Էրդողանն անհարմար դրության մեջ է ընկել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին մեկնել էր Տրապիզոն: «Արսինի» կենտրոնական մզկիթում ուրբաթօրյա նամազից հետո` մզկիթից դուրս գալու պահին, Էրդողանը զրուցել է իրեն շրջապատած հայրենակիցների հետ: Այդ պահին քաղաքացիներից մեկը բղավելով` կշտամբել է Թուրքիայի կառավարության ղեկավարին: Ինչպես հաղորդում է «Ihlas» լրատվական գործակալությունը, նա մոտենալով Էրդողանին ասել է. «Քաղցած ենք: Երկու տարի է քաղցած ենք: Ի°նչ է, ահաբեկիչ դառնանք: Գործ չունենք, գործազուրկ ենք»: Էրդողանի թիկնազորի անդամներն ուժ գործադրելով իսկույն հեռացրել են հանդուգն քաղաքացուն: Թուրքիայի վարչապետի կողմից ոչ մի արձագանք չի եղել:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Թուրքիայի առևտրական պալատների ու բորսաների միության նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի առջև ծառացած թիվ 1 խնդիրը գործազրկությունն է: Նրա տեղեկացմամբ` Թուրքիայում 6 մլն 300 հազար մարդ գործազուրկ է: Այլ կերպ ասած` ամեն տանը գոնե մեկ գործազուրկ կա: Իսկ ահա Թուրքիայի վիճակագրական ծառայության (TUIK) տվյալներով` անցած տարի Թուրքիայում բնակվողների գրեթե 0.54 տոկոսը, նույնն է թե` 374.000 մարդ, սննդի սպառման իրենց ծախսերով մոտեցել են այսպես ասած քաղցածության շեմին: Իսկ 17.11 տոկոսը` 11 մլն 933.000 մարդ, իրենց սպառողական ծախսերով համապատասխանել են աղքատության կատեգորիային:
«Աշխատանքի միջազգային կազմակերպության» (ԱՄԿ)` օրերս հրապարակած զեկույցում նշված է, որ Թուրքիան գործազրկության չափազանց լուրջ խնդիր ունեցող երկրներից մեկն է:
ArmAr.am












