Գլխավոր » Լրահոս

Սոցիալական արդարության սկզբունքը մնում է արհամարված

Դեկտեմբեր 18, 2009թ. 16:32

«Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությամբ այդ կուսակցության գրասենյակում վերջերս կրկին անդրադարձ է եղել ՀՀ քաղաքացիներին երբեմնի «Հայխնայբանկում» ունեցած ավանդների դիմաց փոխհատուցում տալու խնդրին։

Ինչպես հայտնի է, նշված գումարը ստանալու համար հաշվառվել է մոտ 62 000 քաղաքացի։ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ նրա որոշ կուսակիցների կողմից բարձրացվել է սահմանված ժամկետներում` ինչ-ինչ պատճառներով չհաշվառված, բայց պետության սահմանած մյուս չափորոշիչներին բավարարող անձանց` այդ ցուցակներում ընդգրկելու հնարավորության հարցը։

Սակայն, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանին մի «խորամանկ հնարքով» հաջողվել է խուսափել այդ հարցի  ուղղությամբ քայլեր կատարելու` որեւէ խոստում տալուց։ Նրան եւ  համապատասխան մյուս պաշտոնյաներին, հավանաբար, չի հուզում այն, որ չհաշվառված անձանց հաշվառման հնարավորություն տալու հարցում իրենց այդ մերժողական դիրքորոշման հետեւանքով ոտնահարվում է սոցիալական արդարության սկզբունքը։

Ավելին՝ իրենց հասանելիք գումարները չստացող անձանց շրջանում անհարկի դժգոհություն է առաջանում, ընդհանուր առմամբ, պետության նկատմամբ։ Թեեւ այս դեպքում խոսքը մեծ գումարների   մասին չի կարող լինել (գերակշիռ մասը հաշվառվել է, չհաշվառվածները մեծ թիվ չեն կազմում), սակայն, դատելով ամենից, նման պաշտոնյաների համար առաջնայինը ոչ թե մարդկանց սոցիալական կարիքներն են, այլ բյուջեից, իրենց իսկ պատկերացմամբ, ավելորդ միջոցներ «դուրս չտալը»։

Արմեն Սարգսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն