Գլխավոր » Լրահոս

Ստեղծվելիք հանձնաժողովը կքննարկի Սևրի պայմանագիրը

Սեպտեմբեր 2, 2009թ. 14:37

Այսօր «Հայացք» ակումբում հյուրընկալված թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ օգոստոսի 31-ին հրապարակված Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Թուրքիայի եւ Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարությունների տարածած արձանագրության կետերին:

Ըստ Մելքոնյանի`փաստաթղթի արձանագրումից հետո և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում շարունակվելու են ներքին քաղաքական քննարկումներն այդ հարցի շուրջ: Բանախոսը նկատում է, որ Թուրքիայում առկա մի քանի ընդդիմադիր կուսակցություններ` քեմալականները, ժողովրդականները, ազգայնամոլականներն արդեն իսկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայտնի փաստաթղթի շուրջ:

Ռ. Մելքոնյանը հրապարակված փաստաթուղթը, իհարկե, պրոհայկական չի համարում:

Թուրքագետը փաստաթղթում մատնանշում է երկու կետեր, որոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս:

Ըստ նրա`որոշակի զիջումներ երկու կողմից էլ լինելու են: «Երկու երկրները պարտավորվում են ճանաչել մեկմեկու  տարածքային ամբողջականությունը»,- նշում է Մելքոնյանն ու ավելացնում, որ որոշակի խնդիրներ կարող են առաջանալ    Պատմական Հայաստանի առնչությամբ, գաղափար, որ  խիստ կարևորվում է  հայերիս համար:

«Արեւմտյան Հայաստանի գաղափարը որպես այդպիսին պետք է մնա մեր հասարակության մեջ: Քանի որ դա մեր ինքնության կարեւոր բաղադրիչն է եւ ոչ թե պետք է դուրս մղվի, այլ ամեն գնով  էլ ավելի խորացվի: Պետությունները գալիս անցնում են, ժողովուրդները մնում, և հայ ժողովուրդը խորքային գաղափարական առումով պետք է հավատարիմ մնա Պատմական Հայաստանի   վերադարձման գաղափարին»-, ասում է Ռուբեն Մելքոնյանը:

Մյուս կարևոր հարցն, ըստ Մելքոնյանի, վերաբերում է միջկառավարական ենթահանձնաժողովի ձևավորմանը. «Ձևավորման մեջ մեղմացում կա. ենթահանձնաժողով , որը պետք է քննարկի պատմական հարցեր: Հայազգի ոչ մի գիտնական չի կարող քննարկել ցեղասպանության եղելության հարցը: Հայաստանի եւ Թուրքիայի պատմության մեջ կան այլ ենթախնդիրներ: Թուրքերը վիժեցրել են Սևրի պես հզոր պայմանագիրը»:

Մելքոնյանը չի բացառում  նաեւ , որ ենթահանձնաժողովի ձևավորման շրջանակներում որոշակի վնաս կհասցվի նաեւ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Ինչևէ, ակումբի հյուրը ընդհանուր առմամբ փաստաթուղթը որակեց «հայության համար նորմալ միջպետական փաստաթուղթ», նկատելով, որ փաստաթղթում խնդրահարույց կետեր կան:

Նաիրի ՄՈՒՐԱԴՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`