Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Իսկ Տիգրան Բալայանը չգիտի ՀՀ պարտավորությունների մասին

Դեկտեմբեր 18, 2009թ. 15:44

DjugaԴեկտեմբերի 15-ին լրացավ 5 տարին այն օրից, երբ ադրբեջանական բանակի կողմից  բարբարոսաբար քարուքանդ արվեց պատմական մեծ արժեք ներկայացնող Ջուղայի հայկական գերեզմանատունը։ Հինգ տարիների ընթացքում այս հանցագործության մեղավորները դեռ չեն պատժվել։

ArmAr.m-ի թղթակիցը փորձեց պարզել` ՀՀ պատկան մարմինները   չե՞ն պատրաստվում դիմել Հաագայի միջազգային դատարան` հանդես գալով հայկական մշակութային արժեքների հետևողական ոչնչացում իրականացնող Ադրբեջանի դեմ

դատական հայցով:

ArmAr.am-ի թղթակցի հետ  հեռախոսազրույցում  ՀՀ արտգործնախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար Տիգրան Բալայանը

նախ նշեց, թե «միջազգային որևէ դատարան գոյություն չունի» ու թե  նման խնդրով  պետք է դիմել միջազգային կազմակերպություններին։ «Մենք դիմել ենք տարբեր կազմակերպությունների, որպեսզի նրանք գան, տեսնեն իրականությունը և միջոցներ ձեռնարկեն։ Սակայն Ադրբեջանը, մինչ այսօր խոչընդոտում է նրանց այցելությունները Նախիջևան»,- նշեց Տ. Բալայանը

Ստացվում է, որ Հայաստանն ու միջազգային կառույցները  գերի՞ ենք դարձել Ադրբեջանի շանտաժին ու Արևմուտքն էլ ադրբեջանական հոխորտանքից վախեցած նախընտրում է փակված համարել այս հարցը:

Տ. Բալայանի փոխանցմամբ, հայկական կողմը  դիմել է «Յունեսկո», Եվրախորհուրդ, որ գան, հետազոտեն, տեսնեն, թե ինչ է կատարվել։ Ներկայացվել ենք մեր փաստարկները, անհրաժեշտ փաստաթղթեր, նաև ձայնագրություններ ու տեսագրություններ, թե ինչպե՞ս է ադրբեջանական բանակը ոչնչացնում  Ջուղայի խաչքարերը, բայց. «Ադրբեջանն ուղղակի չի թույլ տալիս, որ  միջազգային կառույցների խմբերը այցելեն և տեղում տեսնեն, թե ինչ է կատարվել»,- դարձյալ կրկնեց  Տ. Բալայանը։

Հետևապես, ըստ ԱԳ ներկայացուցչի, Հայաստանին  մնում է միայն բավարարվել տեղի ունեցածի մասին անընդմեջ բարձրաձայնելով։ «Այդ է վկայում նաև այն փաստը, որ այս տարվա հոկտեմբերին «Յունեսկոյի» 35-րդ գլխավոր կոնֆերանսում ՀՀ արտգործնախարարի ելույթում այս խնդիրը կենտրոնական տեղ էր զբաղեցնում»,- այսքանով եզրափակեց իր ասելիքը ԱԳՆ ներկայացուցիչը:

Այս խնդրով ArmAr.am-ի թղթակիցը դիմեց նաև սահմանագրագետ Հրայր Թովմասյանին՝ փորձելով ճշտել, թե  ի՞նչ մեխանիզմներ կան, որով Հայաստանը կարող է պատասխանատվության  ենթարկել Ադրբեջանին, և առհասարակ, տեր կանգնել ՀՀ տարածքից դուրս գտնվող մեր պատմամշակութային ժառանգության պահպանմանը:

Հրայր Թովմասյանը, չնայած նշեց, որ այդ գործունեությամբ պետք է զբաղվեն    միջազգային այն կազմակերպությունները, որոնք կոչված են այդ գործն անելուն, բայց միաժամանակ, ընդգծեց, որ  մեր պետությունը ևս պարտավոր է գնալ նման խնդիրների լուծման ճանապարհով: Ընդ որում, այն  ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, որ պետությունը պարտավորություն է ստանձնում ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս պահպանել պատմության և մշակույթի հուշարձանները։

«ՀՀ-ն միջազգայի իրավունքի նորմերի ու սկզբունքների շրջանակներում նպաստում է հայկական Սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը և այդ երկրներում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայկական մշակութային կյանքի զարգացմանը։ Այս շրջանակներում ՀՀ պարտականությունն է Սահմանադրության 11-րդ հոդվածի ուժով՝ քայլեր ձեռնարկելու այդ հուշարձանների պահպանման ուղղությամբ»,– ասաց Հ. Թովմասյանը։

Ինչի մասին, պարզվում է, ամբողջությամբ անտեղյակ է  ՀՀ արտգործնախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատարը:

Մեր այն հարցին, թե միջազգային կազմակերպություններն ի՞ նչ  լծակներով կարող են  ներազդել Ադրբեջանի կամայականությունների վրա, Հրայր Թովմասյանը նշեց, որ նրանք դա կարող են անել շատ հեշտությամբ.«Այդ ճանապարհին նրանք կարող են տվյալ երկրին զրկել միջազգային տվյալ կազմակերպության անդամությունից։ Դրա հետևանքը կարող է լինել այն, որ կիջնի տվյալ երկրի ժողովրդավարության  աստիճանը, և կփոխվի համաշխարհային հանրության վերաբերմունքն այդ պետության նկատմամբ»։

Այնպես որ, հակազդելու մեթոդներ շատ կան, մնում է, որ դրանք իրականացվեն։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն