ԿԳ-ից իրավապահ մարմիններին են փոխանցվել վեց գործ
Կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանի խոսքով, Կրթության և գիտության նախարարության ստացած դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են մանկավարժների աշխատանքից ազատմանը, հաստիքների կրճատմանը, գյուղական համայնքներում` կադրերի ընտրությանը:
Տեսչության պետի տեղեկացմամբ՝ դրանց մի մասին լուծում է տրվել տեսչությունում, իսկ քրեական կամ վարչական պատասխանատվության ենթակա խնդիրները փոխանցվում են համապատասխան մարմիններին:
«Այս տարի իրավապահ մարմիններին փոխանցած վեց գործ ունենք, բազմաթիվ բողոքներ ուղարկել ենք աշխատանքի տեսչություն, որպեսզի վարչական տույժեր կիրառեն, մարզպետների ուշադրությանն ենք ներկայացրել տնօրենների կողմից թույլ տված աղաղակող որոշ փաստերի վրա, որի արդյունքում նրանք ենթարկվել են կարգապահական տույժերի»։
Տեսչության պետը բերում է օրինակներ, թե ինչպես աշակերտը դպրոց չի գնացել, բայց ստացել է վկայական: «Հանձնել ենք դատախազություն, արդյունքում հիմնավորվել է փաստը, հարուցվել է քրեական գործ»:
«Բացահայտվել են նաեւ աշակերտների հավելագրումների դեպքեր։ Տղա աշակերտի ծնողները երբեմն գործարքի մեջ են մտնում տնօրենի հետ, որպեսզի երեխան դպրոցն ավարտի մեկ տարի շուտ, զորակոչի հետ կապված խնդիրներից խուսափելու համար»։
«Շիրակում տեսչությունը հատուկ ուսումնասիրություններ կատարեց։ Նախարարին ներկայացրինք, որ այնտեղ կան բավականաչափ շեղումներ կարգերից եւ օրենսդրությունից: Բայց մարզպետերի հետ կապված տույժերը վարչապետն է տալիս, մենք կապ չունենք»,- ասում է Խաչիկ Մուրադյանը:
ArmAr.am












