Ղարաբաղի Հանրապետությունն արդեն լիովին կայացած պետություն է
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:
1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում բարձրացվել էր ընդամենը մեկ հարց` երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն). «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն»: Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99,89%-ը (108615 մարդ) դրական պատասխան է տվել վերոնշյալ հարցին: Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունն իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և դրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:
Պետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման գործընթացը լիովին համապատասխանել է ինչպես միջազգային իրավունքի պահանջներին, այնպես էլ ԽՍՀՄ օրենսդրությանը, որի կազմից էլ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի անկախացման գործընթացի մասին, որն իրեն ճանաչել է 1918-1920 թթ. Ադրբեջանի Հանրապետության ժառանգորդ` այդպիսով հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի ժառանգությունից: Ի դեպ պետք է նշել, որ 1918-20թթ. Ադրբեջանի պաշտոնական անունը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն էր և ոչ թե Ադրբեջանի Հանրապետություն, ինչպես դա նշված է ժամանակաից Ադրբեջանի անկախության հռչակագրում: Սակայն սա Ադրբեջանի հռչակման ապօրինության փաստերից մեկն է միայն: 1991 թվականի օգոստոսի 30-ին ադրբեջանցիները խախտել են 1990թ. ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետա-իրավական կարգավիճակը` ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում: Այսինքն, հռչակելով Ադրբեջանի անկախությունը, ադրբեջանցիները պետք է իրենք հանրաքվե կազմակերպեին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, որպեսզի տեղի ժողովուրդն ինքնուրույն որոշեր իր հետագա քաղաքական կարգավիճակը: Սակայն Ադրբեջանը ոչ միայն հաշվի չառավ նույն օրենքի հիմքի վրա Արցախում կազմակերպված հանրաքվեի արդյունքները, այլև պատերազմ սանձահարեց նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կայացման իրավական կողմին չծանրանալու համար մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս թեմայի առնչությամբ Ա. Մանասյանի, Լ. Մելիք-Շահնազարյանի և Ա. Խաչատրյանի ամբողջական ուսումնասիրությունները: Իսկ մենք փորձենք հասկանալ, թե ինչպիսի ձեռքբերումներ է ունեցել Արցախի Հանրապետությունը անցած 18 տարիների ընթացքում:
Նախ և առաջ պետք է փաստել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն լիովին կայացած պետություն է: Անցած 18 տարիների ընթացքում այնտեղ տեղի են ունեցել Հարավային Կովկասի ամենժողովրդավար ընտրությունները, ինչի արդյունքում միջազգային մամուլն ու քաղաքացիական հասարակությունը Լեռնային Ղարաբաղը կոչել են «ժողովրդավարության կղզի»: Համաժողովրդական ընտրությունների արդյունքում Արցախում իշխանության եկած բոլոր ուժերը մշտապես վայելել են հանրության սերն ու վստահությունը` դրանով հեռու պահելով Լեռնային Ղարաբաղը ներքաղաքկան լուրջ բախումներից: Իհարկե, տարաձայնություններ եղել են նաև Արցախի իշխանությունների ներսում, սակայն. ա) դրանք վկայում են հենց ԼՂՀ-ի ժողովրդավարության մասին և բ) այդ հակասություններն երբեք չեն անցել այն սահմանը, որից այն կողմ կարող էր վտանգի ենթարկվել Արցախի անվտանգությունը:
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով ոչնչացվել էին Արցախի ամբողջ ենթակառուցվածքները: Քաղաքների և գյուղերի բնակելի տների մեծ մասը հավասարեցվել էր գետնին, ինչի արդյունքում ԼՂՀ-ն կանգնել էր սոցիալական ճգնաժամի լուրջ վտանգի առջև: Սակայն չնայած այն հանգամանքին, որ Արցախը ցայժմ գտնվում է փաստացի շրջափակման մեջ, պաշտոնական Ստեփանակերտին հաջողվեց գրեթե ամբողջությամբ վերացնել պատերազմի հետքերը: Երկրում կառուցվեցին ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհներ: Արցախի բնակչությունն ապահովվեց խմելու ջրով, էլեկտրական հոսանքով և գազով: Սկսեցին գործել մանր և միջին արտադրական ձեռնարկություններ, զարկ տրվեց հողագործությանը և այլն: Իրականացված այս բոլոր աշխատանքների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերածվեց հետխորհրդային տարածաշրջանի ամենակայուն զարգացող երկրներից մեկը:
Բավական մեծ հաջողություններ են արձանագրվել նաև բանակաշինության ոլորտում: Այսօր Արցախի Պաշտպանության Բանակը մեր տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, որը պատրաստ է ցանկացած վայրկյանում իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրները: Այն ձևավորվել է անմիջապես մարտական գործողությունների ընթացքում և որպես հաղթական բանակ համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորն է: Հետպատերազմյան շրջանում Արցախի բանակը համալրվել է տարբեր ռազմական համալսարաններում ուսանած հմուտ սպայական անձնակազմով և նյութատեխնիկական միջոցներով:
Արցախի ներքին կայունությունը, աճող տնտեսությունն ու ուժեղ բանակը օրեցօր բարձրացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական նշանակությունը տարածաշրջանային գործընթացներում: Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի պետականությունն արդեն մոտ երկու տասնամյակի պատմություն ունի, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը, ցավոք սրտի, դեռևս չի ճանաչել հայկական երկրորդ պետության անկախությունը: Այս փաստը լրջորեն սահմանափակում է ԼՂՀ արտաքին քաղաքականության հնարավորությունները: Այդուհանդերձ, Արցախը վերածվել է տարածաշրջանային անվտանգության պահպանման կարևորագույն կենտրոններից մեկի: Եվ այս իրողությունը այլևս հնարավոր չէ հաշվի չառնել: Հարավային Կովկասում քիչ թե շատ ազդեցություն ունեցող պետությունների ղեկավարներն արդեն զգում են Արցախի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը, ինչ նշանակում է, որ Արցախի անկախության ճանաչումը լոկ ժամանակի հարց է: Իսկ ներկայումս հայ-ադրբեջանական հակամարտության գոտում լրացուցիչ լարվածություն չառաջացնելու պատճառով, այլ պետությունների առաջնորդները ստիպված են Արցախի իշխանությունների հետ երկխոսել միջնորդավորված :
Մեծ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռքբերումները նաև հասարակական կենսագործունեության մյուս ոլորտներում է` կրոն, մշակույթ, կրթություն, առողջապահություն, սոցիալական զարգացում և այլն, : Սրանք բոլորն այն հարցերն են, որոնք գտնվում են Արցախի հմուտ առաջնորդների ուշադրության կենտրոնում: Եվ այսօր, երբ ԼՂՀ-ն հատում է «դեռահասության», տարիքը, մենք կարող ենք հանգիստ խղճով հայտարարել, որ Արցախում ունենք «ծերունիներին» հատուկ փորձառությամբ և իմաստնությամբ զինված պետություն:
Armar.am կայքի խմբագրությունը և ողջ կոլեկտիվը շնորհավորում է Արցախի բնակչությանը և ողջ հայությանը Անկախության 18 ամյակի առթիվ: Վստահ ենք, որ կայունությունն ու առաջընթացը հետագայում ևս կլինեն ԼՂՀ-ի անբաժանելի գործընկերները, ինչը կբերի հայկական այդ պետականության ուժեղացմանն ու բարգավաճմանը:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, անկախություն, Ղարաբաղ












