Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրք լրագրողները եկել են համոզելու, որ Հայաստանը գնա զիջումների

Դեկտեմբեր 17, 2009թ. 21:49

ai375001«Եթե Ղարաբաղյան հարցում, թեկուզև Մինսկի խմբի շրջանակներում, որևէ առաջընթաց չլինի, ես չեմ կարծում, որ Թուրքիան արձանագրությունների հետ կապված, որևէ քայլ անի»,- ասում է Ստամբուլի մշակութային համալսարանի Գլոբալ քաղաքական գործընթացների կենտրոնի տնօրեն Մենսուր Ակգյուն, ով հայ և թուրք լրագրողների եռօրյա հանդիպման կազմակերպիչներից մեկն է:

Այսօր հանդիպման առաջին օրն էր և արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ Թուրքիայի մեր գործընկերները (ինչպես թուրքական կառավարությունը) հայկական կողմից ինչ-որ «ժեստ» են ակնկալում: Իսկ թե ինչպիսին, հստակ չեն ասում և միայն մի բան են փաստում. «Թուրքիայի ներսում հիմա լարված քաղաքական իրավիճակ է, որովհետև սահմանադրական դատարանի որոշմամբ կուսակցություններից մեկը փակվել է, և 21 պատգամավոր հեռացվել են աշխատանքից»:

Փաստորեն, ներքաղաքական խնդիրների մեջ սեղմված Թուրքիան միայն     Հայաստանից է բարեգութ վերաբերմունք ակնկալում: Հետևապես, թուրք լրագրողներն ամեն երկրորդ խոսքին ակնարկում էին` Հայաստանից  սպասվող ժեստի մասին:

Մենսուր Ակգյուն ասում է. «Սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում որոշակի բարելավում նկատվի: Ես ի նկատի չունեմ Ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը, բայց սպասում ենք որևէ առաջընթացի»: Իսկ թե կոնկրետ ի՞նչ են ակնկալում, իրենք էլ չգիտեն:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով նրանց ակնկալիքները, միանշանակ, վերաբերում են Ղարաբաղյան հարցին. «Չեն ասում, թե ինչ տեսքով, բայց ուզում են հակամարտությունը լուծված տեսնել: Չի էլ կարելի պնդել, թե նկատի ունեն ամբողջովին ադրբեջանական կողմին բավարարող լուծում կամ որևէ կոմպրոմիսային որոշում: Իրենք բաց տեքստով չեն խոսում, հակառակ դեպքում հեշտ կլիներ որևէ բան հակադարձել: Իրենք պարզապես նման պահանջ են ներկայացնում, որպեսզի հետագայում կարողանան թուրք հասարակությանը ներկայացնել, թե Թուրքիան միայն հայ-ադրբեջանական կոմպրոմիսից հետո գնաց սահմանի բացմանը: Այլ ոչ թե սահմանը բացեց` դավաճանելով Ադրբեջանին»:

Սաբահ թերթի լրագրող Բիլգե Եսերի խոսքերով թուրքական կառավարության ներկայիս քաղաքականության հիմնաքարն այն է, որ Թուրքիան իր բոլոր հարևանների հետ ոչ մի խնդիր չունենա. «Այժմ Թուրքիայում եղբայր ադրբեջանցիներ են ապրում, և մեր կառավարությունը փորձում է մշտապես պահպանել հավասարակշռությունը, որպեսզի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելիս ոչ մի կերպ չվնասի ադրբեջանցի եղբայրների շահերին»:

Նշենք, որ հայ և թուրք լրագրողների հանդիպումը, որը կազմակերպվել է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (Թուրքիա) կողմից, կտևի դեկտեմբերի 17-20: Միջոցառումը ֆինանսավորվում է Նորվեգիայի կառավարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից, որը ներկայացնող Ջոզեֆ Փեննինգթոնը նշեց, որ քաղաքական իմաստով ճիշտ ժամանակն է նման ծրագիր իրականացնելու համար. «Ժամանակն է, որ մենք ջախջախենք խոչընդոտներն ու կարծրատիպերն ու քայլենք առաջ: Այդ ժամանակ հնարավոր կլինի  կայացնել իրական համաձայնություն»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն