Ադրբեջանի պատգամավոր. «Ադրբեջանում շարունակվում է իշխել Հեյդար Ալիևի կլանը»
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, «Ումիդ» ( «Հույս») ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իգբալ Ագազադեն լրատվամիջոցներին տված հարցազրույցում դժգոհելով սեփական իշխանություններից ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների անօրինական գործողությունների արդյունքում իրենց ծրագրերը հօդս են ցնդել, քանի որ ԿԸՀ-ն «Ումիդի» ներկայացրած 3500 թեկնածուներից գրանցել է միայն 371-ին: Ապա հավելել, որ մի մասին իշխանությունները վախեցրել են, որոնք էլ հրաժարվել են ընտրությունների մասնակցել, մյուսին` ասել են, թե հավաքված ստորագրություններն իրական չեն և այսպես շարունակ…
Հիշեցնենք, որ Ադրբեջանում սպասվում են քաղաքային ընտրություններ:
Այն հարցին, թե «Ումիդն» ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկելու իր թեկնածուներին քաջալերելու համար, Իգբալ Ագազադեն պատասխանել է, որ իշխանություններն իրենց զրկել են զանգվածային միջոցառումներ անցկացնելու իրավունքից. «Բայց մենք բոլոր օրինական միջոցները կկիրառենք, որպեսզի ստիպենք ներկա իշխանությանը հեռանալ»,- ասել է նա: Ապա անհանգստություն է հայտնել ընդդիմության շարքերի նոսրացման հետ կապված, ասելով, թե իշխանություններն ամեն ինչ անում են իրենց թիվը նվազեցնելու համար և այս անգամ էլ ոմանց պաշտոն կխոստանան, մյուսներին այլ «կարկանդակներ», երրորդին, պարզապես, կվախեցնեն:
Իգբալ Ագազադեն ընդդիմությանն առաջարկել է պայքարել տարբեր ճակատներով, մի ուժը կպայքարի Ադրբեջանում տիրող կոռուպցիայի և կաշառակերության դեմ, երկրորդը` խոսքի ազատության, երրորդը` մարդու իրավունքների ոտնահարման դեմ: Նա նաև դժգոհություն է հայտնել, որ ադրբեջանական իշխանություններն ամեն ինչ անում են մարդկանց հուսախաբ անելու համար, որպեսզի վերջիններս ընտրությունների չգնան: Սակայն դրա արդյունքում տուժում է նաև «Ումիդը», քանի որ իշխանությունները լիովին օգտագործում են քվերկությանը չմասնակցածների քվեաթերթիկները:
«Մարդկանց նյութական վիճակը ծանր է, սակայն նրանք մեզ իրենց կողքին չեն տեսնում, քանի որ մենք ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքներ չենք կարողանում բաժանել: Մարդկանց մոտ աճում է հուսալքությունն ու անվստահությունը: Ադրբեջանում ամենաահավոր իրողությունն այն է , որ ինչպես շատ տարիներ առաջ, այնպես էլ այսօր երկրում շարունակվում է իշխել Հեյդար Ալիևի կլանը»,- ասել է Իգբալ Աղազադեն:
Իգբալ Ագազադեն նաև անհանգստություն է հայտնել, որ քաղաքային իշխանությունների թիվը 30.000-ից հասցնելով 15.000-ի` իշխանությունները չեն մոռացել «ամենակարևորի» մասին` մեծացնել «Ենի Ադրբեջան» կուսակցության անդամների թիվը: Նա ասել է, թե նոր անդամներին գրանցել են գործող իշխանության ներկայացուցիչները` առանց նրանց իմացության: Ապա պատմել է մի դեպք, թէ ինչպես են անակնկալի եկել ամուսինները, երբ տեղեկացել են, որ իրենք «Ենի Ադրբեջանի» անդամ են, քանզի անդամակցումը եղել է առանց նրանց իմացության:
ArmAr.am












