետ: Վկա` էթնոհոգեբանությունը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն