Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Արևմտահայերը Թուրքիայից պետք է պահանջեն իրենց սեփական կալվածքները

Դեկտեմբեր 19, 2009թ. 11:04

16155741257531058ArmAr.am-ի թղթակիցը Պոլսո «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալջիի հետ խոսել է  պոլսահայության ներկայիս վիճակի մասին:

Արիս Նալջին գտնում է, որ այսօր որոշակի` դրական տեղաշարժեր են նկատվում Թուրքիայում ապրող հայերի իրավունքների հարցում.  «1955-ից հետո պոլսահայերը պատգամավոր չունեին Թուրքիայի մեջլիսում: 2007-ի ընտրությունների ժամանակ հայերն ասացին, որ իրենք պետք է քվեարկեն իրենց նախընտրած անկախ թեկնածուների օգտին: Իհարկե, այդ թեկնածուներն ազգությամբ  հայեր չէին, բայց հայերը գոնե վստահ էին, որ կան պատգամավորներ, որոնք կարող են հայության խնդիրների մասին բարձրաձայնել օրենսդիր մարմնում: Իսկ ահա, 2008-ի ընտրությունների ժամանակ Ստամբուլի քաղաքապետարանում ընտրվեց 14 հայ: Պոլսահայերն այսօր  ցանկանում են  ակտիվորեն մասնակցել  Թուրքիայի քաղաքական  կյանքին»:

Արիսը տեղեկացրեց, թե այսօր ներկայիս  Թուրքիայի տարածքում ապրող հայերը ցանկանում են վերադարձնել արևմտահայության  սեփականությունը համարվող այն դպրոցների կալվածքները, որոնք 1936-ից հետո Թուրքիայի կառավարությունը պարտադրանքով վերցրել էր հայերի ձեռքից: Արիս Նալջիի կարծիքով, դա այսօր հնարավոր է դառնում օրենքում կատարված փոփոխությունների շնորհիվ: «Հիմա`   հայերը պետք է մոտ 392 կալվածքի համար փաստաթղթեր ուղարկեն Թուրքիայի կառվարությանը: Չգիտենք, թե` ի վերջո, ի՞նչ է լինելու. կառավարությունը ի՞նչ որոշում կկայացնի: Բայց եթե մերժի հայերի արդար պահանջը` այդ փաստաթղթերի հիման վրա դիմելու ենք Եվրադատարան: Վերջին երեք տարիների ընթացքում միջազգային դատարանը ազգային փոքրամասնությունների օգտին բազմաթիվ վճիռներ է կայացրել»:

«Ակոսի» խմբագիրը նկատում է, որ  Արևմտյան Հայաստանում` ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող հայերը սկսեցին ակտիվանալ հիմնականում 12-13 տարի առաջ: Նա այդ հարցում կարևոր դեր է վերապահում  «Ակոս»-ին, որ առաջին անգամ Թուրքիայում  բարձրաձայնեց հայերի խնդիրների մասին:

Սակայն  որքան էլ Թուրքիայի կառավարությունը փորձի բարեփոխումներ իրականացնել, «բարելավի» այնտեղ ապրող հայերի վիճակը, «տա իրավունքներ», միևնույն է, Արիսը խոստովանում է. «Ես Թուրքիայում ինձ ապահով չեմ զգում»:

Իսկ պատճառն այն է, որ Թուրքիան իրականում բարեփոխվել չի ցանկանում,   այլ ընդամենը շարունակում է Արևմուտքի աչքին   ժողովրդավար երևալու իր հայտնի խաղը…

Իսկ նման երկրում բնականաբար, ոչ ոք իրեն չի կարող ապահով զգալ:

ArmAr.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն